Պետություն-մասնավոր համագործակցությամբ կրթաթոշակի հնարավորություն՝ օտարերկրյա հեղինակավոր բուհեր ընդունվողների համար
15:40 - 06 մարտի, 2025

Պետություն-մասնավոր համագործակցությամբ կրթաթոշակի հնարավորություն՝ օտարերկրյա հեղինակավոր բուհեր ընդունվողների համար

ՀՀ կառավարությունը 2025թ. մարտի 6-ի նիստում հաստատեց ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախագիծը ներկայացնելիս ընդգծեց, որ դրա ընդունումը բխում է ոլորտում իրականացվող բարեփոխումներից և Կառավարության՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում, մասնավորապես՝ ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրում և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում:

«Հաշվի առնելով նախկինում եղած ռիսկերը՝ փորձել ենք այնպիսի մեխանիզմ ներդնել, որը ավելի մեծ արդյունավետություն կունենա և հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար»,- նշեց Ժաննա անդրեասյանը:

Նա ընդգծեց, որ փորձ է արվում կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական միջամտության նոր մոտեցում և հնարավորություն ընձեռել, որ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք կհանդիսանան ուսանող օտարերկյա հեղինակավոր բուհերում, ֆինանսավորում ստանան պետության կողմից:

Խոսքը այն ուսումնական հաստատությունների մասին է, որոնք ընդգրկված են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում, մասնավորապես՝

1. առաջին 65 բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում,

2. առաջին 75 բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները՝ մագիստրատուրայի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում։

Սովորողին յուրաքանչյուր կրթական աստիճանով ուսումնառության համար կրթաթոշակ կարող է տրվել մեկ անգամ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով ծրագրի գործելու հիմնական պայման է, որ մասնակցություն ունենա մասնավորը. «Առևտրային կազմակերպությունը, որը վերջին 5 տարվա ընթացքում ունեցել է առնվազն 100 աշխատող, պետք է համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո պետությունը ևս ամեն տարի մինչև 10 մլն դրամ (մնացորդային գումարի չափով) կրթաթոշակ կտրամադրի»:

Այս նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, գործատուի և սովորողի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր:

«Կարևոր պայման է նաև այն, որ սովորողը ուսումնառությունն ավարտելուց հետո համապատասխան մասնագիտությամբ առնվազն 3 տարի պետք է աշխատի առևտրային կազմակերպությունում»,- ընդգծեց նախարարը:

Այս կետի իրացումն ապահովելու համար գործատուն և սովորողը պետք է կնքեն աշխատանքային պայմանագիր, որը կողմերի համաձայնությամբ կարող է ներառել այլ կետեր ևս:

Գործատուն պարտավորություն ունի ՀՀ պետբյուջե փոխանցել պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի կրկնապատիկը առնվազն 3 տարի փաստացի աշխատելու կանոնը չպահպանելու դեպքում, և պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի եռապատիկը, եթե շահառուն՝

1. ուսման ավարտից հետո մասնագիտությանը համապատասխան աշխատանքի չի անցնում գործատուի մոտ,

2. ուսումնառությունը կիսատ է թողնում,

3. տեղափոխվում է կարգով չնախատեսված այլ հաստատություն:

Ժաննա Անդրեասյանի խոսքով այս նախագծի ներդրումը հնարավորություն կտա, որ մի շարք առանցքային ոլորտներ համալրվեն որակյալ կադրերով, որոնք էլ նոր գիտելիքներ կներդնեն արտադրական և արդյունաբերական գործընթացներում՝ դրանք դարձնելով ավելի արդյունավետ և արտադրողականության տեսանկյունից բարենպաստ: Նոր գիտելիքներով ինտելեկտուալ կապիտալը կնպաստի փորձի փոխանցմանն ու փոխանակմանը։ 

Կրթաթոշակային նոր քաղաքականություն մշակելու շրջանակներում իրականացվել է նաև մասնավոր կազմակերպությունների  փորձի՝ ուսանողների հետվերադարձի վիճակագրության ուսումնասիրություն: 

«Օրինակ՝ «Լույս» հիմնադրամի պարագայում շուրջ 20%-ն է վերադարձել և որևէ կերպ ներդրում ունեցել երկրի տնտեսությունում: Կարծում ենք՝ այս մոտեցմամբ խնդիրը էապես կարգավորվում է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Խոսելով կրթաթոշակի տրամադրման մեխանիզմների մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետագայում համանման գործունեություն պատվիրակվել է «Իմ քայլը» հիմնադրամին, որի դեպքում արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 61%-ն է վերադարձել. «Էլի 40% չվերադարձելիություն ունենք, որը պրոբլեմ է»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ծրագրի շրջանակում կրթաթոշակ ստացողների պարտադիր հետվերադարձի համար գործուն մեխանիզմներ սահմանել։

Ընդունված կարգով նախատեսված պետական կրթաթոշակներին տրվող ընդհանուր չափը և կրթաթոշակների առավելագույն թիվը հրապարակվելու են Կոմիտեի կայքում յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 1-ը: Սովորողները կարգի շահառու դառնալու համար կարգում ներկայացված փաստաթղթերը ներկայացնելու են մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել