factor.am: Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շուրջ 15 անձի գործի քննության շրջանակում նրանց տրամադրվել են թարգմանիչներ և պաշտպաններ:
Պետական մեղադրողներ Ֆուադ Մուսաևը և Վուսալ Աբդուլլաևն ընթերցել են մեղադրական եզրակացության այն մասը, որը վերաբերում է, իբր, «պատերազմի ընթացքում կատարված առանձին հանցավոր արարքներին և այդ հանցագործություններին մեղադրյալների մասնակցությանը»:
Նշվել է, թե «պատերազմի արդյունքում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված նյութական վնասն առաջին Ղարաբաղյան պատերազմի և դրան հաջորդած ժամանակաշրջաններում, ինչպես նաև Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ կազմել է ավելի քան 5,2 միլիարդ մանաթ»։
Ասվել նաև, թե, իբր, «պատերազմի արդյունքում Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, տնտեսությանը, բնապահպանությանը, պաշտպանական զինանոցին և այլ ոլորտներին հասցվել է ավելի քան 100 միլիարդ մանաթի նյութական վնաս»:
Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Տուգայ Ռահիմլին հրապարակել է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնցով մեղադրվում են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լևոն Բալայանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը,Դավիթ Ալլահվերդյանը։
Սրանով ավարտվել է գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը։ Նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը բացատրել է Արայիկ Հարությունյանին և Արկադի Ղուկասյանին առաջադրված յուրաքանչյուր մեղադրանքի էությունը, նրանց վերագրվող արարքների իրավական որակումը, այդ արարքների համար քրեական օրենքով նախատեսված պատիժը, իրավունքները, ինչպես նաև հարցեր ուղղել՝ արդյո՞ք նրանք իրենց մեղավոր համարում են։
Արայիկ Հարությունյանը և Արկադի Ղուկասյանը միջնորդություն են ներկայացրել դատարանին իրենց պաշտպանների հետ հանդիպելու վերաբերյալ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 20-ին։
comment.count (0)