Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն. Փաշինյան |armenpress.am|
21:17 - 12 փետրվարի, 2025

Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունն ինչ փուլերով պետք է անցնի: 

Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին:

«Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն»,–ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդ գաղափարախոսությունը նախ պետք է գրավոր կերպով ձևակերպվի որպես փաստաթուղթ: Այդ փաստաթղթի  ձևակերպման աշխատանքները, ըստ Փաշինյանի, մտել են եզրափակիչ փուլ: Սակայն վարչապետը դա համարում է զրոյական կետ: 

«Պետք է արձանագրենք, որ այդ զրոյական կետում ՀՀ–ում այդ գրավոր ձևակերպված գաղափարախոսությունն ունի 0 համախոհ: Եվ մենք այդ 0 համախոհի կետից պետք է սկսենք համախոհության ձևավորումն ու ձևակերպումն «Իրական Հայաստանի» հայեցակարգի շուրջ: Պարզ է, որ այդ համախոհների թիվը 0 չէ, բայց քաղաքական մոտեցման ու մեթոդաբանության առումով ես ճիշտ եմ համարում, որ հենց այսպես մենք առաջ շարժվենք: Ինքս ինձ էլ դե յուրե դեռ չեմ արձանագրում որպես «Իրական Հայաստանի» գաղափարախոսության կրող և համախոհ: Երբ այդ գաղափարախոսությունը գրավոր տեսք ստանա, օրինակ՝ ես ինքս ինձ պետք է արձանագրեմ որպես այդ գաղափարախոսության համախոհ, և այդ գաղափարախոսությամբ և մյուսներով պետք է գնանք ժողովրդի մոտ և համախոհություն ձևակերպենք ու ձևավորենք այդ գաղափարախոսության նկատմամբ»,–ասաց Փաշինյանը: 

Թե դա ինչ փուլերով պետք է անցնի՝ վարչապետն ասաց՝ նախ պետք է անցնի հանրային քննարկման փուլով, պետք է գրավոր ձևակերպված տեսքով խոսել քաղաքացիների հետ: Երկրորդ փուլում պետք է այդ գաղափարախոսության նկատմամբ հանրային համախոհության ձևավորման փուլը տեղի ունենա: 

«Եվ երրորդ փուլը՝ այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի 2026թ հերթական խորհրդարանական ընտրություններում: Առաջիկա քաղաքական շրջափուլը՝ հենց ընտրություն է լինելու այս տրամաբանության մեջ: «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ–ում ժողովրդի և Հայաստանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսություն»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ վերջնական որոշում կկայացնի Հայաստանի ժողովուրդը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել