hetq.am: Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու և փաթեթների արժեքները իջեցնելու առաջարկով հանդես եկած Անդրանիկ Թևանյանի որոշման նախագիծն այսօր պետք է քննարկվեր Երևանի ավագանու նիստում։ Հարցը զեկուցվողների շարքում էր։
Մինչ այն կքննարկվեր, Երևանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնեց՝ իրենց խմբակցությունը և «Հանրապետություն» խմբակցությունը չեն մասնակցի հարցի քննարկմանը։
Տրանսպորտից անվճար օգտվելու ևս մեկ արտոնյալ խումբ սահմանելու հարցի քվեարկությունից հետո իշխանության ներկայացուցիչները, «Հանրապետություն» խմբակցության հետ, լքեցին նիստերի դահլիճը։ Ավագանու ուղիղ եթերը ընդհատվեց։ Նիստերի դահլիճում մնացին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչները։
«Իրենք ուղղակի փախել են նիստերի դահլիճից»,- իր ուղիղ եթերում այսպես մեկնաբանեց Թևանյանը` կոչ անելով բոյկոտել տրանսպորտի «անհիմն թանկացումը»։ Թևանյանը պնդեց՝ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամի սահմանում է։
Ինչ էր առաջարկում ավագանու որոշման նախագծի հեղինակ Անդրանիկ Թևանյանը
Տրանսպորտի մեկ ուղևորության գինն այս առաջարկի դեպքում ավտոբուսների և մետրոյի դեպքում կսահմանվեր 100 դրամ, տրոլեյբուսի պարագայում՝ 50 դրամ։
30 օրվա փաթեթ հնարավոր կլիներ ձեռք բերել 5500 դրամով, 180 օրվանը՝ 20 000 դրամով, իսկ մեկ տարվանը՝ 35 000 դրամով։
Մեկ օրվա համար փաթեթ ձեռք բերելիս կընձեռվեր անսահմանափակ երթևեկելու հնարավորություն ընդամենը 400 դրամով, 7 օրվա դեպքում՝ 2000 դրամով։
Բացի այդ, տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն առաջարկվում էր ընձեռել հաշմանդամության բոլոր խմբերի անձանց (ներկայում միայն 1-ին և 2-րդ խմբում գտնվող մարդիկ կարող են անվճար օգտվել տրանսպորտից)։
comment.count (0)