Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։
Համաժողովների քննարկումներից մեկը մտքի կենտրոնների գործունեության և կառավարության հետ համագործակցության մասին։ Քննարկմանը մասնակցում էին «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի՝ հաղորդակցության հարցերով ղեկավար Գրետա Ավետիսյանը, Ժողովրդավարության անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը, Քաղաքակրթական մշակութային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Հայկ Քոչարյանը, նույն կենտրոնի հետազոտող, ԵՊՀ դասախոս Աննա Գևորգյանն ու «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գորգ Տեր-Գաբրիելյանը։
Պանելը վարում էր Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը, որը քննարկումը սկսեց՝ ներկայացնելով, թե ինչպես 20-րդ դարում ԱՄՆ-ում զարգացավ think tank, հայերեն՝ մտքի (նաև՝ ուղեղային/վերլուծական) կենտրոն եզրույթը։
Աննա Գևորգյանը նշեց, որ վերլուծական կենտրոնները ստեղծվեցին՝ դառնալու կամուրջ կառավարողների ու ակադեմիական համայնքի միջև․ «100 տարի առաջ ԱՄՆ-ում մտահաղացել են այդպիսի մի գաղափար, որ ակադեմիայում մարդիկ զբաղված են գիտությամբ, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ժամանակ չունեն տասնյակ էջերից բաղկացած և հարյուրավոր հղումներից բաղկացած հոդվածներ կարդալու, բայց անհրաժեշտություն կա քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելիս հիմնվել գիտական հետազոտությունների վրա, և որոշել են ստեղծել մի կամրջող օղակ, որոնք կոչվում են մտքի կենտրոններ, և որոնք, ծանոթ լինելով այդ գիտական հետազոտություններին, կիրառական, պրակտիկ վերլուծություններով կօգնեն քաղաքականություն մշակողներին»։
Տիգրան Գրիգորյանը նկատեց՝ Հայաստանի պարագայում վերլուծական կենտրոնների ստեղծման մեծ խթան հանդիսացավ Արցախյան երկրորդ պատերազմը․ «Այդ պատերազմը ի ցույց է դրել ոչ միայն պետական համակարգում կոմպետենտության հետ կապված խնդիրները, այլ նաև վերլուծական դաշտում: …. Մենք հիշում ենք, թե ինչպիսի ինտելեկտուալ մթնոլորտ էր տիրում Հայաստանում մինչև պատերազմի մեկնարկը, այդ թվում նաև պատերազմի ընթացքում, հատկապես արտաքին քաղաքականության, անվտանգության ոլորտներում։ Կային պատկերացումներ մեր միջավայրի մասին, որոնք ընդհանրապես չէին համապատասխանում իրականությանը, ավելի շատ մեր կողմից հորինված ինչ-որ պատրանքներ էին, և պատերազմը ցույց տվեց, որ մենք ինչ-որ չափով այդ պատրանքների զոհ դարձանք»։
Տիգրան Գրիգորյանը
Քաղաքագետի խոսքով այդ պատրանքները գոյություն ունեին ոչ միայն վերլուծական շրջանակներում, այլ նաև որոշում կայացնողների շրջանակում․ «Վստահ եմ, որ մեր քաղաքական էլիտայի բացարձակ մեծամասնությունը, այդ թվում՝ պատերազմի ընթացքում որոշում կայացնողները պատրաստվում էին այլ տեսակի պատերազմի, որովհետև մտայնությունն այն էր, որ պատերազմը լինելու է կարճ, ինչ-որ արտաքին խաղացողներ կանգնեցնելու են արագ, և այդ տրամաբանությամբ էր կառուցված նաև ողջ ռազմավարությունը ինչպես զինված ուժերում, այնպես էլ ավելի բարձր մակարդակում»։
Պանելիստները հաջորդիվ քննարկեցին հետևյալ հարցը․ արդյո՞ք Հայաստանում մտքի կենտրոնները կարողանում ազդել վարվող քաղաքականության, որոշումների կայացման վրա, կա՞ համագործակցություն պետական համակարգի հետ, և եթե մտքի կենտրոնների վերլուծությունը քննադատական տարրեր ունի, ինչպե՞ս է դա ընկալվում։
Տիգրան Գրիգորյանը նշեց՝ իր ղեկավարած Ժողովրդավարության անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ու կառավարության միջև ուղիղ շփում չկա, չնայած իրենք բոլոր միջոցառումներին, քննարկումներին հրավեր են ուղարկում նաև պետական մարմիններին։ Նա նշեց՝ վերջին օրինակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված փախստականների թեմայով համաժողովն էր, որին պետական մարմիններից մասնակիցներ չկային։
Քաղաքագետի խոսքով ինչ-որ առումով հնարավոր է միջնորդավորված կերպով ազդել քաղաքականության վրա․ երբ, օրինակ, հրապարակվում է որևէ հետազոտություն, այն միգուցե տեղ հասնում է, սակայն նաև նկատվում է, որ կառավարությունն ավելի շատ առաջնորդվում է լոյալության սկզբունքով․ «Հիմնական միտումը լոյալությունը ամեն ինչից վերև դասելն է, ու սա վերաբերում է ոչ միայն վերլուծական դաշտի հետ փոխգործակցությանը, այլ նաև պետական համակարգում։ Վստահաբար վերլուծական դաշտի մի մասի հետ շփման մեխանիզմներ ստեղծվել են վերջին տարիների ընթացքում։ Վարչապետի մակարդակով, այլ պաշտոնյաների մակարդակով պարբերական շփումներ լինում են վերլուծական դաշտի կամ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, բայց այստեղ, կարծում եմ, գլխավոր սկզբունքը հենց դա է։ Չեմ ասում՝ ով հրավիրվում է, լոյալ է իշխանություններին կամ չի քննադատում, բայց հիմնականում լոյալության սկզբունքի հիման վրա է դա տեղի ունենում»։
Տիգրան Գրիգորյանը նշեց՝ իրենց կենտրոնի ստեղծման պահից ավելի մեծ շփումներ ունեն միջազգային տարբեր գործընկերների հետ՝ սկսած ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև դեսպանտների ներկայացուցիչներ, քան Հայաստանի իշխանությունների հետ․ «Շատ հաճախ որոշումները կայացվում են առանց փորձագիտական դաշտի հետ պատշաճ քննարկումների, ու խոսքը ոչ միայն անվտանգության կամ արտաքին քաղաքականության ոլորտի մասին է։ Բոլոր հարցերում տեսնում ենք, որ կարծես թե ի սկզբանե որոշումը կայացվում է, հետո են քննարկումները տեղի ունենում, հետո պարզվում է ընթացքում, որ այդ որոշումը վատ որոշում է, և ինչ-որ փոփոխություններ են մտցնում»։
Մյուս կողմից էլ քաղաքագետը նշեց, որ ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում ռեպրեսիվ քայլեր, մեխանիզմներ գոյություն չունեն․ «Վատագույնը, որ քեզ սպառնում է իշխանության քաղաքականությունը քննադատելիս, այն է, որ չես հրավիրվելու տարբեր հանդիպումների»։
Գևորգ Տեր-Գարբրիելյանը նշեց՝ իրենք տարբեր փաստաթղթեր են մշակում, որոնք այս կամ այն ոլորտին վերաբերող քաղաքականության մասին առաջարկներ են ներկայացնում, ինչպես նաև համագործակցում են կառավարության տարբեր մարմինների հետ․ «Եղել է իրադրություն, երբ նախարարության հետ հավասարը հավասարին ենք աշխատել ինչ-որ փաստաթղթի շուրջ, եղել է, երբ մենք ենք առաջարկել նրանց, եղել է, որ նրանք են մեզ առաջարկել։ Ու ընդհանուր գիծը ոչ միայն հիմա, այլև նախորդ կառավարությունների ժամանակ, այն է, որ կառավարությունը միշտ ունի առավելություն։ Նույնիսկ երբ դուք երկխոսում եք հավասարազոր, նա հաղորդելու բան ունի քեզ, իսկ թե քո հաղորդածից ինքը հետո ի՞նչ կօգտագործի, շատ-շատ իմանաս մեդիայից»։
Նա, սակայն շեշտեց, որ եթե ազդեցություն լինում է, լինում է ոլորտային տեխնիկական հարցերի մակարդակում, և ոչ մեծ քաղաքականությունների վրա։
Աննա Գևորգյանը նշեց՝ շատ հաճախ հանրության մոտ տպավորությունն այնպիսին է, որ վերլուծաբանները պիտի լինեն իշխանական կամ հակաիշխանական ակտիվիստներ․ «Ընկալումը, որ մարդը կարող է խոսել իր մասնագիտական դիրքից, վերլուծություն անել, և իր համար կարևոր է, որ այդ վերլուծությունը օգտագործեն քաղաքական դաշտի բոլոր դերակատարները՝ անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն, որովհետև դա ընդհանուր հանրային բարիքին ուղղված գործընթաց է, ցավոք սրտի մեր հասարակության մեջ չկա։ Եվ դա անդրադառնում է նաև իշխանության պատկերացումների վրա, թե ինչպես պետք է շփվել վերլուծական կենտրոնների հետ։ Ինստիտուցիոնալ շփում և այդ շփման կարևորության ինստիտուցիոնալ ընկալում չկա»։
Հետազոտողը նշեց, որ անկախ այդ հանգամանքից՝ իրենց վերլուծություններն անպայման ուղարկում են պետական մարմիններին, եթե գտնում են, որ կարևոր է՝ վերջիններս ծանոթանան։ Երբ պաշտոնական գրագրությունն էլ չի օգնում, շատ հաճախ կառավարության ոչ շատ բարձր օղակներում կապերն են փորձում օգտագործել՝ ասելիքը տեղ հասնցելու ու իրենց միջոցառումներին ներկայություն ապահովելու նպատակով։
Գրետա Ավետիսյանը նշեց՝ կառավարության հետ կապը պահել փորձում են, իրենց միջոցառումների, հանդիպումների մասնակցության առաջարկներին էլ արձագանքներ լինում են։ «Կուզեմ ասել, որ ոչ թե իշխանություն, այլ պետություն համագործակցությունն է այստեղ կարևոր, որովհետև իշխանությունները փոխվում են, իսկ պետության կարևորությունը մնում է նույնը»։
Գրետա Ավետիսյանը
Պանելիստները հաջորդիվ պատասխանեցին հետևյալ հարցերին․ արդյո՞ք Հայաստանում կատարվող վերլուծությունների վրա ազգային գաղափարների ազդեցությունը կա, արդյո՞ք դա խանգարում է, ինչպե՞ս է պահպանվում կապը գիտության հետ, և ինչպե՞ս է լուծվում ոլորտում կադրերի հարցը։
Գևորգ Տեր-Գարբրիելյանը հիշեց, թե ինչպես է ուկրաինացի փիլիսոփաներից մեկի մոտ այսպիսի մի ձևակերպում կարդացել՝ էթնոպիա՝ էթնոս և ուտոպիա բառերի միաձուլումից․ «Մեր հայաստանյան հասարակական դիսկուրսը, գիտականն էլ հետը, ամբողջովին դրանով ծածկված է վերջին 30 տարվա ընթացքում և պարզ պատճառներով, որովհետև այդ գաղափարախոսությունը կառուցվել է, այն ֆինանսավորվել է, և եթե կար ընտրություն, ասենք, հետազոտելու՝ ինչ է կատարվել Հայաստանում 1945 թ․, և արդյ՞ոք Արատտան հայկական թագավոր է եղել, գերադասությունը տրվել է նրան, որ ապացուցենք՝ Արատտան հայկական թագավոր էր։ Աշոտ Ոսկանյանը հետազոտություն ունի այն մասին, թե ինչպես այսօր նույնիսկ դեռևս գործող, թեև արդեն դեմոդե դարձած հասարակական գիտությունների ռազմավարությունը՝ պաշտոնապես ընդունված Հայաստանում, ունի այսպիսի ֆրազ՝ եթե պատմական փաստը հակասում է ազգային շահերին, պետք է գերադասել ազգային շահերը։ Մենք ապրում ենք Հայաստանում այդ իրականության մեջ»:
Գևորգ Տեր-Գաբրիելյանը նկատեց՝ ճշմարտությանը փոքրիշատե մոտենալու համար պետք է դուրս գալ այդ փակուղուց։
Տիգրան Գրիգորյանն ասաց՝ իհարկե, կան թեմաներ, ինչպես օրինակ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, որտեղ դժվար է ամբողջովին օբյեկտիվ լինել։ Սակայն քաղաքագետը նշեց, որ միջազգային լսարանին ուղղված նյութերում վերջիններիս համար ընդունելի ու ընկալելի բառապաշար են փորձում ընտրել։
Գիտության հետ կապն էլ ապահովվում է հետևյալ կերպ․ իրենց թիմում կան և՛ պրակտիկ գիտելիքներ ունեցող մարդիկ՝ ռազմարդյունաբերության, անվտանգային և այլ ոլորտներից, և՛ ակադեմիայից մարդիկ․ «Շատ հետաքրքիր է, թե ինչպես ես պրակտիկ գիտելիքը մեկտեղում գիտական լեզվի, գիտական թեզերի հետ ու արդյունքում շատ հետաքրքիր նյութ ես ստանում»։
Աննա Գևորգյանը նշեց՝ իրենց կենտրոնի աշխատակիցների մեծ մասը նաև գիտությամբ է զբաղվում, և ակադեմիայի, գիտության հետ կապն ինքնսըտինքյան ապահովված է։
Հետազոտողն ապա խոսեց մտքի կենտրոնների մի կարևոր գործառույթի մասին, որը կա Արևմուտքում՝ քաղաքականության համար մարդկային կապիտալ ապահովելը․ «Այս օրերին էլ թրամփյան ադմինիստրացիան խոսում է այն մասին, որ նույնիսկ տասնյակ հազարավոր [պաշտոնյաներ] պետք է փոխվեն։ Որտեղի՞ց պիտի գան այն մարդիկ, որոնք պիտի ծանոթ լինեն պետական քաղաքականություններին, համապատասխան գիտելիքներ և փորձառություն ունենան։ Նրանց համար այդ դաշտը վերլուծական կենտրոնների ընձեռած մարդկային կապիտալի հնարավորություններն են։ Շատ հաճախ այդ վերլուծական կենտրոններում աշխատողները հետո տեղափոխվում են պետական համակարգեր։ Վերջին օրինակներից է թրամփյան առաջին ադմինիստրացիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից Ջոն Բոլտոնը, որը մինչ այդ վերլուծական կենտրոններում աշխատող վերլուծաբան էր և անմիջապես հետո դարձավ անվտանգության հարցերով խորհրդական Թրամփի ադմինիստրացիայում և հետո պաշտոնից ազատվելուց հետո վերադարձել է այդ դաշտ»։
Աննա Գևորգյանի խոսքով Հայաստանում այդ պրակտիկան կայացած չէ, քանի որ հաճախ չկուսակցականացված լինելը համարում են չքաղաքականացված լինելու հոմանիշ․ «Պահանջում են, որ կապ չունենաս առհասարակ պետական համակարգերի հետ, իսկ եթե երբևէ ունեցել ես, շեղ աչքով են քեզ նայում, որովհետև համարում են, որ դու ինչ-ինչ ջատագովությամբ ես հավանաբար զբաղվում, ոչ թե իրական հետազոտություններով։ Մյուս կողմից, վերլուծական կենտրոնների մեջ էլ շատ քիչ են նրանք, որոնք պետական համակարգում աշխատած մարդու պոտենցիալը փորձում են ներգրավել իրենց աշխատանքներում և հնարավորություն տալ, որ այս մարդն, իր գիտելիքները զարգացնելով, տարիներ հետո էլի պատրաստի կադր լինի ներգրավվելու պետական համակարգում»։
Անդրադառնալով վերլուծական դաշտի համար կադրեր գտնելու խնդրին՝ Հայկ Քոչարյանը նշեց՝ մարդկային ռեսուրսի բացը լրացնելու հարցում իրենց օգնում է այն, որ կենտրնի հետազոտողները դասավանդում են և կարողանում են ուսանողներին ներգրավել։
Պանելիստները հաջորդիվ անդրադարձան ԶԼՄ-ների հետ աշխատանքի և հանրությանը լսելի լինելու հարցին։
Տիգրան Գրիգորյանը նշեց՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում բևեռացվածություն է նկատվում, և դետալիզացված ինֆորմացիայի փոխարեն մարդիկ փորձում են իրենց տեսակետին համապատասխանող ինֆորմացիա գտնել․ «Վերլուծական դաշտը ունի այդ խնդիրը, հատկապես այն մարդիկ, որոնք զբաղվում են գիտությամբ, մասնագիտացված են ինչ-որ խնդիրների մեջ, պետք է այդ պրոդուկտը ավելի հասանելի դարձնեն ավելի լայն զանգվածների համար։ Չգիտեմ՝ ինչպես կարելի է այդ հարցին լուծում տալ, որովհետև հատկապես այս տիպի միջավայրում, որ պերմանենտ ճգնաժամի մեջ է գտնվում պատերազմի արդյունքում, մարդիկ նաև ինչ-որ պոզիտիվ ինֆորմացիայի կարիք ունեն»։
Քաղաքագետը կարևորեց, որ մեդիայում ֆիլտրեր աշխատեն, և լրատվամիջոցները պատասխանատվություն վերցնեն, թե ում են ձայն տալիս։
Հայկ Քոչարյանն էլ նշեց, որ սոցցանցերի և ժամանակից կարճ տեքստի ընկալման խնդիր կա․ մեծ տեքստերը չեն ընկալվում։ Նրա խոսքով եթե գիտնականներն ու վերլուծաբանները սկսեն մրցակցել կարճ և հեշտ մարսվող բովանդակություն ստեղծողների հետ, վերջիններիս գործիքներով աշխատել, կվնասեն իրենց հիմնական գործին։
Հայկ Քոչարյանը
Պանելիստները նաև անդրադաձրան ֆինանսական խնդիրներին, որոնք սրվել են հատկապես վերջին շրջանում՝ ամերիկյան ֆոնդերի կրճատմամբ պայմանավորված։
Տիգրան Գրիգորյանը նշեց, որ ըստ հետազոտություններից մեկի՝ զարգացած երկրների վերլուծական կենտրոնների 70%-ում ֆինանսավորումը ներքին է՝ տարբեր ընկերություններից, կորպորացիաներից, կառավարությունից։ Մինչդեռ Հայաստանի նման միջին զարգացվածության կամ ավելի ցածր մակարդակ ունեցող երկրներում մեծամասամբ արտաքին ֆինանսավորում է։
Քաղաքագետի խոսքով ներկայիս ֆինանսական ծանր իրավիճակում կառավարությունը կարող էր որոշակի կերպով աջակցել վերլուծական կենտրոններին՝ հարկային արտոնություններ տալով կամ կրկին հարկային քաղաքականությամբ խրախուսելով նման կենտրոններին նվիրատվությունները․ «Հայաստանի պարագայում տեսանք, որ առանձնահատուկ համագործակցություն չկա, ու նաև նախընտրական տարի է։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ քայլեր պետության կողմից կլինեն, բայց իհարկե այստեղ պետք չէ ողջ խոսակցությունը հանգեցնել պետության դերակատարությանը, սա առաջինը մեր խնդիրն է, և մենք պետք է փորձենք դաշնակիցներ գտնել նաև Հայաստանի ներսում, որոնք կարող են հետաքրքրված լինել ոլորտի գոյությամբ»։
Աննա Գևորգյանը նշեց՝ որպեսզի իրենց կենտրոնում կարողանան զբաղվել վերլուծական աշխատանքով, շատ հաճախ այլ աշխատանքներով են զբաղվում, և միայն այդ լրացուցիչ աշխատանքների շնորհիվ է, որ կարողանում են վերլուծություններ իրականացնել։
Գրետա Ավետիսյանն էլ նշեց, որ վերլուծական կենտրոնները կայացած չեն որպես կառույցներ․ դրանք շատ հաճախ չունեն ֆոնդհայթայթման մասնագետներ, հաշվապահներ և այլն․«Շատ-շատ կարևոր է ֆինանսական ապահովության համար որպես կառույց կայանալը»։
Կարդացեք նաև համաժողովի պանելային նախորդ քննարկումը՝ գիտության միջազգայնացման վերաբերյալ։
Լուսանկարները՝ «Գիտուժի»
Աննա Սահակյան
comment.count (0)