civilnet.am: Մարտի 23-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է՝ ժամանակավորապես հեռացվելով զբաղեցրած պաշտոնից։ Նույն օրն Իմամօղլուի քաղաքական ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, անցկացրած ընտրություններում նրան առաջադրել է Թուրքիայի նախագահի թեկնածու։ Ստամբուլում վերջին օրերին չեն դադարում բազմահազարանոց ցույցերը, որոնք զուգորդվում են ցուցարարների և իրավապահների բախումներով։ Ցուցարարները պահանջում են Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուի ազատ արձակումը։
Իրավապահների և ցուցարարների շրջանում կան վիրավորներ, ցույցերի հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել են։
Կալանավորված քաղաքապետին և շուրջ 50 անձի տեղափոխել են «Մարմարայի» բանտ, որն ամենամեծերից է Եվրոպայում։
Երկրի գլխավոր ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Իմամօղլուն մեղադրվում է շորթման, կոռուպցիայի, հանցավոր խումբ ստեղծելու մեջ։
Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Իմամօղլուին քաղաքապետի պաշտոնից ժամանակավորապես հեռացնելու մասին։
Ստամբուլը կունենա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որը հայտնի կդառնա մարտի 26-ին քաղաքային ընտրությունների արդյունքում։
Մինչ Իմամօղլուն բանտում է՝ կուսակցությունը նրան պաշտոնապես հաստատել է Թուրքիայի նախագահի թեկնածուի պաշտոնում։
Մարտի 23-ին՝ պաշտոնյայի կալանավորման օրը, ժողովրդահանրապետականները Իմամօղլուին առաջադրել են որպես նախագահի թեկնածու։
Գլխավոր ընդդիմության ղեկավար Օզգյուր Օզգելը կոչ է արել Թուրքիայի նախագահին գնալ արտահերթ ընտրությունների և մրցել Իմամօղլուի հետ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմության քայլերը Թուրքիայի պառակտմանն ուղղված գործողություններ է անվանել՝ նշելով, որ նրանք փողոցային ահաբեկչության միջոցով փորձում են ճնշել ժողովրդի կամքը։
comment.count (0)