44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ 1 ամիս 15 օր ժամկետով երկարաձգելով տնային կալանքի ժամկետը՝ պահպանելով այլ խափանման միջոցների՝ երկրից բացակայելու արգելքի եւ գրավի համակցված կիրառումը։
Դատարանում, հիշեցնենք, քննության առարկա են 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 3-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի նահանջի դեպքերը։
Մեղադրյալ սպան կալանավորվել էր անցած տարվա հունիսին, նրա խափանման միջոցը դատարանը փոխել էր երեք ամիս առաջ։ Այսօր Գրիգորյանի պաշտպան Նորայր Նորիկյանը միջնորդեց տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ, սակայն դատախազն առարկեց՝ նշելով, որ կալանքը տնային կալանքով փոխարինելու դատարանի նախորդ որոշումը համարել է իրավաչափ եւ չի բողոքարկել, եւ կարծում է, որ այժմ այլ խափանման միջոց կիրառելը չի ապահովելու Հայկազ Գրիգորյանի պատշաճ վարքագիծը, ուստի նա պետք է շարունակի մնալ տնային կալանքի տակ։
Պաշտպանը միջնորդում է ռազմագիտական փորձաքննություն նշանակել
Այս դատաքննությունը մոտենում է ավարտին․ նախորդ նիստում ցուցմունք է տվել մեղադրայլը, եւ դատարանն անցել է քննության հաջորդ փուլին։ Նախագահող դատավոր Վարդգես Ստեփանյանն այսօր կողմերից հետաքրքրվեց՝ արդյոք նրանք միջնորդո՞ւմ են լրացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդություն չուներ, իսկ ահա պաշտպան Նորիկյանը միջնորդեց ռազմագիտական փորձաքննություն նշակակել՝ պարզելու մի շարք հարցեր, որոնք առաջ են եկել դատաքննության ընթացքում։
Մասնավորապես, ներկայացնելով գործի նախապատմությունը, այդ թվում ընթերցելով Հայկազ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, (Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 549-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում), Նորայր Նորիկյանը նշեց, որ մեղադրանքի հիմքում քրեական հետապնդում հարուցող սուբյեկտի անձնական ընկալումն է, քանի որ մեղադրանքում առկա մի շարք պնդումների հիմքում չկա մասնագիտական կարծիք։
Մեղադրական եզրակացության մի շարք պնդումների իսկություն, ըստ պաշտպանի, պետք է փորձագետները հաստատեն
Հայկազ Գրիգորյանի գործով մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Գրիգորյանը, զբաղեցնելով 13-րդ վաշտի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով վաշտի բոլոր զինծառայողների ուղղակի պետը, ինչպես նաև պաշտոնատար անձ, պարտավոր լինելով խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները, հավատարիմ մնալ զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար պաշտպանել հայրենիքը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, խիզախ լինել զինվորական պարտքի կատարման ժամանակ, հանկարծակի ծագած իրավիճակում անհրաժեշտ որոշումներ ընդունել և մարտական առաջադրանքների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել վաշտը, պատերազմական ժամանակ պատասխանատու լինելով վաշտի մարտական պատրաստականության և մարտական առաջադրանքների հաջող կատարման, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, պարտավոր լինելով իրեն վստահված պահպանության տեղամասում կազմակերպել կայուն, ակտիվ, հակառակորդի բոլոր զինատեսակների հարվածներին դիմակայելու ընդունակ պաշտպանություն, իր ստորաբաժանման հետ համառորեն պաշտպանել զբաղեցրած շրջանը, նույնիսկ շրջապատման և հարևանների հետ մարտավարական կապի բացակայության պայմաններում չթողնել դրանք առանց ավագ պետի հրամանի, 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաև ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, հակառակորդի հետ անմիջական մարտով պայմանավորված հարկադրական զորաշարժ (նահանջ) կատարելու անհրաժեշտության բացակայության պարագայում, իր պահպանության տեղամասի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից հնարավոր հարձակմանը չդիմակայելու, մարտական գործողությունների ժամանակ վերջինների հետ անմիջական մարտի չբռնվելու՝ այդպիսով իր, ինչպես նաև ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որևէ միջոց չի ձեռնարկել վերը նշված խնդրի կատարումը շարունակելու ուղղությամբ, այլ իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերին, չարաշահելով իշխանությունը, խախտել է վաշտին նահանջի հրաման տալու իրավասության, նահանջի կազմակերպման և կատարման կարգի վերաբերյալ Կանոնադրության մի շարք կետերի պահանջները և ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում 13-րդ վաշտի անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաև նահանջի ուղղություն և նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք և անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում և այլ ծանր հետևանքներ, այն է՝ կազմաքանդվել են ՊԲ N զորամասի և 5-րդ ուսումնական գումարտակի մարտակարգերը և զորաշարվածքը, դրանով պայմանավորված հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել են պաշտպանության խորքը, թևանցման վտանգ ստեղծել նույն գումարտակի մյուս ստորաբաժանումների համար, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին մխրճված հատվածով հակառակորդին հաջողվել է գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած ՊԲ նույն զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը և հարակից մարտական դիրքերը [...]»։
Խոսելով Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ պաշտպան Նորիկյանն ասաց, որ համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործությունն օբյեկտիվ կողմից դրսեւորվում է հետեւյալ արարքների կատարման մեջ․ առաջին՝ իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, երկրորդ՝ իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանը անցնելը երրորդ՝ իշխանության անգործությունը։
Ըստ Նորիկյանի՝ նկարագրված են երեք ինքնուրույն հանցակազմեր, որոնցից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը արտահայտվում է պետի կամ պաշտոնատար անձի այնպիսի վարքագծում, որը թեեւ դուրս չի գալիս նրա լիազորությունների շրջանակից, սակայն իրականացվում է հակառակ ծառայության շահերի։ Իսկ եթե պետը կամ պաշտոնատար անձը կատարում են այնպիսի գործողություններ, որոնք դուրս են նրանց լիազորությունների շրջանակից, ապա այստեղ առկա է իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորություններն անցնելը․ «Ծառայության շահերին հակառակ վարքագիծը խոչընդոտում է զորամասում իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքը եւ խանգարում է զինված ուժերի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծումը։ Իշխանության անգործությունը դրսեւորվում է նրանում, որ պետը կամ պաշտոնատար անձը չեն կատարում իրենց վրա օրենքով կամ այլ իրավական ակտերով դրված պարտականությունները, չեն խոչընդոտում զորամասում զանազան խախտումներ կատարող անձանց, չեն ձեռնարկում ծառայության բնականոն ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ միջոցներ։ Տվյալ հանցագործության սուբյեկտիվ կողմ է անձնական կամ այլ շահագրգռվածությունը կամ խմբային շահերի առկայությունը՝ շահադիտական նպատակով»,- մանրամասնեց պաշտպանը՝ նշելով, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ սոսկ արձանագրվել է այն, որ Հայկազ Գրիգորյանը իր, ինչպես նաեւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահգրգռվածությունից ու խմբային շահից երելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները։
Նորիկյանի պնդմամբ՝ վերոգրյալը չունի որեւէ հիմնավորում, չի պատճառաբանվում, թե Հայկազ Գրիգորյանը, որպես պաշտոնատար անձ, ինչ անձնական շահագրգռվածությունից ելնելով է կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Պաշտպանն առաջարկեց փորձագետներին առաջադրել 9 հարց․
1․ տվյալ իրադրության պայմաններում արդյո՞ք իրավաչափ են եղել Հայկազ Գրիգորյանի ձեռնարկած քայլերը եւ տրված հրամանները նահանջի մասին,
2․ կոնկրետ ո՞ր հանգամանքներն են հանդիսացել Հայկազ Գրիգորյանի կողմից նշված հրամանի իրական նպատակներն ու պատճառները,
3․ արդյո՞ք Գրիգորյանը իր ենթակա անձնակազմով իր զորու էր կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը կամ դիմագրավել հակառակորդին։
4․ արդյո՞ք տվյալ տարածքում գտնված ժամանակահատվածում զինծառայողները չեն եղել առավել վտանգավոր տեղանքում, եւ արդյո՞ք Գրիգորյանի գործողությունները միտված չեն եղել անձնակազմի անվտանգությունն ապահովելուն,
5․ Հայկազ Գրիգորյանի կողմից ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի անձնակազմին տրված նահանջ հրամանի արդյունքում արդյո՞ք խափանվել է որեւէ մարտական առաջադրանքի կատարում, եթե այո, ապա ի՞նչ մարտական առաջադրանք է խափանվել հատկապես այդ հրամանի հետեւանքով,
6․ եթե չլիներ այդպիսի հրաման, արդյո՞ք կկատարվեր վերը նշված մարտական առաջադրանքը, թե ոչ,
7․ արդյո՞ք Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանով կազմաքանդվել են նշյալ զորամասի եւ 5-րդ ուսումնական գումարտակի մարտակարգերը եւ զորաշարվածքը, արդյո՞ք բացառապես դրանով պայմանավորված են հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել պաշտպանության խորքը,
8․ արդյո՞ք բացառապես Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանի պատճառով է հակառակորդին հաջողվել գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած առաջին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը եւ հարակից մարտական դիրքերը,
9․ Հայկազ Գրիգորյանի գործողությունների արդյունքում ի՞նչ վնաս է հասցվել կամ առհասարակ դրանք ի՞նչ հետեւանք են թողել մարտական գործողությունների հետագա ընթացքի վրա։
Հանրային մեղադրողը փորձաքննության անհրաժեշտություն չի տեսնում
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, սակայն, ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն չի տեսնում։ Այսօրվա դատական նիստում նա նշեց, որ դատարանը, որպես այդպիսին, փորձաքննություն նշանակում է քրեական վարույթի ընթացքում այն դեպքերում, երբ անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառում, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ: Մեղադրողի խոսքով՝ հատուկ գիտելիքներ են համարվում այն գիտելիքները, որոնք հանրամատչելի չեն։ Ավետիսյանի խոսքով, սակայն, այն մեղադրանքը, որի շուրջ ընթանում է դատավարությունը, բավականին հանրամատչելի է․ «Շատ պարզ ձևով ներկայացված են այն իրավական ակտերը, որոնք խախտվել են Հայկազ Գրիգորյանի կողմից։ Պարզ է՝ ինչ պարտականություններ ունի Գրիգորյանը՝ որպես պաշտոնատար անձ, արդյոք անցե՞լ է կամ չարաշահե՞լ է իր պարտականությունները կամ որոշակի դեպքերում չի կատարել իր վրա դրված պարտականությունները»,- ասաց մեղադրողը՝ վկայակոչելով Ներքին ծառայության կանոնագրքի այն հոդվածները, որոնք ներկայացված են մեղադրական եզրակացության մեջ․ «Չեմ կարծում, թե մեզ անհրաժեշտ է հատուկ գիտելիքներ ունեցող անձի կարծիք, որպեսզի քրեական գործով առկա փաստական տվյալները գնահատելով հասկանանք՝ արդյո՞ք Հայկազ Գրիգորյան անձնուրաց կերպով ծառայել է իր ժողովրդին կամ արիաբար պաշտպանել է իր հայրենիքը, թե ոչ»։
Հանրային մեղադրողը նաեւ հիշատակեց մարտական կանոնադրության այն դրույթը, ըստ որի նույնիսկ շրջապատման, հարեւանների հետ մարտավարական կապի բացակայության պայմաններում վաշտի հրամանատարը չի կարող թողնել իր զբաղեցրած մարտական դիրքը առանց ավագ պետի հրամանի։
Դատախազն այս համատեքստում հիշեցրեց Ջրականի զորամասի 1-ին գումարտակի հրամանատարի եւ զորամասի հրամանատարի ցուցմունքները։ Վերջինս դատարանում հարցաքննվելիս ասել էր, որ նահանջի հրաման չի տվել Գրիգորյանին․ «Զորամասի հրամանատարը տեղում է եղել եւ այդ մարտական գործողություններին մասնակցել է, նրանից ավելի լավ որեւէ փորձագետ [կարո՞ղ է լինել], որը հատուկ գիտելիքների տիրապետի ու այդ իրավիճակներին գնահատական տա»։
Ավետիսյանը նաեւ պնդեց, որ գործի փաստական հանգամանքներից բխում է, որ Հայկազ Գրիգորյանը նաեւ չի գտնվել շրջափակման մեջ․ «Կարծում եմ բոլորիս պարզ եւ հանրամատչելի է՝ եթե շրջափակման մեջ լիներ, ո՞նց էր դուրս գալու այդ հատվածից։ Կամ արդյո՞ք կտրված է եղել մարտավարական կապը։ Այս դեպքում եւս կարծում եմ, որ ցուցմունքներով շատ հստակ փաստական հանգամանքներով պարզվեց, որ նման խնդիր չի եղել։ Բայց մարտական կանոնադրությունը ասում է՝ անգամ ա՛յդ պայմաններում դու մի թող քո մարտական դիրքը առանց ավագ պետի թույլտվության»։
Այդպիսով հանրային մեղադրողը հայտարարեց, որ պաշտպանի միջնորդությունն անհիմն է։
Պաշտպան Նորիկյանն էլ արձագանքեց, որ, փաստորեն, հանրային մեղադրողը խոստովանում է, որ Գրիգորյանի մեղադրանքը կառուցված է բացառապես գումարտակի հրամանատարի ցուցմունքի վրա։ «Նույնիսկ հանրային մեղադրողի կողմից վկայակոչված հանգամանքները հիմնավորելու համար այս քրեական մենք պետք է հասկանանք հետեւյալը․ նահանջի արդյունքում ի՞նչ մարտական խնդիր է խափանվել»։
Լսելով կողմերին՝ դատարանը նշեց, որ փորձաքննության նշանակում միջնորդող կողմը պարտավոր է դատարանին գրավոր ներկայացնել փորձագետին առաջադրվելիք հարցերը, փորձագիտական կազմակերպության կամ որպես փորձագետ ներգրավման ենթակա անձի տվյալները, ինչպես նաև փորձագիտական հետազոտության համար անհրաժեշտ առարկաները կամ փաստաթղթերը: Պաշտպանն ասաց, որ փորձաքննությունը կարելի է հանձնարարել ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյին եւ այլ փորձագիտական մարմինների, որոնք կարող են իրականացնել նման փորձաքննություն։ Դատարանը հարցրեց՝ է՞լ ինչ նման մարմիններ կան, ինչին ի պատասխան պաշտպանն ասաց, որ միայն իր նշած բյուրոյի մասին է տեղյակ։ Հանրային մեղադրողը հայտարարեց, որ այդ հիմնարկը նման փորձաքննություններ չի իրականացնում, իսկ պաշտպանը խնդրեց իրենց տրամադրել կամ հրապարակել այն կազմակերպությունների ցանկը, որոնք կատարում են ռազմագիտական փորձաքննություններ։
Իսկ փորձագետներին տրամադրվելիք նյութերի մասով պաշտպանն ասաց, որ կարծում է՝ փորձաքննության պետք է ենթարկվեն գործում առկա բոլոր նյութերը, այդ թվում ցուցմունքները։
Դատարանը պաշտպանական կողմին առաջարկեց լրացնել միջնորդության բացերը, որից հետո այն կքննարկվի։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 3-ին։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)