azatutyun.am: Երբ Հայաստանը հաղթահարի «առկա խնդիրները», համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի ելույթը՝ Բրազիլիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Հայկական կողմը փոխանակ փորձի վերացնել պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները, մանիպուլյացիաներով է զբաղված՝ փորձելով Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված կողմ», - APA-ին ասել են արտգործնախարարությունից՝ նշելով, որ «Ադրբեջանը կշարունակի խաղաղությանն ուղղված ջանքերը և վճռականորեն կճնշի այդ գործընթացի դեմ ուղղված քայլերը»։
Միրզոյանը Բրազիլիայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն, սակայն, ինչպես Միրզոյանն է նշել, խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի:
«Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը», - ասել է արտգործնախարարը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։
comment.count (0)