1lurer.am: «Երբ ականատես ենք Սիրիայում շարունակվող խժդժություններին և ավերիչ հակամարտություններին, մեր սրտերը լցվում են խոր վշտով և մտահոգությամբ՝ բոլոր տառապողների համար»,- նշված է Երուսաղեմի Հայոց պատրիարքության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Մեզ խորապես հուզում է մեր հայ քրիստոնյա եղբայրների և քույրերի ծանր վիճակը, ովքեր սերունդներ շարունակ ապրել են այդ հողում, որտեղ ապաստանել են 1915 թվականի սարսափելի Հայոց ցեղասպանությունից հետո։ Սիրիան եղել է վերապրածների և նրանց ժառանգների տունը, որոնց ներկայությունը այնտեղ քրիստոնյա հայի տոկունության և հավատքի վկայությունն է։
Այսօր Սիրիայում գտնվող բոլոր քրիստոնեական համայնքների անվտանգությունն ու պաշտպանվածությունը կրկին վտանգված է բռնության և քաոսի պատճառով, որը, ցավոք, պատուհասում է տարածաշրջանին։ Մենք բարձրացնում ենք մեր բողոքի ձայնը ոչ միայն բոլոր անմեղ կյանքերի պաշտպանության, այլև հատկապես այն հայերի համար, ովքեր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովրդի կենդանի վկաներն են։ Նրանք պարզապես էթնիկ խումբ կամ հավատացյալների համայնք չեն. նրանք գոյատևման, հաստատակամության և արժանապատվության համար շարունակվող պայքարի սուրբ վկաներն են՝ ցեղասպանական հալածանքների դեմ։
Սիրիայում գտնվող հայերը, որոնցից շատերը բնակվում են Հալեպում, Դամասկոսում և այլ քաղաքներում, արդեն բազմաթիվ փորձություններ են հաղթահարել։ Նրանք վերակառուցել են իրենց կյանքը ցեղասպանությունից հետո, ստեղծել կենսունակ համայնքներ և մեծապես նպաստել Սիրիայի սոցիալական, մշակութային և հոգևոր կառուցվածքին։ Սակայն այժմ նրանք կանգնած են իրենց կյանքի և ժառանգության վրա կախված նոր սպառնալիքի առաջ։ Նրանց եկեղեցիները, դպրոցները և տները հայտնվել են շարունակվող քաղաքացիական պատերազմի կրակի տակ, և կրկին առկա է տեղահանման վախ։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, պետություններին, կրոնական կազմակերպություններին, մարդասիրական կառույցներին և անհատներին՝ անհապաղ կենտրոնացնել իրենց ուշադրությունը Սիրիայի բոլոր քրիստոնյաների պաշտպանության և պահպանման վրա։ Այս համայնքները պարզապես ազգային փոքրամասնություններ չեն, այլ Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության կենսական մասն են. ներկայություն, որը գոյատևել է դարեր շարունակ։ Սիրիայում մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի անվտանգությունը չպետք է անտեսվի կամ դիտարկվի որպես երկրորդական հարց՝ տարածաշրջանի քաղաքական տեղաշարժերի ֆոնին։
Թող Աստված օրհնի հայ ժողովրդին և Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքներին, և թող Նրա ողորմությունը խաղաղություն և պաշտպանություն բերի բոլոր նրանց, ովքեր տառապում են Սիրիայում և նրա սահմաններից դուրս։ Աղոթում ենք այն օրվա համար, երբ քրիստոնյաները, անկախ իրենց դավանանքից, կկարողանան ապրել իրենց համայնքներում խաղաղ և անվտանգ՝ առանց կրոնական հալածանքների»։
comment.count (0)