Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում - 2025» զեկույցը
 |amerikayidzayn.com|
10:25 - 27 փետրվարի, 2025

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում - 2025» զեկույցը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն հրապարակել է «Ազատությունն աշխարհում - 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար իրավունքների համար» վերտառությամբ: Այն գնահատում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը:

Այս տարվա զեկույցում արձանագրվել է, որ 60 երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների առումով անկում է գրանցվել, իսկ բարելավումներ արձանագրվել են միայն 34 երկրներում։

Իրավապաշտպան կազմակերպոթյան տարեկան զեկույցի համաձայն՝ համաշխարհային ազատությունը 19-րդ տարին անընդմեջ անկում է ապրում, իսկ այնտեղ, որտեղ արձանագրվել է ժողովրդավարության հետընթաց, իրավունքների և ազատությունների դեգրադացման հիմնական գործոններն են բռնությունը և քաղաքական հակառակորդների հանդեպ ճնշումներն ընտրությունների ժամանակ, շարունակվող զինված հակամարտություններն ու ավտորիտար գործելակերպի տարածումը:

Հայաստանի ընդհանուր միավորների քանակը չի փոխվել

Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում մինայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Թուրքիան, Ռուսասատնը, Ադրբեջանն ու Իրանը ընդգրկված են «ոչ ազատ» երկրների խմբում:

Հայաստանի պարագայում ընդհանուր միավորների հանրագումարը՝ նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ 54: Վրաստանի պարագայում՝ երկիրը երեք կետով վատացրել է իր դիրքերը և այժմ ունի 55 միավոր՝ նախորդ տարվա զեկույցում արձանագրված 58-ի փոխարեն։ Հայաստանի ու հարևան երկրների շարքում Վրաստանը միակ պետությունն է, որի միավորները պակասել են՝ նախորդ տարվա համեմատ։ Թուրքիան ունի 33 միավոր, Ռուսաստանը` 12, Իրանը՝ 11, իսկ Ադրբեջանը՝ 7։ Բացի Ռոսաստանից, որի գնահատականը իջել է մեկ միավորով նախորդ զեկույցի համեմատ, մնացած երեք երկրների՝ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի միավորներն անփոփոխ են մնացել։

«Ադրբեջանից և Ալժիրից մինչև Ռուսաստան ու Ռուանդա ավտորիտար իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին ձերբակալում, բանտարկում կամ հեղինակազրկում են՝ [իրենց] պարտության նույնիսկ նվազագույն հավանականությունը բացառելու համար»,- գրել է Freedom House-ը:

Ոչ ազատ համարվող 67 երկրներից և տարածքներից 17-ն ունեն քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ամենավատ միավորները: Դրանց թվում են Աֆղանստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Սիրիան, Թուրքմենստանը և այլ երկրներ, ինչպես նաև տարածքներ, ներառյալ Արևմտյան Սահարան, Գազայի հատվածը, Տիբեթը և Ռուսաստանի օկուպացիայի ներքո գտնվող Ուկրաինայի տարածքները:

Freedom House-ի համաձայն՝ նախորդ 19 տարիների ընթացքում միավորների ամենամեծ անկումը գրանցվել է Սալվադորում, Սերբիայում և Վենեսուելայում, որտեղ ղեկավարների կողմից ժողովրդավարական ինստիտուտների վերացումը արմատավորել է ավտորիտար կառավարման ձև:

2005 թվականից ի վեր մեծ անկումներ ունեցած այլ երկրներից են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Հայիթին և Մալին, «որտեղ բռնությունն ու անապահովությունը երկար ժամանակ խոչընդոտել են մարդկանց՝ խաղաղ ապրելուն և իրենց հիմնարար իրավունքներին տեր կամնգնելուն»:

Միջազգային կազմակերպության պնդմամբ՝ չնայած ազատության շարունակական գլոբալ անկմանը, մի շարք երկրներում արձանագրվել են դրական փոփոխություններ և բարեփոխումներ իրականացնելու միտում՝ ժողովրդավարության ու ազատության զարգացման նպատակով:

Որպես «լուսավոր կետեր» Freedom House-ն առանձնացրել է քաղաքական փոփոխությնները Բանգլադեշում, որոնք երևան եկան, սակայն, ոչ թե ընտրությունների, այլ բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում, Շրի Լանկայում՝ նորընտիր նախագահ Անուրա Կումարա Դիսանայակենի նախաձեռնած բարեփոխումները, սահմանադրական փոփոխություները Սենեգալում և Բոտսվանայում:

Ըստ զեկույցի՝ «միայն կայուն և համակարգված գործողությունները կարող են հակադարձել գլոբալ ազատության գրեթե երկու տասնամյակ տևող անկումը ու ապահովել, որ ավելի շատ երկրներ վայելեն անվտանգություն, բարգավաճում և ժողովրդավարական կառավարման առավելությունները»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել