ՀՀ կառավարությունը մինչև հինգ տարի մարման ժամկետով մինչև 9% անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը կտրամադրի ընդհանուր մինչև 150 միլիոն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք:
Համապատասխան որոշումը հավանության արժանացավ գործադիրի նիտի ժամանակ:
Ըստ նախագծի՝ բյուջետային երաշխիքը կտրամադրվի որոշմամբ նախատեսված պայմանները բավարարելու դեպքում, որոնք վերաբերում են վարկի հետագա մարման պայմաններին, ինչպես նաև սահմանվել է, «որ բյուջետային երաշխիքը տրամադրվում է, եթե սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ընկերությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն, որով հաստատում է, որ երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու և երաշխիքը թողարկելու պահի դրությամբ չի գերազանցում ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական արժեքի 20 տոկոսը»:
Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է նաև այն փաստը, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:
«Կառավարությունը, համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված բյուջետային երաշխիքի տրամադրման դրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում, նախաձեռնել է բյուջետային երաշխիքի տրամադրումը:
Հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար ընկերության կողմից ՀՀ գործող բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով մշակվել է բյուջետային երաշխիքի տրամադրման կառավարության որոշման նախագիծը»,- նշվում է հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող ընկերության 100% 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% համարժեք՝ 12 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն:
comment.count (0)