Հնդկաստանից ձեռք բերված սարքավորումները երրորդ երկրի դեմ օգտագործելու նպատակ չկա. Միրզոյան
 |civilnet.am|
18:15 - 11 մարտի, 2025

Հնդկաստանից ձեռք բերված սարքավորումները երրորդ երկրի դեմ օգտագործելու նպատակ չկա. Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: Հնդկաստանում արտադրված սարքավորումները հետաքրքրում են Հայաստանին: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ դա Հայաստանի պաշտպանական համակարգի բարեփոխման համար է, և չկա որևէ մտադրություն այդ համակարգերն օգտագործելու որևէ երրորդ կողմի դեմ:

«Հայաստանն ունի խաղաղության օրակարգ: Մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ: Ընդհանուր առմամբ մենք կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտի, մեր բանակի բարեփոխման, արդիականացման գործընթացում»,- ասել է նախարարը:

Միրզոյանի խոսքով՝ պաշտպանությունն այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանը շատ սերտ համագործակցություն ունի Հնդկաստանի հետ։ Նախարարը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակաբար կխորանա:

Լրագրողը նախարարից հետաքրքրվել է Ադրբեջանից եկող արձագանքների մասին՝ Հայաստանի կողմից հնդկական զենք ձեռք բերելու վերաբերյալ: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի մտադրությունը միայն իր պաշտպանական համակարգի արդիականացումն է:

«Ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ երկրներից ձեռք բերված սարքավորումները նպատակ ունեն լինել ավելի լավ բանակի մաս՝ ավելի լավ պաշտպանական կարողություններով: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի դեմ»,- ասել է Միրզոյանը:

Նախարարը խոսել է նաև տրանսպորտային ուղիների զարգացման մասին: Նրա խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ անում է՝ գլոբալ տարանցիկ ուղիների մաս դառնալու համար, և այստեղ նոր հնարավորությունների հետազոտումը շատ կարևոր է Հայաստանի համար: Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակները:

«Մենք հետաքրքրված ենք նոր հնարավորությունների հետազոտմամբ, ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրականության մալուխները, ինտերնետ մալուխները և այլն: Եվ սա իրականացնելու համար մենք, իհարկե, առաջին հերթին կենտրոնանում ենք մեր հարևանների հետ բանակցությունների վրա, նկատի ունեմ Ադրբեջանը: Մենք փոխադարձաբար շահավետ առաջարկ ենք արել երկու երկրների համար, բայց նաև շարունակում ենք մեր բանակցությունները մեր սահմանների բացման և Հայաստանը Թուրքիայի հետ կապող մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման վերաբերյալ»,- նշել է նախարարը:

Միրզոյանի խոսքով՝ այս ծրագիրը շահավետ է լինելու աշխարհի բազմաթիվ խաղացողների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել