Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել, «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից: Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանը մայիսին արդարացրեց նախկին նախագահին՝ հերքելով դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։
Դատախազությունը պնդում էր՝ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։
Ավելի ուշ գլխավոր դատախազությունը բողոքարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը հակակոռուպցիոն վերաքննիչ ատյան։
comment.count (0)