factor.am: Մոսկվան բրիտանացի երկու դիվանագետների զրկել է Ռուսաստանում հավատարմագրումից, նրանք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։ Այս մասին հայտնում է ՌԴ Ավտանգության դաշնային ծառայությունը, գրում է Meduza-ն։
Նշվում է, որ նրանք Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Ալկեշ Օդեդրան և դեսպանատան քաղաքական բաժնի առաջին քարտուղար Թաբասում Ռաշդիի ամուսինը՝ Մայքլ Սքիներն են։
Ըստ ռուսական հատուկ ծառայության՝ Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ստանալիս նրանք «դիտավորյալ կեղծ տեղեկություններ են տրամադրել՝ դրանով իսկ խախտելով ռուսական օրենքը»։ Բացի այդ, ԱԴԾ-ն հայտարարել է, որ հայտնաբերել է «հետախուզական և դիվերսիոն աշխատանքի նշաններ նշված դիվանագետների կողմից, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»:
Արդյունքում, ՌԴ ԱԳՆ-ն որոշել է զրկել նրանց հավատարմագրումից և երկու շաբաթ է տվել երկիրը լքելու համար։ ԱԴԾ-ն այլ մանրամասներ չի հայտնում։ Բացի այդ, Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է ՌԴ ԱԳՆ։
«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ հետախուզական գործունեության նշանների համար հավատարմագրման չեղարկման հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել դիվանագետների արտաքսումը։
comment.count (0)