Հրանտ Բագրատյանն արդարացվեց
 |hetq.am|
19:08 - 06 մարտի, 2025

Հրանտ Բագրատյանն արդարացվեց |hetq.am|

hetq.am: Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդարացվեց։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Հովհաննես Քոչարյանը։ 

Հիշեցնենք՝ Հրանտ Բագրատյանը մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր անելու մեջ։

Փաստաբանը «Հետքին» հայտնեց, որ դատավոր Մանվել Շահվերդյանը հրապարակել է վճիռը, դեռ չունեն դատարանի որոշումը և դեռևս հայտնի չէ, թե բռնության կոչ որակված արտահայտությունը ինչպես է մեկնաբանել դատարանը։ «Բայց մի բան փաստ է, որ մեղադրանքը չի հիմնավորվել»,- նշեց Հովհաննես Քոչարյանը։

Ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։ Մասնավորապես, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

Պաշտպանական կողմը պնդում էր, որ «վերացնել», «վերջացնել» բառերը օգտագործելով՝ Հրանտ Բագրատյանը նկատի չի ունեցել ֆիզիկական բռնության ենթարկելը, այլ՝ ժողովրդական ընդվզման ճանապարհով իշխանափոխություն իրականացնելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել