Ղրղզստանն ու Տաջիկստանը պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել
 |1lurer.am|
12:40 - 13 մարտի, 2025

Ղրղզստանն ու Տաջիկստանը պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել |1lurer.am|

1lurer.am: Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը երկու երկրների միջև վիճահարույց հատվածների շուրջ մոտ 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել:

Բանակցությունների ավարտից հետո Ժապարովն ու Ռահմոնը նաև համատեղ հայտարարություն են ստորագրել: Փետրվարի 21-ին Բիշքեկում ստորագրվել էր սահմանագծի ընդհանուր հատվածի սահմանազատման մասին արձանագրությունը:

Ղրղզական կողմը նշում է, որ Տաջիկստանի հետ փոխանակել են հավասարազոր վիճելի տարածքներ։ Արձանագրության ստորագրումը պատմական իրադարձություն է որակվել: 

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի երկարությունը կազմում է մոտ 980 կմ: Դրա սահմանազատման շուրջ բանակցությունները շարունակվել են 2002 թվականի դեկտեմբերից: Այս հարցի չկարգավորված լինելը բազմիցս միջադեպերի պատճառ է դարձել տեղի բնակիչների և երկու հանրապետությունների զինծառայողների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի աշնանը: Ընդհանուր առմամբ, 2014 թվականից ի վեր ղրղզա-տաջիկական սահմանին տեղի է ունեցել ավելի քան 10 լուրջ միջադեպ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել