Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։
Հաջորդիվ գիտության միջազգայնացման հարցերն էին քննարկում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, Հայաստանում Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանը և Քաղաքակրթական մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, ՀԱՀ դասախոս Նարեկ Սուքիասյանը քննարկում էին գիտության միջազգայնացմանը, հայերեն տպագրություններին ու պետական կարիքին վերաբերող հարցեր։
Քննարկումը վարում էր Հնագիտության Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ՀԱՀ դասախոս Լիլիթ Ղազարյանը։
Առաջինը քննարկման մասնակիցները պատասխանում էին այն հարցին, թե ինչ է նշանակում գիտության միջազգայնացում, և հումանիտար, հասարակագիտական ուղղություններում ինչ չափորոշիչներ կան, որոնցով գիտությունը համարվում է միջազգային։
Էդիտա Գզոյանը նկատեց՝ գիտության միջազգայնացումն արհեստական տերմին է, և «գիտությունն ինքնին պետք է միջազգային լինի»։
Էդիտա Գզոյանը
Արշակ Բալայանը համաձայնեց, որ գիտությունը համամարդկային է, սակայն նաև շեշտեց՝ տարբեր հետազոտական խմբեր ունեն մոտեցումների նուրբ տարբերություններ, և հանուն արտասահմանում հրատարակվելու պետք չէ խուսափել յուրովի մոտեցումից․ «Լինում է, երբ գիտնականները, կռահելով տվյալ ամսագրի առաջնահերթությունները, փորձում են իրենց դրույթները, թեզերը, պնդումները համաձայնեցնել խմբագիրների քիմքին և ոչ թե արտահայտել այն մտքերը, այն եզրահանգումները, որոնց իրենք հանգել են, որոնց օգտին ունեն բավարար հիմքեր»։
Գիտնականը նաև նշեց՝ պետության վերջին տարիների քաղաքականությունն օգնում է միջազգայնացմանը, տպագրությունների թիվն ավելացել է։
Արսեն Բոբոխյանը նշեց՝ գիտելիքը գոյություն ունի մեզնից անկախ, և երբ գիտելիքին մոտենալու մեթոդները նմանվում են, ուրեմն գործ ունենք միջազգային գիտության հետ։ Նա նաև շեշտեց, որ թե՛ հումանիտար ու հասարակագիտական, թե՛ բնագիտամաթեմատիկական ուղղությունների դեպքում այդ մեթոդաբանությունը նույնն է։
«Երբ մենք խոսում ենք հայկական գիտության մասին, մենք պիտի հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ գիտությունը որոշակի լանդշաֆտում է ստեղծվել, որոշակի տարածության մեջ, և այդ տարածությունը ուղղակիորեն ազդել է այն մարդկանց վրա, որոնք վարում են այդ գիտությունը, որոնք այդ գիտությունը մտցնում են շրջանառության մեջ։ Եվ այդ սուբյեկտիվությունից, հատկապես հումանիտար գիտություններում, դժվար է խուսափել։ Եվ այնտեղ, որտեղ մենք հեռանում ենք սուբյեկտիվությունից, մոտենում ենք միջազգային գիտությանը»,- ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։
Նարեկ Սուքիասյանը միջազգայնացման համատեքստում մի խնդրի անդրադաձրավ․ հումանիտար և հասարակագիտական ուղղություններում ուսանողներին համապատասխան մեթոդաբանություն չի դասավանդվում, և այն գիտնականները, որոքն միջազգային տպագրություններ ունեն, կա՛մ արտասահմանում են կրթվել, կա՛մ էլ ինքնուրույն են գտել այդ ճանապարհները։
Նարեկ Սուքիասյանը
Էդիտա Գյոզյանը նշեց՝ միջազգայնացում նշանակում է ոչ միայն տպագրվել միջազգային պարբերականներում, այլ նաև միջազգային շտեմարաններում ինդեքսավորել հայկական ամսագրեր։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հիշում է՝ իրենց ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը հոդվածներից մեկում չէր թողնում գործածել Կոնստանդնուպոլիս բառը և առաջարկում էր այն դարձնել Ստամբուլ։ Բովանդակային նման սահմանափակումները որոշ դեպքում շրջանցելու ճանապարհներ, ըստ գիտնականի, գտնվում են, սակայն նման դեպքերից խուսափելու համար կարևոր է առաջխաղացնել նաև հայկական ամսագրերը։
«Մեր ինստիտուտում երկու ամսագիր ենք տպագրում, մեկը՝ հայերեն, մյուսը՝ անգլերեն, և բացի այն, որ մեր գիտաշխատողները խրախուսվում են արտասահմանում տպագրվել, մենք նաև փորձում ենք մեր ամսագիրը ինտեքսավորել WOS և Scopus հարթակներում այն նպատակով, որ կարողանանք և՛, օրինակ, Կոստանդնուպոլիս բառը, և՛ մեր տեղանունները հանգիստ օգտագործել ու նաև այդ ձևով մեր օրակարգը թելադրել ու առաջ տանել»,- ասաց նա։
Գիտնականը կարևորեց նաև ինդեքսավորված ամսագրերում տպագրվելու հանգամանքն այն պատճառով, որ այդպես հնարավոր է հասնել միջազգային գիտական հանրությանը։ Նա նշեց՝ համաժողովից առաջ գործընկերների հետ ստուգել է, թե վերջին 30 տարիների ընթացքում հայաստանյան ամսագրերում տպագրված հոդվածներին քանի հղում է կատարվել։ Պարզվել է, որ հղումների թիվն ընդամենը հազար է, ու հղումները կատարվել են մեծամասամբ անգլերեն ու ռուսերեն հոդվածներին։
«Հայերեն գրելու պարագայում շանսերը, որ մեզ կկարդան, ու մեր խոսքը լսելի կլինի արտասահմանում, բավական քիչ են։ ․․․․ Երբ գիտնականները սկսում են ինչ-որ նյութ փնտրել, որպեսզի օգտագործեն, նայում են, թե ինչ ամսագրերում են դրանք տպված, և WOS-ն ու Scopus-ը, կարծեք, ֆիլտր են, որոնք տարանջատում են մտցնում ամսագրերի մեջ։ Շատ հավանական է, որ մի գիտնական, որն, օրինակ, չի ճանաչում՝ այս անուն-ազգանունով մարդը ով է, նայում է, թե որ ամսագրում է տպված նրա հոդվածը, և եթե հեղինակավոր ամսագրում է, դա արդեն ավելի շատ հնարավորություն է տալիս, որ մեր խոսքը լսելի լինի»,- ասաց Էդիտա Գզոյանը։
Հայկական գիտական ամսագրերի խնդիրների համատեքստում Նարեկ Սուքիասյանն առաջակեց խրախուսել դրանց խմբագրական կազմերում արտերկրից խմբագրական գրախոսներ ներառելու պրակտիկան։
Էդիտա Գզոյանն էլ հավելեց՝ ամսագրերի որակի բարձրացման ուղղությամբ միայն պետությունը չէ, որ պիտի քայլեր անի․ «Պետության կողմից պարբերաբար առաջարկներ եղել են խմբագիրներին անել փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան օգնելու այդ ամսագրերին ինդեքսավորվելու։ Ասեմ, որ արձագանքը խմբագրական տներից, մեղմ ասած, գոհացուցիչ չի եղել, ինչի արդյունքը այն է, որ մեր ամսագրերը, որոնք որ 4-5-ն էին, հիմա 3-ն են դարձել միջազգային շտեմարաններում»։
Նա նշեց՝ ի տարբերություն Հայաստանի՝ հարևան երկրներն ինդեքսավորման ուղղությամբ ավելի ակտիվ են․ միջազգային շտեմարաններում Վրաստանը 6 ամսագիր ունի, Ադրբեջանն՝ 9, Թուրքիան՝ 375։
Պանելիստներին ուղղված հաջորդ հարցը գիտաժողովներին մասնակցությունն էր, որոնք, ի տարբերություն միջազգային տպագրությունների, ատեստավորման նոր կարգով գիտական արդյունք չեն համարվում։
Լիլիթ Ղազարյանը
Նարեկ Սուքիասյանը նշեց՝ եթե միջազգայնացում ասելով՝ նկատի են եռնվում նաև միջազգային համագործակցությունները, ապա պետք է հաշվի առնել, որ այդպիսի համագործակցությունները ձևավորվում են կոնֆերանսների ժամանակ, ծանոթությունների հիման վրա։
Էդիտա Գզոյանը նշեց՝ ատեստավորման ներկայիս պահանջները մինիմալ պահանջներ են, և ոչ մեկը չի արգելում դրանցից դուրս մասնակցել գիտաժողովների կամ հայերեն հոդվածներ կամ մենագրություններ գրել․ «Ավագ գիտաշխատողից, բաժնի վարիչից հինգ տարվա համար միակ պահանջը մեկ հոդվածի տպագրումն է միջազգային ամսագրերում։ Եկեք ընդունենք, որ ծիծաղալի է։ Այսինքն՝ գիտնականը հինգ տարի աշխատի և ընդամենը մի հոդված տպի, և դա համարենք մի այնպիսի բան, որ չենք կարող հասնել, ճիշտ չէ։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ շփումների ժամանակ մշտապես նշում էին, որ դրանք մինիմալ պահանջներն են, և յուրաքանչյուր ինստիտուտ, ելնելով իր առանձնահատկություններից, պետք է ավելացնի այդ ատեստացիայի փաստաթղթի վրա, ինչը մեր ինստիտուտի պարագայում արել ենք։ Օրինակ, հայերենի հուշագրությունները մեզ համար կարևոր են, ավելացրել ենք հուշագրությունների խմբագրություն կետը․ եթե ինչ-որ գիտնական պիտի մասնակցի ատեստացիայի, պետք է ունենա, օրինակ, խմբագրված հուշագրություն, որպեսզի կարողանա հավակնել որևէ պաշտոնի։ Նաև ներառել ենք միջազգային գիտաժողովների մասնակցությունը, ու անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում գիտնականի, որը չի մասնակցում միջազգային գիտաժողովի․ կապ չունի՝ դրա համար միավոր ստանում է, թե չի ստանում»։
Արշակ Բալայանն էլ հավելեց, որ գիտաժողովներն, իհարկե, կարևոր են, սակայն հոդվածների տպագրումը շատ ավելի մեծ ջանք ու աշխատանք է պահանջում, և բնական է, որ Կոմիտեն գիտաժողովներին այնքան մեծ տեղ չի հատկացնում, որքան հոդվածներին․ «Բայց միգուցե պիտի լինեն մեխանիզմներ, հատկապես հաշվի առնելով մեր տնտեսական վիճակը, գիտնականների սոցիալական վիճակը և այլն, որ եթե կան լավ գիտաժողովներ, ապա դրանց մասնակցության հնարավորությունը պետությունը պիտի վերցնի իր վրա։ Միգուցե ունենանք տարբերակված մոտեցում․ գիտաժողովին մասնակցությունը նույնպես խրախուսենք, բայց ոչ այնքան շատ, ինչքան հոդվածը»։
Գիտության միջազգայնացման ու համագործակցությունների առումով Նարեկ Սուքիասյանը կարևորեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հեռավար լաբորատորիաների ստեղծման ծրագիրը։ Այս ծրագրով, հիշեցնենք, արտասահմանից գիտնականի համաղեկավարությամբ Հայաստանում լաբորատորիաներ են հիմնադրվում։ Գիտկանանն առաջարկեց՝ որպեսզի խուսափենք երբեմն հանդիպող այն պրակտիկայից, որ արտերկրից համաղեկավարը սիմվոլիկ դեր է խաղում, և ամբողջ աշխատանքն արվում է այստեղ, այդ համագործացկությունները դառնան կազմակերպությունների ու ոչ թե անհատների միջև։
Արսեն Բոբոխյանը միջազգայնացման համատեքստում կարևորեց նաև սերնդափոխությունը։ Նա նշեց՝ տարեց գիտնականներին հնարավոր չի լինում ուղարկել թոշակի երկրում ցածր թոշակների պատճառով, իսկ նոր մտածելակերպի ներդրաման համար պիտի սերնդափոխություն տեղի ունենա․ «Եվ այսպիսի փոքր խնդիրներից է կախված նաև միջազգայնացման խնդիրը։ Ի վերջո, տեսակետներ պիտի փոխվեն, զարգացման նոր միտումներ պիտի լինեն, և այդ միտումները պիտի իրականացնի նոր սերունդը։ Ու փոփոխությունները շատ արագ պիտի տեղի ունենան»։
Նարեկ Սուքասյանը նկատեց՝ գուցե գիտության միջազգայնացմամբ պետությունը մի քանի այլ նպատակներ էլ ունի։ Առաջինն այն է, որ միջազգայնացումն օգտագործվում է որպես միջոց չափանիշներին չհամապատասխանող գիտնականներին ու դասավանդողներին ոլորտից դուրս թղնելու համար։
Մյուս նպատակն, ըստ գիտնականի, կարող է լինել հետևյալը․ քանի որ պետությունն ինքը չի կարողանում լուծել տեղական ամսագրերի խնդիրը, գիտական աշխատանքները ֆիլտրելու գործը «արտապատվիրակում է» արտասահմանյան ամսագրերին։
«Այստեղ քաղաքականության անկեղծության հարց էլ կա․ արդյո՞ք մենք գիտության միջազգայնացում ենք ուզում, թե՞ դրա տակ պարզապես փորձում ենք վատորակ բաներից ազատվել, որոնք ինքներս չենք կարողանում մեր միջոցներով կարգավորել»,- ասաց Նարեկ Սուքիասյանը։
Խոսելով միջազգայացմանը զուգահեռ Հայաստանի համար կարևոր խնդիրներով զբաղվելու հարցից՝ էդիտա Գզոյանը նշեց, որ պատվերի ձևավորման հարցում դեր ունեն նաև գիտական կազմակերպությունների տնօրենները, ու հենց նրանք կարող են հասկանալ պետության առաջնահերթություններն ու ըստ դրանց՝ խնդիրներ սահմանել։
Նարեկ Սուքիասյանն էլ պետական պատվերի փոխարեն ավելի մինիմալիստական ձևակերպում արեց՝ պետական կարիք՝ նշելով, որ եթե անգամ պատվերը չկա, պետությունը կարող է գիտնականներին տեղեկացնել իր կարիքնեի մասին․ «Ինչքանո՞վ են, օրինակ, մեր սոցիոլոգիական դպրոցներն օգտագործվում քաղաքականություն մշակելուց առաջ տվյալներ հավաքելու և հասկանալու համար այն հասարակությանը, խմբերին, որոնց այդ քաղաքականությունները վերաբերելու են։ Օրինակ՝ Էստոնիայում արտգործնախարարությունը համալսարաններին, որոնք միջազգային հարաբերությունների մասնագետներ են պատրաստում, առաջարկում է թեմաների ցանկ՝ դիպլոմային, մագիստրոսական թեզերի համար։ Ու սա թե՛ կարող է աշխատաշուկայի համար լավ լինել, երբ պետությունը քեզ ասում է՝ այսինչ միջազգային խնդրով մենք կարիք ունենք ավելի լավ գիտելիքների, թե՛ դրա մասնագետը դառնալով՝ դու կարող ես քո տեղը գտնել այդ կառույցում, բայց նաև սա ինչ-որ ազդակներ է ուղարկում ինստիտուտների տնօրեններին, որոնք իրենց առաջնահերթությունները մշակելիս նաև հաշվի կառնեն պետական կարիքները»։
Արշակ Բալայանն էլ հավելեց՝ կառավարություններն, իհարկե կարող են իմանալ իրենց որոշ խնդիրներ, բայց միշտ չի, որ այդ խնդիրները լավ են հասկանում․ «Իմ շատ սահմանափակ փորձը ուշում է, որ կառավարիչները շատ հաճախ տեսնում են ծառերը, չեն տեսնում անտառը։ Գիտնականները շատ հաճախ անտառն են տեսնում, մանրամասները չգիտեն։ Այստեղ համագործակցության մեծ խնդիր կա, որ մենք հասկանանք՝ հատկապես ինչն է, որի կարիքը կա և հնարավոր է իրականացնել Հայաստանի տնտեսական, քաղաքական, իրականության պայմաններում»
Գիտնականը կարևորեց նաև ուսումնասիրել հաջողված օրինակները։ Նա նկատեց՝ հումանիտար, հասարակագիտական ուղղություններով գիտական կառույցներ կան, որոնք միջազգայնացման և այլ առումներով հաջողել են․ «Այդ ի՞նչ եղավ, որ այս մի ինստիտուտի մոտ ամեն ինչ ստացվում է, այն մյուս ինստիտուտի մոտ չի ստացվում, ո՞րն է գաղտնիքը։ Ունեցել են պարզապես լավ ղեկավա՞ր, պարզապես պետությունը մի քիչ ավելի մեծ ֆինանսավորո՞ւմ է հատկացրել, թե՞ ունեցել են, օրինակ, տարիներ առաջվանից լավ գործընկերներ, որոնց հետ սերտորեն աշխատել են։ Սա պետք է լրջորեն ուսումնասիրել, և արդյունքը կլինի ուսանելի բոլորի համար, որովհետև այդ դեպքում կլինեն ոչ միայն ներսից մարդկանց անեգդոտիկ դիտարկումներ, այլև համակարգված հիմնավոր կարծիք, որը կփորձենք կրկնօրինակել այլ ոլորտներում»։
Արսեն Բոբոխյան էլ առաջարկեց տեղափոխվել հինգերորդ դար, երբ Վռամշապուհ արքան Մեսրոպ Մաշտոցին ու Սահակ Պարթևին գործուղեց արտասահման, նրանք էլ այնտեղ ուսումնասիրեցին միջազգային փորձը, բերեցին, ներդրեցին Հայաստանում՝ ստեղծելով հայոց այբուբենը․ «Մենք պիտի նաև մեր նախնիներից սովորենք մեծ նշանակություն տալ մշակույթին, լեզվին և երբեք չդնել որևիցե խոչընդոտ ազգային, միջազգային հասկացությունների միջև։ Դրանք շաղկապված են իրար, և առանց ազգայինի չի կարող լինել միջազգայինը»։
Կարդացեք նաև համաժողովի նախորդ քննարկումը՝ գիտության քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հաջորդ քննարկումը՝ մտքի կենտրոնների վերաբերյալ։
Լուսանկարները՝ «Գիտուժի»
Աննա Սահակյան
comment.count (0)