Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով
21:23 - 22 փետրվարի, 2025

Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։

Պանելային առաջին քննարկմանն թեման գիտության քաղաքականության մշակումն ու գիտության առջև դրված կիրառական խնդիրներն էին։ Քննարկման մասնակիցներն էին Մյունստերի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Զարեհ Ասատրյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, հայրենագետ Հրաչ Մարտիրոսյանը (Լեյդենի համալսարան), պատմաբան-ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)՝ Հայ մատենագիտութեան թուանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը։ 

Քննարկմանը հրավիրված էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, որը վերջին պահին հայտնել էր, որ տեխնիկական պատճառներով չի կարող ներկա գնտվել։ Ի դեպ, տարբեր պատճառաբանություններով հաջորդ օրը համաժողովին չէին եկել նաև էկոնոմիակայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։Քննարկումը վարում էր «Գիտուժ» նախաձեռնության՝ հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը։

Պանելիստներն ուղղված առաջին հարցը հետևյալն էր․ արդյո՞ք գիտության քաղաքականություն մշակողների համար պարզ է, թե որ թեմաներն են Հայաստանի համար կարևոր, և ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով։ 

Պանելիստների մոտ, կարծես, կոնսենսուս կար այն մասով, որ կառավարության վարած քաղաքականության մեջ դրական փոփոխություններ կան, ինչպիսին է, օրինակ, գիտության ֆինանսավորման աճը։ Գիտնականները, սակայն, բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, օրինակ, նշեց․ «Մենք հստակ ձևակերպում, կարծեք թե, չունենք, թե որոնք են մեր իրական առաջնահերթությունները, հենց թեկուզ հայագիտության մեջ, որն այսօր, հայտարարվում է, որ ռազմավարական է երկրի համար։ ․․․․ Մեր գիտնականները և խմբերն իրենք են որոշում առաջնահերթությունները, իսկ դրանք այսօր հաճախ դառնում են քաղաքական կյանքի թելադրանքով ստեղծված իրավիճակների վերլուծություններ»։


Հրանուշ Խառատյանը

Սուրեն Մանուկյանն էլ հավելեց՝ վերջին չորս-հինգ տարին պարզ էր, թե պետությունն ինչ խնդիր պետք է դներ հասարակագիտության առջև․ «Պատերազմում պարտությունից հետո միգուցե կարելի էր առաջարկել, որ մենք ռեֆլեքսիա անցկացնեինք և հասկանայինք՝ ինչ է մեզ հետ կատարվել։ Բայց չգիտես ինչու հիմա քաղաքական դաշտը մեզ առաջարկում է վերադառնալ 100 տարի առաջ, ռեֆլեքսիայի ենթարկել թեմաներ, որոնց շուրջ, թվում է, թե մենք ունենք արդեն կոնսենսուս, բայց երբևիցե չի ընդգծում այսօրվա գոյություն ունեցող խնդիրը։ Մենք բոլորս ապրում ենք տրավմայի պայմաններում, և մինչև այս տրավման չարժևորենք, չհասկանանք՝ ինչ է մեզ հետ կատարվել նաև հասարակական մակարդակով, մեր պետության զարգացումը շատ կդանդաղի և խոչընդոտներ կունենա»։ 

Պատմագետ-ցեղասպանագետի դիտարկմամբ իշխանությունը հասարակագիտական համայնքին դիտարկում է ավելի շատ որպես ընդդիմախոս և չի գնում նրա հետ համագործակցության․ «Երբ մի օրում մի մարդու ցանկությամբ (կապ չունի՝ ինչ պաշտոն է զբաղեցնում) գիտակարգի, որով դու զբաղվում ես՝ հայոց պատմության անվանումը փոխվում է և դառնում է այլ անվանում, դու զարմանում ես՝ մեկ, երկրորդը՝ վիրավորվում ես, որ քեզ չեն հարցրել, թեև դու այդ ոլորտով ես զբաղվում։ Սա այն պարզ օրինակն է, որ մեզ հետ պետությունը ուղղակիորեն չի ուզում խոսել, չի ուզում մեր փորձառությունը, մեր գիտելիքը օգտագործել այդ դաշտը զարգացնելու համար»։


Սուրեն Մանուկյանը

Նշենք, որ գիտնականը նկատի ունի կառավարության՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» դարձնելու մասին որոշումը։

Հայրենագետ Հրաչ Մարտիրոսյանն էլ նշեց՝ կարևոր է, որ հայրենագիտության՝ հայոց լեզվի ու մշակույթի նվաճումները տեսանելի լինեն միջազգային գիտական շրջանակներում, քանի որ թշնամի երկրներն օգտագործում են միջազգային հարթակները կեղծիքներ տարածելու համար։

«Բազում միջազգային քննարկումներ են եղել, օրինակ, «Ղափան» կամ «Զանգեզուր» և այլ տեղանունների վերաբերյալ, ու մեր գիտնականները մնացել են իներտ․ «Բա մեզ սազո՞ւմ է, որ մենք այդ ցածրամակարդակ քննարկումներին մասնակցենք կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի մեջբերած դիսկուրսներին մասնակցենք»։ ․․․․ Հայրենագիտության կարևորագույն խնդիրներից մեկը այս պատմական ամբողջ դիսկուրսները, այս ամբողջ համատեքստում հայոց լեզվի և մշակույթի ակադեմիական ուսումնասիրության արտադրանքները արտահանելն է միջազգային ասպարեզ»,- ասաց նա։

Այդ համատեքստում գիտնականը ողջունելի համարեց ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը, սակայն նաև շեշտեց՝ հավասարակշռություն պիտի լինի, և հայերենի՝ որպես գիտական լեզվի վարկը չպիտի իջնի դրա հաշվին։ 

Կառավարությունը, հիշեցնենք, ընդունել է գիտնականների ատեստավորման նոր կարգ, համաձայն որի՝ գիտական պաշտոններին (կրտսեր գիտաշխատողից մինչև պատվավոր գիտաշխատող) համապատասխանելու համար գիտնականները պետք է պարտադիր տպագրություններ ունենան միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։ 

Զարեհ Ասատրյանը տնտեսագրության մեջ առանձնացրեց մի քանի կարևոր մեխանիզմ, որոնց միջոցով հետազոտությունները բերում են պետական ու հասարակական մարտահրավերների լուծմանը։ Առաջինը նա կարևորեց մարդկային կարողությունների ձևավորվումը, այսինքն՝ լավ տնտեսագետների ձևավորումը, որոնք հետո կգնան մասնավոր ու պետական հատված։ Գիտնականն ապա նշեց պետության տնտեսական փաստահեն քաղաքականության ձևավորմանն ուղղված հետազոտությունները։ Եվ երրորդը՝ կարողությունների զարգացման և հետազոտությունների միջոցով տնտեսական քաղաքականության շուրջ հանրային քննարկումների մակարդակի բարձրացումը։

Անդրադառնալով այն հարցին, թե հումանիտար ու հասարակագիտական ուղղությունները կոնկրետ ինչ խնդիրներ կարող են լուծել Հայաստանի համար, գիտնականը նշեց՝ նախ գիտությունն է պետք զարգացնել ու հասցնել որոշ մակարդակի․ «Ֆունդամենտալ խնդիրն այն է, թե ինչպես դուրս բերենք մեր գիտությունը լճացած վիճակից, դարձնենք միջազգայնորեն մրցակցային։ Դրանից հետո, երբ որ մենք ունենանք լավ գիտնականներ, որոնք հոդվածներ են հրապարակում միջազգային ամսագրերում և այլն, նրանք շատ ավելի հեշտ կարող են անել իրենց հետազոտություններն այն խնդիրների մասին, որ հայկական են, որ կոնկրետ մեզ են վերաբերում»։

Նշենք, որ սա ներկայումս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) վարած քաղաքականությունն է․ գիտությունը դարձնել միջազգայնորեն մրցունակ, ապա խոսել խնդիրների լուծման մասին։ Այս մասին Ազգային ժողովում անցած տարվա վերջին հայտարել էր ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը։ 

Մերուժան Կարապետյանը խոսեց այն մասին, որ ԳԱԱ-ն Հայաստանում հիմնվել է 1943-ին, և նրա կառավարման ձևը մինչև օրս չի փոխվել․ «Գիտության կառուցակարգերը և կանոնակարգերը Հայաստանում շարունակում են մնալ 1943 թվականի վիճակին։ Սա գիտնականների գործն է, գիտնականները պիտի վերակառուցեն այդ կառույցները։ Ավելի ժամանակակից խնդիրներ լուծելու ուղղությամբ չնչին տեղաշարժեր նկատվում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ինչ-որ տեղ գուցե Արևելագիտության ինստիտուտում, մյուսները (նկատի ունի հումանիտար և հասարակագիտական ուղղվածության մյուս ինստիտուտները,- խմբ․) շատ ծանր կացության մեջ են»։


Մերուժան Կարապետյանը

Հաջորդիվ պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձան այն հարցին, թե հումանիտար և հասարակական գիտությունները կիրառական կոնկրետ ինչ խնդիրներ հիմա կարող են լուծել պետության, հասարակության ու անհատի համար։

Հրանուշ Խառատյանը նշեց՝ երբ Կառավարությունը, Ազգային ժողովը օրենքներ են մշակում, երբեմն ուղարկում են փորձագիտական քննարկման, երբեմն գիտնականների կարծքիները նաև հաշվի են առնվում․ «Բայց ինձ թվում է՝ հաշվի են առնում այն դեպքերում, երբ որ մեր պատասխանները իրենց քիմքին և իրենց պատկերացումներին համապատասխանում են։ Երբ որ մենք փորձագիտական կարծիք ենք գրում և ուղարկում ենք, և այն ստիպում է փոխել որոշ ընթացք, որպես կանոն, լուռ են մնում»։

Ինչ վերաբերում է պետության կողմից, այսպես կոչված, հետազոտական պատվերներին, գիտնականը նկատեց՝ վերջին տարիներին հայտարարվող նպատակային ծրագրերում որոշակի պատվերներ երևում են․ «Բայց նաև, օրինակ, պետությունը մեզ երբեք չի պատվիրի գիտական ժամանակակից վերլուծություններ մեզ համար չափազանց կարևոր այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, ընդհանրապես, Կովկասը։ Մենք գտնում ենք գումարներ, գնում ենք Թուրքիայում ենք անում հետազոտություններ, Իրանում ենք անում հետազոտություններ, բերում ենք, տեքստ ենք գրում։ Անձամբ ես շատ հաճախ պետական կառույցներին ուղարկում եմ, նույնիսկ ԱԱԾ-ին եմ ուղարկում»։

Հրանուշ Խառատյանն առանձնացրեց մի հրատապ խնդիր, որի լուծումը կառավարությունը կարող էր պատվիրակել գիտնականներին՝ Արցախից տեղահանված փախստականների խնդիրը․ «Որտե՞ղ պիտի ապրեն Արցախի փախստականները, միասի՞ն պիտի ապրեն և իրենց ինքնությունը պահեն, մինչև կվերադառնան կամ ցավոք չեն վերադառնա, թե՞ պետք է դիֆուզվեն, և անհետանան Արցախի առանձնահատուկ մշակույթը, բարբառը, Արցախի անվան և Արցախի պատմության առարկայական ներկայացումը։ Սա կիրառական հարց է, քաղաքականության հարց է, և ես կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը որոշ պատասխանատվություն ունի այս հարցի լուծման համար»։

Սուրեն Մանուկյանի խոսքով առաջին կարևոր բանը, որ հասարակագիտությունը, հայագիտությունը տալիս են պետությանն ու հասարակությանը, քննադատ մտածողությունն է․ «Կառավարման ճգնաժամը, որ մենք ունենք հիմա և ունեցել ենք երկար ժամանակ, երբ որ գերատեսչությունները շատ դեպքերում չեն հասկանում նույնիսկ՝ ինչ են անում, կամ գերատեսչություններում բացակայում է ճկուն լինելը, քաղաքականությունը փոխելը, երբ որ պետք է, այդ քննադատական մոտենալը նույնիսկ փաստաթղթերին և հաստատված կանոնակարգերին, հասարակական գիտությունների բարձիթողի վիճակի ուղղակի արտահայտությունն է և հետևանք է»։

Որպես մեկ այլ կարևոր նշանակություն ցեղասպանագետն առանձնացրեց ինքնության ձևավորումը՝ շեշտելով, որ պետք չէ այս ձևակերպումն ընկալել որպես պաթոս․ «Դա այն հարցի պատասխանն է, թե ինչու ապրել Հայաստանում։ Ինչո՞ւ դու պետք է քեզ ընկալես այս հանրույթի մի մաս, ինչո՞ւ դու պետք է գերադասես ավելի ապահով կյանքը ինչ-որ մի այլ տեղ և մնաս այստեղ։ ․․․․ Պատմագրությունը, հայագիտությունը կապում են մեզ բոլորիս՝ որպես հանրության, այս հողի հետ և այս պետության հետ»։ 

Եվ վերջում գիտնականն առանձնացրեց այս գիտակարգերի ևս մի կարևոր գործառույթ՝ պատմության ուսումնասիրությամբ ճանաչել նախ մեր հասարակությունը, ապա այն ազգերին, որոնք շրջապատում են մեզ, որպեսզի կարողանանք ինքներս մեզ և նրանց հետ ճիշտ հարաբերվել։ 

Գիտության միջոցով ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանելու համատեքստում Հրաչ Մարիտրոսյանն առանձնակի շեշտեց հայրենագիտության և մասնավորապես՝ լեզվի ուսումնասիրության դերը․ «Մշակութային ոլորտի մասնագետները կարողանում են աշխատել փաստագրված նյութական իրողությունների հետ։ Հայը կա 5-6 հազար տարի, և նրա լեզուն ու մշակույթը արտացոլված են լեզվի պատմության գիտակարգում։ Լեզուն, փաստորեն միակ համակարգային ամբողջական գիտակարգն է, որը ծածկում է այդ 5-6 հազար տարվա պատմությունը։ Բացարձակապես ոչ մի այլ գիտակարգ չկա, որ կարողանա ընդգրկել այդ ամբողջ ընթացքը»։

Զարեհ Ասատրյանը մի քանի օրինակներ բերեց, թե ինչպես կարող են տնտեսագիտությունն ու հասարակական գիտությունները Հայաստանում կիրառություն ունենալ՝ հարկային քաղաքականության մշակում, առողջապահական ապահովագրության ներդրում, Արևմուտքի ու Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ։ Գիտնականը նշեց՝ սրանք հարցեր են, որոնց ուղղությամբ որոշումների կայացման համար քանակական վերլուծություններ պետք է իրականացվեն։

«Ովքե՞ր պիտի դա անեն։ Հեծանիվ պետք չի հնարել։ Արտասահմանում ովքե՞ր են անում։ Նախ անում են պետական մարմինների հետազոտողները։ Դրա էլեմենտներն, ի դեպ, Հայաստանում կան․ հենց այդ մասն է, որ զարգացած է։ Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը, որոշ այլ նախարարություններ ու մարմիններ որոշակի կարողություններ ունեն։ Մյուսը՝ կարող են պատվիրակել գիտնականներին, որ աշխատում են գիահետազոտական հիմնարկներում և նաև համալսարաններում»,- ասաց նա։

Գիտնականը որպես օրինակ բերեց Մաննհայմի եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնը որտեղ ինքն է աշխատում։ Նա նշեց՝ կենտրոնը զբաղվում է նման կիրառական հարցերով և կապված է քաղաքականություն մշակողների հետ։ 

Իսկ որպեսզի պետական մարմինները կիրառեն գիտության արդյունքները քաղաքականություն մշակելիս, Զարեհ Ասատրյանի խոսքով պետք է գիտնականներն ու գիտական կազմակերպությունները մեծ հեղինակություն ձեռք բերեն, որպեսզի նրանց կարծիքի հետ հաշվի չնստելը դժվարանա։ Սուրեն Մանուկյանը հավելեց՝ գիտնականների հեղինակությունը հանրության աչքում ցածր է։ 

Զարեհ Ասատրյանն էլ ասաց՝ անկախ կառավարության քայլերից ու վերջին տարիներին տարվող քաղաքականությունից՝ գիտական հանրույթն էլ պիտի քայլեր ձեռնարկի «լճացած վիճակից դուրս գալու համար», և միայն պետության կողմից չէ, որ քայլեր պիտի արվեն։

Կարդացեք նաև համաժողովի պանելային հաջորդ քննարկումը՝ գիտության քաղաքականության վերաբերյալ։

 

Լուսանկարները՝ «Գիտուժի»

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել