Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի անձնակազմի զոհվելու գործով դատաքննությունը։ Գործով մեղադրվում են պատերազմի ժամանակ ՊԲ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Մեղադրյալ սպաները դատարանի որոշմամբ չեն մասնակցում նիստերին, նրանց նկատմամբ կիրառված է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը։
Դատարանը չբավարարեց Նվեր Մարտիրոսյանին երկրից դուրս գալ թույլատրելու միջնորդությունը
Այսօրվա նիստում Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը միջնորդեց ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետից դատարանին ուղղված դիմումը։ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, մասնավորապես, գրություն է ուղարկել դատավոր Գաբրիելյանին՝ նշելով, որ անհրաժեշտություն կա փետրվարի 24-28-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին ՀՀ ՊՆ հանձնախմբի կազմում գործուղել Հունաստանի Հանրապետություն։ ԳՇ պետը նշել է, որ գործուղումը ՀՀ ԶՈՒ կերպափոխման ծրագրերի իրագործման շրջանակում է, եւ այդ համատեքստում կարեւորել է Նվեր Մարտիրոսյանի հմտություններն ու գիտելիքները։
Մարտիրոսյանի պաշտպանն էլ իր միջնորդության մեջ նշեց, որ գնդապետը եզակի մասնագետ է, եւ նրա գործուղումը շատ կարեւոր է։
Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը՝ ձախից, Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ աջից
Այս գործով հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը եւ Վարդան Վարդանյանը, սակայն, միաձայն առարկեցին միջնորդությանը։ Վարդանյանը նշեց, որ եզակի կամ անփոխարինելի մասնագետ, որպես այդպիսին, չկա, ուստի անհրաժեշտության դեպքում այլ մասնագետ կարող է փոխարինել, իսկ Արշակ Մարտիրոսյանը հավելեց, որ իրենց դիրքորոշման հիմքում դրվում է նաեւ այս գործի հասարակական հնչեղությունը, ինչպես նաեւ մեղսագրվող արարքի փաստական եւ իրավական կողմը։
Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը՝ ձախից, Վարդան Վարդանյանը՝ աջից
Թեեւ պաշտպանը պնդեց, որ նախարարությունը քաջատեղյակ է գործից, եւ եթե հնարավորություն լիներ մասնագետին փոխարինել, նման միջնորդության կարիք չէր առաջանա, այդուհանդերձ դատարանը չբավարարեց միջնորդությունը՝ լսելով նաեւ տուժողներին՝ զոհվածների ծնողներին, որոնք միաձայն հայտարարեցին, որ դեմ են խափանման միջոցը դադարեցնելուն։
Դատարանում ցուցմունք տվեցին տուժող ճանաչված 8 ծնողներ
Դատարանն այսօր հարցաքննեց 8 տուժողի, որոնք զոհված զինծառայողների ծնողներն են։
Աննա Գասպարյանը՝ զոհված Արթուր Արմենի Գասպարյանի մայրը, դատարանին հայտնեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսին «Ես եմ» ծրագրով, ծառայության է մեկնել Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 8-րդ վաշտ, հետո տեղափոխվել 7-րդ վաշտ։ Նա որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ին՝ այն օրը, երբ վաշտն ուղարկվել է մարտական խնդիր կատարելու․ «Ասեց՝ մա՛մ, մեզ տեղափոխու են, ասեցի՝ ո՞ւր են տանում, ասեց՝ չգիտեմ։ Հետո արդեն որ շատ ման եկանք, տեղեկացանք, որ տարել են Հադրութ։ Արդեն զոհված են եղել, որ ես իմացել եմ»,- պատմեց զոհվածի մայրը։ Նա շատ մանրամասների չէր տիրապետում, չէր էլ հանդիպել զորամասի հրամանատարության որեւէ ներկայացուցչի հետ, տեղյակ չէր նաեւ մյուս ծնողների հանդիպումներից։ Աննա Գասպարյանը մյուս ծնողներից է որոշ հանգամանքների մասին տեղեկացել, օրինակ այն, որ Գոռ Իշխանյանն է վաշտն ուղարկել Հադրութ, որ զորքին դիմավորող չի եղել եւ որ հրամանատարը Իշխանյանը չէր կարող չիմանալ, որ Հադրութն այդ ժամանակ արդեն հակառակորդի վերահսկողության տակ էր․ «Իմ տղեն ասեց՝ մամ ջան, չգիտեմ ուր են տանում, կհասնեմ տեղ, կզանգեմ։ Ու չզանգեց․․․»։
Աննա Գասպարյանը
Արմինե Ամիրյանի որդին՝ զոհված զինծառայող Նորիկ Վարդանյանը, Մարտունի 3 է զորակոչվել 2020թ․ օգոստոսի 4-ին։ Մայրը որդու հետ վերջին զրույցն ունեցել է հոկտեմբերի 10-ի առավոտյան, ասել է՝ գնում են դիրքեր՝ գործ անելու․ «Ասեց՝ ես կապի դուրս կգամ։ Ձենը դուր[ը]ս չէր գալիս, ինչ-որ բան թաքցնում էր»։
Արմինե Ամիրյանն ասաց, որ որդուն 14-րդ վաշտից մի խումբ այլ զինվորների հետ տեղափոխել են 7-րդ վաշտ, որի անձնակազմի հետ էլ նա զոհվել է Հադրութում։ Ամիրյանը եւս շատ մանրամասների չէր տիրապետում։ Պատասխանելով դատավարության կողմերի հարցերին՝ նա միայն այն ասաց, որ տղաներին տարել են հանձնված հող։ Հարցին՝ որտեղի՞ց գիտի, ասաց, որ բոլորն են խոսում, որ հոկտեմբերի 11-ին Հադրութն ընկած էր։ Որդու զոհվելու հանգամանքների մասին մայրը միայն այն գիտեր, որ դիվերսիոն խմբերի կողմից շրջափակման մեջ է ընկել վաշտի անձնակազմը։
Արմինե Ամիրյանը
Սվետլանա Մարգարյանի որդին՝ Սարգիս Ասատուրի Հակոբյանը, հոկտեմբերի 9-ին՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ, մորն ասել է՝ չզանգես, ինքս 3 օրից կզանգեմ։ Բայց այդ զանգն այդպես էլ չի հնչել։ Ծնողներն անհանգստացել են, գնացել են Գլխավոր շտաբ եւ ուր հնարավոր էր, բայց որեւէ լուր չեն իմացել։ Սվետլանան մյուս ծնողներից է իմացել, որ անձնակազմը կորած է, գուցե զինվորները գերի են կամ թաքնված։ Պատերազմի ավարտից հետո է նա իմացել, որ որդին զոհվել է։
Սվետլանա Մարգարյանը
Սեյրան Խաչատրյանը՝ զոհված Խաչատրյանի հայրը, որը որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին, պատասխանելով հանրային մեղադրողների հարցին՝ ինչ միջոցներ է ձեռնարկել, երբ իմացել է, որ կորած են, արձագանքեց․ « Պատերազմական իրավիճակում ի՞նչ միջոցներ ձեռնարկեինք, երբ տվյալ պահին իրա կամանդիր պալկան բունկերում պախկված էր»,- ասաց տուժողը՝ նկատի ունենալով զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին։ Խաչատրյանը, որդուց լուր չունենալով, հոկտեմբերի 17-ին գնացել է Արցախ, այնտեղ հոկտեմբերի 23-ին հանդիպել Գոռ Իշխանյանին։ Վերջինս, ըստ ծնողի, ասել է, թե զորքը շրջափակման մեջ է, այլ տեղեկություն չի հայտնել։ Խաչատրյանը տպավորություն է ստացել, որ հրամանատարը ինչ-որ բան գիտի, բայց չի ասում։ Իշխանյանն ասել է, որ միջոցներ են ձեռնարկում, որոնց մասին չի կարող հայտնել․ «Սպասեցինք, բերեցին երեխեքի դիակները տվեցին, նման լրբի թուլեքը»,- ասաց ծնողը՝ նշելով, որ մինչեւ հիմա չգիտի՝ ինչ է կատարվել, դառնությամբ լցված՝ ոչ էլ հետաքրքրվել է։
Սեյրան Խաչատրյանը
Շահեն Ավետումյանի որդին՝ Մայիս Ավետումյանը, բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսի 16-ին, ծառայել է 3-րդ վաշտում, հետո տեղափոխվել 7-րդ վաշտ։ Շահեն Ավետումյանը որդու հետ խոսել է հոկտեմբերի 11-ի առավոտյան, Մայիսը զանգել է ուրիշի հեռախոսով, ասել, որ դիրքեր են բարձրանում․ «Ասեց՝ զանգել եմ՝ ձենդ լսեմ, ու վերջ»։
Շահեն Ավետումյանը Արցախ չի գնացել, որոշ բաներ տեղեկացել է մյուս ծնողներից։ Իմացել է, որ տղաներն ընկել են շրջափակման մեջ, եւ որ նրանց դիմավորող չի եղել։
Շահեն Ավետումյանը
Զոհված Յուրի Չիլինգարյանը հորը՝ Էդուարդ Չիլինգարյանին զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել՝ պոստի եմ, կիջնեմ, կզանգեմ, բայց այդպես էլ չի զանգել։ Հայրն անհանգստացել, մեկնել է Արցախ, այնտեղ ծանոթացել վաշտի զինվորների ծնողների հետ, միասին գնացել են զորամաս՝ Գոռ Իշխանյանի մոտ․ «Ասեց՝ երեխաները ոնց որ կան, պետք ա գտնենք, շրջափակման մեջ են։ Կոնկրետ տեղ չասեց, բայց մեր իմանալով՝ «9 կմ-ի» կողմ»։ Իշխանյանը ծնողներին ասել է, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով է զորքն ուղարկել Հադրութի կողմ։
Էդուարդ Չիլինգարյանը
Անդրանիկ Մարտիրոսյանի որդին՝ զոհված Գեւորգ Մարտիրոսյանը, որ բանակ է զորակոչվել 2019-ի հուլիսին, Մարտունի 3-ի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտից է տեղափոխվել 7-րդ վաշտ։ Նա հորը զանգել է հոկտեմբերի 7-ի երեկոյան, նրանց զրույցը տեւել է մոտ մեկ րոպե․ «Յուրաքանչյուր անգամ, երբ զանգում էր, չէր ներկայացնում իրավիճակը, ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ լավ է, դուք ձեզ լավ նայեք, էդ օրն էլ ասեց ապահով տեղում ենք։ Էլ դրանից հետո չէր պատասխանում զանգերին»։ Նոյեմբերի սկզբին Անդրանիկը տարբեր աղբյուրներից իմացել է, որ վաշտը կորել է, անտառներում շրջափակման մեջ է ընկել։ Նոյեմբերի վերջին տեղեկացել է, որ ողջ անձնակազմը չկա։
Անդրանիկ Մարտիրոսյանը
Սուսաննա Դավթյանի որդին՝ Ավետիք Հրաչյայի Դավթյանը, բանակ է զորակոչվել 2019թ․ հունվարի 29-ին։ Վերջին անգամ մորը զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել, որ թեժ պատերազմ է ընթանում․ «Ասեց՝ որոշել են մեզ տեղափոխեն Հադրութ, կարող ա էլ չկարանամ կապվեմ քո հետ»։ Երկար ժամանակ այլ ծնողների հետ միասին Դավթյանները փորձել են լուր իմանալ իրենց որդիներից, պատերազմի ավարտին իմացել են, որ տղաները ոչ թաքնված են, ոչ գերի, ոչ շրջափակման մեջ․ նրանք զոհվել են, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները դուրս բերել։
Սուսաննա Դավթյանը
Ըստ էության, այսօր հարցաքննված բոլոր ծնողները միակարծիք են այն հարցում, որ իրենց որդիների զոհվելու մեջ մեղավոր է Գոռ Իշխանյանը։ Թեեւ նրանք հանգամանորեն չեն տիրապետում դեպքերի մանրամասներին, սակայն ընդհանուր տեղեկություններ ունեն այն մասին, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանից է ստացել վաշտը «9 կմ» ուղարկելու հրամանը, որ նրանց պետք է դիմավորեր 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը, բայց չի դիմավորել, որ վաշտի անձնակազմն ուղարկվել է գրավված Հադրութ եւ այլն։ Այսօր ցուցմունք տված տուժողները Արցախի տարածքին ծանոթ չէին, ուստի պնդումներ չարեցին այն տեղանքի մասին, ուր, ըստ հրամանի․ պետք է գնար վաշտը եւ ուր իրականում հասել էր։ Նրանց հուզում էր միայն մի հարց՝ մեղավորը պետք է պատժվի, եւ լավ կլինի՝ ամենախիստ ձեւով։
Մեղադրող կողմն իր հարցադրումները կառուցում էր այնպես, որ տուժողներն ամենայն մանրամասնությամբ պատմեն այն, ինչ իրենց հայտնի է, այդ թվում՝ կոնկրետ անձնանց անուններ, որոնցից իրենք պատերազմի ընթացքում իրենց որդիների մասին տեղեկություններ են ստացել։ Պաշտպանական կողմը փորձում էր հասկանալ, թե ինչի հիման վրա է այն համոզմունքը, որ Գոռ Իշխանյանն իմացել է, որ Հադրութը գրավված է, ու անձամբ զորքն ուղարկել այնտեղ այն պարագայում, երբ հրամանն իջեցվել է ՊԲ հրամանատարից եւ Իշխանյանի միջոցով փոխանցվել վաշտին։ Պաշտպանական եւ մեղադրող կողմերը դատարանում հիշատակում են, որ գրավոր փաստաթղթերում առկա է նշում, որ զորքի շարժի վերջնակետ նշված է հենց «9կմ» հատվածը։ Իսկ թե ինչու եւ ինչպես է զորքն անցել այդ խաչմերուկը, ինչու է հայտնվել Հադրութի Այգեստան գյուղում, ինչ հանգամանքներում է ընկել շրջափակման մեջ, ինչից են զոհվել վաշտի տղաները, ինչ պետք է անեին մեղադրյալներ Գոռ Իշխանյանն ու Նվեր Մնացականյանը, որ չեն արել, այս դատական քննության առարկան են։
Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 4-ին։
Ինչում են մեղադրվում սպաները
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարտունի 3 զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։
Գլխավոր լուսանկարում՝ հանրային մեղադրող Վարդան Վարդանյանը եւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)