Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վիրավորական արտահայտությունների համար կփոխհատուցի 1 մլն դրամ  |hetq.am|
11:12 - 27 փետրվարի, 2025

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վիրավորական արտահայտությունների համար կփոխհատուցի 1 մլն դրամ |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նախկին դեսպան Էդգար Ղազարյանից պետք է ներողություն խնդրի վիրավորական արտահայտությունների համար և վճարի 1 մլն 250 հազ. դրամ, որից 1 մլն դրամը՝ վիրավորանքի համար ոչ նյութական վնասի հատուցում, իսկ 250 հազարը՝ դատական ծախսերի գումար:

2023թ. ապրիլի 4-ին հրավիրվել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկելու նպատակով: Նիստի ընթացքում լեզվակռիվ է առաջացել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև: 

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածու էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ քաղաքական հակառակորդների կողմից հնչել են վիրավորական արտահայտություններ' ակնհայտ բացասական, ծաղրող հնչերանգով՝ զուգորդելով դրանք հեգնանքով և ծիծաղով: Նիստի ընթացքում Ոուստամ Բաքոյանը վիրավորանք հանդիսացող արտահայտություններ է հնչեցրել Ղազարյանի հասցեին, մասնավորապես' «Դուք ուղեղ չունեք», «էս անուղեղին բացատրեք...», «Ա՛յ պարոն խեղկատակ», «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք», «Տո ի՞նչ բացատրի էս խեղկատակը», «Անասուն», «Դու թյուրիմացություն ես», «Դու չկաս էնքան, որ պատասխանես հարցերին», «Ա՛յ տիկին Ղազարյան, քեզ խի են բերել ստեղ», «Դու շատ փոքր ես, լսու՞մ ես, արա՛, դու շատ փոքր ես, այ տղա», «Սուս մնա, արա՛»:

Էդգար Ղազարյանն ընդդեմ Ռուստամ Բաքոյանի դիմել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքել և վճարել փոխհատուցում՝ 3 մլն դրամ վիրավորանքի և 6 մլն դրամ զրպարտության համար:

 

Է. Ղազարյանը նշել է, որ Ռ. Բաքոյանը նաև իրեն զրպարտել է՝ հնչեցնելով. «Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ» արտահայտությունը:

Ռուստամ Բաքոանը, պատշաճ ծանուցված լինելով բոլոր դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, դատական նիստերին չի ներկայացել, օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, չի ներկայացրել առարկություն կամ որևէ դիրքորոշում։ 

Դատարանը 2024թ. փետրվարի 28-ին Ռուստամ Բաքոյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից վերը նշված վիրավորական արտահայտությունների համար. ներողության տեքստը հրապարակել վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութը սկզբնապես հրապարակած կայքի (ՀՀ ազգային ժողովի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում կամ «1in TV» լրատվականի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում) միջոցով, ինչպես նաև վճարել փոխհատուցում: 

Դատարանն արձանագրել է, որ վերը նշված բոլոր արտահայտությունները չեն կարող որակվել գնահատողական դատողություններ կամ իրականությանը համապատասխանող փաստեր, քանի որ դրանց մասով որևէ ապացույց պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից չի ներկայացվել, իսկ նշված փաստն ապացուցելու պարտականությունը դրված է եղել վերջինիս վրա։

Ինչ վերաբերում է կատարված արտահայտություններով Էդգար Ղազարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու և նսեմացնելու Ռ. Բաքոյանի դիտավորությանը, ապա դատարանն արձանագրել է, որ տեսանյութի ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ արտահայտությունները կատարվել են հենց Է. Ղազարյանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու դիտավորությամբ և նպատակով։

«Դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ յուրաքանչյուրին պետք է շատ հստակ լինի այն օրինաչափությունը, որ Հայաստանի Հանրապետությունում և առհասարակ ցանկացած ազատ ժողովրդավարական հասարակության մեջ մտքի, խոսքի, կարծիքի և տեղեկատվության ազատությունը չի պաշտպանում անվայելուչ, անպարկեշտ արտահայտությունները, ոչ նորմատիվային բառապաշարը և զոհի նկատմամբ բացահայտ անպատկառ` մարդկային հասարակությունում ընդունված բարոյական և բարոյախոսական նորմերին, մարդկանց միջև վարքագծի տարրական կանոններին խորապես հակասող վերաբերմունքը և նրա մարդկային արժանապատվությունը նսեմացնող այլ ձևերը: Ժողովրդավարության վերը նշված բնորոշման համատեքստում դատարանն արձանագրում է, որ քաղաքական գործիչների հասցեին, ճիշտ է, քննադատություններ կարող են հնչեցվել, դրանք կարող են լինել ռադիկալ կամ ուղեկցվել հանրությանը ցնցող կոշտ արտահայտություններով, սակայն երբեք չպետք է անցնել անձնական վիրավորանքի դաշտ և թույլատրելի բոլոր սահմանները, քանի որ, ինչպես մյուսների պարագայում, քաղաքական գործիչների պատվի և արժանապատվության անքակտելի արժեքները ևս պաշտպանված են Սահմանադրությամբ և օրենքով»,- նշված է վճռում:

Ինչ վերաբերում է թմրանյութ օգտագործելու արտահատութանը, ապա դատարանն արձանագրել է, որ նշված արտահայտությանը նախորդել է Ղազարյանի հետևյալ արտահայտությունը․ «…. Թմրանյութեր օգտագործող մարդիկ ավելի կոմֆորտ են գտնվում դա օգտագործելուց հետո…»։ Ըստ դատարանի՝ ակնհայտ է, որ Ռ. Բաքոյանի կողմից այն ընկալվել է որպես իր հասցեին հնչած (այդ թվում), որին էլ հաջորդել է «պատասխանը», «հակադարձումը»՝ «Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ» արտահատությամբ։

«Դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ պատասխանողի կողմից հնչեցրած արտահայտությունը ոչ կոռեկտ է, պարսավելի, չի հիմավորվել գործի ընթացքում, որ հավաստի և ստույգ փաստերի վրա է հիմնված, չի կարող համարվել օրինաչափ և տեղին, այդուհանդերձ, որպես զրպարտություն չի կարող որակվել, քանի որ չի բավարարում և հաղթահարում զրպարտության փաստակազմի համար անհրաժեշտ բոլոր տարրերը, մասնավորապես՝ չի հիմնավորվում, որ պատասխանողը դրանով մտադրություն է ունեցել արատավորել հայցվորի բարի համբավը, մասնավորապես՝ մտադրություն է ունեցել հայցվորին վերագրել թմրանյութ օգտագործելու պարսավելի արարք, այլ ակնհայտ է, որ հնչեցրած արտահայտությամբ պատասխանողը փորձել է «պաշտպանվել» իր գնահատմամբ իրեն ուղղված արտահատությունից»,- նշված է վճռում:

Ռուստամ Բաքոյանի ներկայացուցիչները վճիռը բողոքարկել են Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Որտեղ վճիռը բեկանվել է միայն «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք» արտահայտության մասով՝ հիմնավոր չհամարելով, որ ի սկզբանե Ռ. Բաքոյանը դրանով հետապնդել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ և դիտավորություն է ունեցել նսեմացնելու և նվաստացնելու նրա արժանապատվությունը, իսկ մնացած մասով դատական ակտը թողել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանն էլ մերժել է վարույթ ընդունել պատգամավոր Ռուստամ Բաքոյանի անունից ներկայացված վճռաբեկ բողոքը՝ փաստացի ուժի մեջ մնալով առաջին ատյանի դատարանի վճիռը, բացառությամբ, որ վիրավորական չէ «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք» արտահատությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել