Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։
Համաժողովի պանելային քննարկումներից մեկի թեման պետության վարած գիտական քաղաքականությունն էր։ Մասնակիցներն էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ)՝ տվյալների հավաքագրման վերլուծությունների բաժնի պետ Սմբատ Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու (ԵՊՀ) Սոնա Մանուսյանը, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը (ԳԱԱ Հնագիտության ազգագրության ինստիտուտ)։
Պանելը վարում էր «Բուն» TV-ի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը, որը քննարկումը սկսեց հետևյալ հարցից՝ ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»։
Մի քանի պանելիստներ նշեցին՝ տերը մեկը չէ․ և՛ կառավարությունն է, և՛ գիտնականներն իրենք են, և՛ հանրությունն է։
Աղասի Թադևոսյանն, ինչպես նախորդ քննարկման մասնակիցները, կարևորեց ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանելը։ «Կարող է ինչ-որ մի մարդ (կապ չունի՝ այդ մարդը երկրի ղեկավարն է, թե ով) վեր կենա, որոշի, որ ինքը այնքան կոմպետենտություն ունի, որ կարող է ամբողջ ազգին կանգնել ու ասել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ։ Օրինակ՝ ինքնության հարցում իրակա՞ն Հայաստանն է ճիշտ, թե՞ պատմականը այն դեպքում, երբ որ պատմական Հայաստանն էլ է իրական։ Եթե խոսում ես այդպիսի բաներ, գոնե պետք է խոսես միֆական Հայաստանի ու իրական Հայաստանի հակադրության մասին։ ․․․․ Քաղաքական ոլորտների մարդիկ կոմպետենտ չեն գիտական դիսկուրս ու մտավոր դիսկուրսի հարցում, դա գիտությունն է ստեղծում, նրանք սպառողներն են, նրանք պետք է օգտվեն մեր ստեղծածից»։
Աղասի Թադևոսյանը
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանն ասաց՝ գիտության արտադրանքը կիրառության մեջ դնելն իսկապես խոչընդոտների է բախվում․ «Բարի ցանկությամբ շատ դժվար է վեր կենալ և ասել՝ մենք ուզում ենք Հայաստանում այս գիտությունը զարգանա, այս թեմայով զբաղվեն գիտնականները, մենք էլ վերջում ստանանք այս արդյունքը, որը կլինի շատ չափելի։ Կա շատ մեծ ճեղքվածք այն պետական քաղաքականության, որ պիտի վարի, օրինակ, Ֆինանսների նախարարությունը կամ Առողջապահության նախարարությունը, և գիտության միջև։ Այդ կոմունիկացիան բացակայում է»։
ԲԿԳԿ ներկայացուցիչը, սակայն շեշտեց, որ Հայաստանում փոխարենն ակադեմիական ազատությունն է բարձր մակարդաի վրա՝ գիտնականներն ունեն ազատություն որոշում կայացնելու, թե ինչ թեմա հետազոտեն և ինչպես հետազոտեն․ «Ըստ իս, եթե նրանք գիտակցում են խնդիրներ, որոնցով ուզում են զբաղվել, և դա կիրառական նշանակություն ստանա, կա ազատ դաշտը դա անելու։ Այլ հարց է, որ համակարգվածություն չկա դրա մեջ»։
Սմբատ Հակոբյանը
Հարություն Վերմիշյանն արձագանքեց՝ շատ մեծ ռիսկ կա շփոթելու ազատություն և ինքնագլխություն եզրույթները․ «Գայթակղությունը բավական մեծ է լինել ինքնագլուխ թեմայի ընտրության, մեթոդի, տեսության ընտրության գործունեության և արդյունք սահմանելու հարցում, բայց սա ինքնագլխություն կարող է չկոչվել, դառնալ ազատություն այն դեպքում, երբ մենք ունենք գիտական համարժեք հանրույթ։ Գիտնականը զուտ դիպլոմավորված մասնագետը չէ, գիտությամբ զբաղվելը սոցիալականացում է ենթադրում, և եթե մենք ունենք այդ բարեվարքության առումով սոցիալականացված հանրույթ, ազատությունը այն ճոխությունն է, այն արժեքն է, որը որ պետք է շրջանառվի։ Օրինակ, նույն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, համալսարանները և մնացած պատասխանատու կառույցները ինչքանո՞վ են տիրապետում իրավիճակին, ինչքանո՞վ է այդ արժեքային դաշտը ստեղծված»։
Նա որպես օրինակ նշեց հայկական գիտական ամսագրերը, որոնք այսօր գրեթե անկում են ապրում, և որոնք գրախոսության, օբյեկտիվության ու այլ խնդիրներ ունեն։
Հարություն Վերմիշյանը
Աղասի Թադևոսյանը նկատեց՝ պետությունը չպիտի մտնի բովանդակային ոլորտ ու գիտնականներին թելադրի՝ ինչ թեմաներով զբաղվել, փոխարենը՝ կառավարող վերնախավերը, իրենց առաջ դրված խնդիրներից ելնելով, կարող են որոշակի հարցադրումներ ձևակերպել և խրախուսման տարբեր մեխանիզմներ մտածել, օրինակ՝ դրամաշնորհային ծրագրերով խրախուսել գիտնականներին զբաղվել պետության համար կարևոր թեմաներով։
Սոնա Մանուսյանը կարևորեց կիրառական հարցերից առաջ նախևառաջ տեսական հարցերի պատասխաններ տալը՝ հաշվի առնելով իր ոլորտի՝ հոգեբանության առանձնահատկությունները․ «Հոգեբանությունը ներմուծված գիտություն է Հայաստանում, նա չի կայացել որպես գիտակարգ, առաջին հերթին ներմուծվել է որպես պրակտիկա։ Ինձ համար մի քիչ ավելի մեծ խնդիր է, որ մենք դեռ տեսական հարցերին պատասխանենք, նոր խոսենք կիրառականի մասին։ Մենք նույնիսկ չենք հասկացել՝ մեր քաղաքացին ինչպիսին է հոգեբանական մակարդակում և այլ մակարդակներում։ Իսկ դրա համար պետք է մեզ տան ժամանակ, պետք է լինի վստահություն»։
Սոնա Մանուսյանը
Աղասի Թադևոսյանը մտահոգություն հայտնեց գիտնականների ատեստավորման նոր կարգի մասով։ Նա նշեց՝ միջազգային տպագրություններին դեմ չէ, բայց թեմաներ կան, որոնց շուրջ շատ ավելի լավ է, օրինակ, հայերեն մեկ գիրք ունենալը, քան միջազգային ամսագրերում երեք հոդված։
Կառավարությունը, հիշեցնենք, ընդունել է գիտնականների ատեստավորման նոր կարգ, համաձայն որի՝ գիտական պաշտոններին (կրտսեր գիտաշխատողից մինչև պատվավոր գիտաշխատող) համապատասխանելու համար գիտնականները պետք է պարտադիր տպագրություններ ունենան միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։
Հարություն Վերմիշյանը համաձայնեց, որ հայերենով գիտական աշխատանքները կարևոր են, սակայն նաև նշեց, որ մրցակցությունը զարգացման հիմք է։ Նա նշեց՝ արժեքավոր գրքերի կողքին երբեմն հրապարակվում են առանց գրախոսման աշխատանքներ․ «Քննական արժեքներ ունեցող գիտնականը շատ կարևոր հայերեն պրոդուկտ է տալիս, բայց երբ հայերենը դառնում է չափման հիմքը, սկսում են այլ պրակտիկաներ՝ խտրական դիրքում դնելով նույն այդ բարեվարք գիտնականին»։
Սմբատ Հակոբյանը նշեց՝ խնդիր կա հասնելու միջազգային չափանիշներին․ «Եթե դու շարունակում ես անել այն գիտությունը, որը Խորհրդային Միությունից ես ժառանգել և, օրինակ, տպել 600, 700, 1500 էջանոց մենագրություններ՝ ասելով, որ սա արժեք է․․․Գուցե ինչ-որ արժեք ներկայացնում է, բայց դրա չափելիությունը ոչ մի տեղ չկա»։
Աղասի Թադևոսյանն ասաց՝ ինքը կողմ է, որ հայ գիտնականները արտասահմանյան ամսագրերում հոդվածներ տպեն, բայց կողմ չէ այն իմաստին, որ դրվում է այդ նպատակի տակ։ Գիտնականի խոսքով պետք է հաշվի առնել միջազգային ամսագրերում մտքի գաղութացումը․ «Շատ ամսագրեր քեզ ստիպում են գրել և մտածել հենց այն չափանիշների համապատասխան, որոնցով, իրենք գտնում են, որ պետք է մտածել։ Երբ որ դու ինքդ փորձում ես մտածել, կարող են կտրել քո այդ մտքերը, խմբագրել կամ վերջին հաշվով հոդվածը չվերցնել։ Հիմա շատ լուրջ հարց է․ ինչպե՞ս ապահովենք մեր մտքի ինքնուրույնությունը՝ միևնույն ժամանակ նաև մասնակից դառնալով միջազգային գիտական տեսությունների և մտքի ձևավորման գործին։ Սա է, որ քեզ գաղութացումից փրկելու է, այսինքն՝ դու՝ որպես գիտնական, պետք է աճես և կայանաս և ունենաս այնքան ուժեղ ասելիք, որ հետո նաև այդ քո ասելիքը միջազգային լեզվով միջազգային հարթակներում ներկայացնես»։
Սոնա Մանուսյանն էլ որպես օրինակ բերեց հոգեբանությունը։ Նա նշեց՝ Հայաստանը միջազգային հետազոտողների համար հետազոտություններում շատ փոքր դեր ունի․ «Օրինակ, այս ինչ միջմշակութային տեսության շրջանակներում Հայաստանի տվյալները ինչ են ասում։ Արդյունքում ամբողջական տեսական հավակնությունները շատ դժվար է իրացնել տպագրվելու մակարդակում։ Դու կարծես, որոշակիորեն աղճատելով քո հիմնական ասելիքը, տեղավորվում ես կամ հրաժարվում ես տեղավորվել ինչ-որ իմաստով գաղութացնող դիսկուրսների կամ հրապարակումների մեջ»։
Աղասի Թադևոսյանն էլ նշեց՝ կարևոր է միջազգային լեզվի կիրառումը, հոդվածներ կարդալը, տեսությանը ծանոթանալը․ «Գիտությունը համաշխարհային երևույթ է, ազգային երևույթ չի, բայց միևնույն ժամանակ նաև գիտությունը ազգային երևույթ է, և այս հարցը պետք է լուծել այդ միջազգայինի և ազգայինի շատ ներդաշնակ հատման կետերը գտնելով։ ․․․․ Մենք պետք է գտնենք լուծումներ, որոնք որ ապահովում են միջազգային ստանդարտներով գիտություն անելը Հայաստանում, բայց դա չպետք է բացառի նաև հայերենով գիտություն անելու հնարավորությունը»։
Դահլիճում ներկա էր ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, որը նկատեց՝ քննարկումը լսելով հասկացավ, թե որքան մոտ են իրար հումանիտար, հասարակակագիտական և բնագիտամաթեմատիկական ուղղությունների խնդիրները՝ առաջնահերթությունների բացակայություն, անորոշություն, երկխոսության իմիտացիա, գիտնականների անհաղորդություն միջազգային ստանդարտներին, հայաստանյան հետազոտությունների պատվերի ձևակերպման բացակայություն և այլն։
ԲԿԳԿ ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանն իր խոսքում նշել էր մարդկային ռեսուրսի պակասի խնդրի մասին՝ ասելով, որ հաճախ շատ խնդիրներ լուծելու համար թիմեր հավաքելիս մասնագետների պակաս կա, և իրենք, օրինակ, խրախուսում են հետազոտություններում ուսանողների ներգրավումը տարբեր ծրագրերով։
Դահլիճից հարց հնչեց, թե կառավարությունն արդյո՞ք տարբեր ոլորտների համար մարդկային ռեսուրսների հաշվարկ ունի։
Սմբատ Հակոբյանն ասաց՝ տվյալներ, թե քանի գիտնական կա, նրանք ինչ տարիքի են, որքան հոդված են տպագրում, որտեղ են աշխատում, Կոմիտեն ունի, մշակում է, և դրանց հիման վրա որոշումներ կայացվում են։ Որոշումներ էլ կան, որ միջազգային մշակված ստանտարդների հիման վրա են կայացնում։ Սակայն ճշտող հարցին, թե արդյո՞ք կոնկրետ ոլորտներում ռեսուրսները գնահատվում են, երբ այս կամ այն գիտական խնդիրը լուծելու հարցը կա, ԲԿԳԿ ներկայացուցիչը պատասխանեց՝ նման քաղաքականություն չի վարվում։
Կարդացեք նաև համաժողովի պանելային նախորդ քննարկումը՝ պետության խնդիրների լուծման հարցում գիտության դերի մասին։
Լուսնակարները՝ «Գիտուժի»
Աննա Սահակյան
comment.count (0)