ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը․ Բրյուսելը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին
 |factor.am|
14:56 - 14 մարտի, 2025

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը․ Բրյուսելը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին |factor.am|

factor.am: Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հայտարարության մեջ։

«Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց համառ աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը, որը ճանապարհ է հարթում տեքստի վերջնականացման համար։ Հայտարարությունները վճռական քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ուղղությամբ։ Կարևոր է պահպանել այս թափը և ապահովել այս գործընթացի սահուն ավարտը նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցումներով երկու կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն ու փորձաքննություն, եթե կողմերը դիմեն դրա համար։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ 

ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել