civilnet.am: Ադրբեջանը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել, և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի կարծիքով, Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են դա։
Խորհրդարանի ղեկավարը դրական է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ։
Մարտի 3-ին Թուրքիայի նախագահը դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանը։ Նա նաև նշել է, որ Անկարան ակտիվացրել է ջանքերը Հարավային Կովկասում բարգավաճման և կայունության հասնելու համար։
«ՀՀ-ն նույնպես իր հայտարարություններով, իր դիրքորոշումով ցույց է տվել, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և շարունակելու է այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել, և հույս ունեմ, որ Թուրքիան տեսնելով այդ քայլերը նույնպես իր դիրքորոշումը կսկսի հստակ արտահայտել»,- մեկնաբանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։
Կարգավորման գործընթացի մեկնարկից հետո Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը երկու անգամ հանդիպել են՝ Պրահայում և Նյու Յորքում։ Հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը։
comment.count (0)