Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում
21:16 - 24 մարտի, 2025

Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 5-ին Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ Հադրութ նահանջելիս փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը վերադաս հրամանատարությանը զեկուցե՞լ է թե՞ ոչ․ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, շարունակվում է քննել այս հարցը։

Հովիկ Գաբրիելյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարն էր, որին այժմ մեղադրում են չթույլատրված նահանջ իրականացնելու մեջ։ Ըստ քրեական գործի՝ առանց վերադաս հրամանատարության գիտության եւ թույլտվության՝ Գաբրիելյանը նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը (հրամանատարը՝ Համլետ Լեւոնյան) անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ Արդյունքում, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ 

Գաբրիելյանը տնային կալանքի տակ է, նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նահանջի մասին ո՞ւմ է զեկուցել Հովիկ Գաբրիելյանը 

Այսօրվա նիստում դատարանը շարունակեց վկա Հրաչյա Ղազարյանի հարցաքննությունը։ Ղազարյանը, որ պատերազմի ժամանակ եղել է Գաբրիելյանի՝ բարոյահոգեբանական գծով տեղակալը, նախորդ նիստին կարծիք հայտնեց, որ եթե չնահանջեին, մի քանի տասնյակ զոհ ավելին կունենայինք։ Նրա այդ ցուցմունքի առնչությամբ մի շարք հարցեր հղեց նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը․

Դատավոր Վարդգես Սարգսյանը

- Հովիկ Գաբրիելյանը ո՞ւմ է զեկուցել նահանջի մասին։

- Վերադաս հրամանատարներին՝ կամ կորպուսի հրամանատարին (Ժիրայր Պողոսյանն է,–հեղ․), կամ կորպուսի շտաբի պետին (զոհվել է)։ Կոնկրետ չեմ կարող ասել, բայց որ երկուսից մեկին, դա միանշանակ է, ուրիշին չէր կարող,– պատասխանեց վկան։

- Ժիրայր Պողոսյանին ո՞նց կբնութագրեք։

- Լավ, բանիմաց, գրագետ հրամանատար։

- Ճշտախո՞ս է։

- Այո։

- Իսկ շտաբի պետի՞ն։

- Նույն ձեւ։

- Հարգելի՛ վկա, Ժիրայր Պողոսյանը դատարանում հարցաքննվել եւ պնդել է, որ իրեն եւ շտաբի պետին Գաբրիելյանը չի զեկուցել նահանջի մասին։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

- Քանի որ Գաբրիելյանի բոլոր զեկույցները ըստ իրավիճակի եղել է նրանց հետ, դրանից ելնելով եմ ասում։

-Բայց հարցիս չպատասխանեցիք․ կարո՞ղ է՝ Ժիրայր Պողոսյանը ստում է, իրականում զեկույց եղել է, եւ Դուք էլ տեսել եք։ Կամ նա է ստում, կամ գաբրիելյանը չի զեկուցել, սա եմ ուզում հասկանալ։

- Քանի որ կորպուսի հրամանատարին եւ շտաբի պետին ճանաչում եմ, Գաբրիելյանին էլ եմ ճանաչում, նրա բոլոր զեկույցները եղել են նրանց, դա էն խնդիրն է, որ պիտի զեկուցվեր նրանց։ Եթե տենց պնդում կա, չեմ կարող ասել,- պատասխանեց վկան՝ ըստ էության չպարզաբանելով այդ հակասությունը։

Ինչի՞ց է տպավորությունը, որ վերադաս հրամանատարն ասել է՝ ինչ ուզում եք, արեք

Նախորդ անգամ հարցաքննվելիս վկա Ղազարյանը հայտնեց՝ երբ Գաբրիելյանը խոսել է վերադաս հրամանատարության հետ, ինքը չի լսել, թե մյուս կողմից բառացի ինչ են ասել, սակայն տպավորություն է ստացել, որ ասել են՝ ինչ ուզում եք, արեք։

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը

- Եթե չեք լսել՝ ինչ պատասխան է տրվել, որտեղի՞ց Ձեզ այդ տպավորությունը,– այսօր հարցրեց դատավորը։

- Խոսակցության բնույթից․ Գաբրիելյանը ջղայնացած բան էր ներկայացնում, դրանից եզրակացրել եմ․․․

- Բայց այդ տպավորությունը ինչի՞ց ստացաք։

- Քանի որ մինչեւ էդ Գաբրիելյան ասում էր՝ շրջափակման վտանգ կա, ու հետո որ կապով սկսեց խոսել, բացատրել՝ ինչ է, ոնց է, ու առանձնացավ, այդ պահից եմ հասկացել։

- Ինչո՞ւ դրանից տպավորություն չստեղծվեց, որ գալու են օգնության, այլ ստեղծվեց տպավորություն, որ ասում են՝ ինչ ուզում եք, արեք, եկող չկա։

- Բառացի նման արտահայտությունս վերաբերում է նրան, որ չեմ կարող ասել՝ տենց ասեց-տենց չասեց, տպավորությունս է դա եղել։

- Իսկ կարո՞ղ է Ձեր տպավորությունը սխալ է, որ ասել են՝ ինչ ուզում եք, արեք՝ հաշվի առնելով, որ այդ հետեւության գալու հանգամանքը որեւէ փաստական տվյալով առերեւույթ չեք կարողանում հիմնավորել։

- Տեսեք, ես ոչ թե չեմ պնդում այդ խոսակցությունը, եթե չեմ լսել, չեմ կարող պնդել, բայց տպավորությունս այդպիսին է։

Դատավոր Վարդգես Սարգսյանը հետաքրքրվեց նաեւ՝ Գաբրիելյա՞նն է իրեն այդպես ասել, ինչին վկան բացասական պատասխանեց։ Դատավորը արձանագրեց՝ հարցին ըստ էության պատասխան չտրվեց։ Ավելի ուշ պատասխանելով հարցին՝ լսե՞լ է, որ բառացի թույլ տված լինեն բնագիծը թողնել, վկան ասաց՝ ոչ։ Ղազարյանը հավելեց, որ անձնակազմը բարոյահոգեբանական վատ վիճակում էր, աշխատանքներ էին տանում մարտական ոգին բարձրացնելու համար։

Հարձակման իրատեսական վտանգ կա՞ր թե՞ ոչ

Վկա Հրաչյա Ղազարյանը որեւէ տեղեկություն չուներ՝ իրենց նահանջը ինչ հետեւանքներ է ունեցել։ Ըստ քրեական գործի՝ մարդկային եւ նյութական կորուստների։ Նա նաեւ չգիտեր՝ իրենց աջ եւ ձախ կողմերում յուրային ինչ ստորաբաժանումներ են եղել։ Նշեց՝ նահանջելիս կարողացել են իրենց հետ վերցնել 3-4 հմմ եւ մի քանի բեռնատար։

Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը

- Ձեր ձախ կողմում նկատե՞լ եք տանկեր, որոնք փորձել են մտնել թիկունք,- հարցրեց դատավորը։ 

- Ձախում՝ ոչ։ 

- Տանկերի շարասյո՞ւն, հետեւակի առաջխաղացո՞ւմ․․․ 

- Նկատելի՝ ոչ։ 

- Պարոն Ղազարյան, ամենայն հարգանքով, Դուք Ձեզ ճշտախոս մարդ համարո՞ւմ եք։ 

- Այո,- պատասխանեց վկան։

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Գաբրիելյանից աջ գտնվել են հատուկ նշանակության զորքերը՝ Վահագն Ասատրյանի գլխավորությամբ, եւ զորամասի հրամանատարի անձնակազմը՝ Համլետ Լեւոնյանի գլխավորությամբ։

- Ինչպե՞ս կբնութագրեք Հովիկ Գաբրիելյանին։

- Դրական։

- Ճշտախո՞ս, քա՞ջ մարդ է։

- Այո։

- Իսկ ինչպե՞ս կբնութագրեք Կոլյա Դավթյանին։

-Դրական։

-Համլետ Լեւոնյանի՞ն։

-Դրական։

Դատավորը հիշեցրեց նախորդիվ հարցաքննված սպաներ Կոլյա Դավթյանի եւ Համլետ Լեւոնյանի խոսքերը (նրանց ցուցմունքները կարդացեք այստեղ եւ այստեղ,-հեղ․), համաձայն որոնց՝ նահանջին անմիջականորեն նախորդած ժամանակահատվածում հակառակորդի առաջխաղացում, տանկերով բնագիծ հատելու տեսարաններ չեն եղել։ Վկան սա, ըստ էության, չհերքեց․

- Իկ ո՞րն է պատճառը, որ ցերեկը, երբ ինտենսիվ մարտեր են եղել, չեք նահանջել, բայց կեսգիշերնանց, երբ ակտիվ գործողություններ չեն եղել, նահանջել եք,- հարցրեց դատավորը։

- Դե, հարձակումը արվում է անսպասելի․․․

- Բայց փառք Աստծո, նման վիճակում չէիք գտնվում։

- Այդ հարցին ավելի կոնկրետ հրամանատարը կպատասխանի, ըստ իս՝ քանի որ չենք ունեցել գիշերային տեսանելիության սարքեր, աջակցող զինատեսակներ, ըստ երեւույթին, գիշերը հարձակման դեպքում դիմակայելու հնարավորություն բացարձակ չէինք ունենա։

- Բայց այդ հարձակումը իրատեսակա՞ն էր։

- Քանի որ դիմացը թշնամին կուտակված էր, միանշանակ իրատեսական էր, աջից էլ գիշերը գործողություններին բնորոշ ձայներ են լսվել։

- Համլետ Լեւոնյանն ու Կոլյա Դավթյանն ասում են՝ ոչ աջից, ոչ ձախից նման բան չի եղել, սա ո՞նց կպարզաբանեք։

- Միգուցե չեն լսել, ես իմ լսածն եմ ասում,- պատասխանեց վկան։

- Համլետ Լեւոնյանը ասում է՝ հորդառատ անձրեւ էր գալիս, ինչի պայմաններում տանկերը առաջխաղացում շատ դժվարությամբ կարող էին ունենալ, թրթուռները այդ ցեխի մեջ չէին կարող առաջ գալ։ Հարցաքննված մյուս վկան՝ Դավիթ Մկրտչյանը, ասում է՝ հմմ–ները թողել եք, քանի որ ցեխ էր․․․ Հիմա ոնց մեր տեսանելիությունն էր վատ, նույն կերպ հակառակորդինն էր վատ։ Այս հանգամանքները չե՞ն վկայում, որ առաջխաղացումը գիշերը իրատեսական չէր այդ եղանակային պայմաններում։

- Ես ոչ կարող եմ պնդել, ոչ հերքել, իրավիճակից ելնելով՝ իմ անձնական կարծիքն է, միգուցե սխալվում եմ։

- Հարգելի՛ վկա, ես ուզում եմ, որ Ձեր կարծիքը կառուցեք փաստերի հիման վրա, խնդրում եմ, որ փաստարկեք Ձեր կարծիքը։ Ինձ համար կարեւոր է ճշմարտությունը, թե որ կողմում կլինի դա, այդքան էլ կարեւոր չէ։

- Ըստ էության չեմ կարող պատասխանել,- արձագանքեց վկան։

Դատավորը հետաքրքրվեց՝ իրավական առումով ի՞նչ է իրենից ներկայացնում առանց թույլտվության բնագիծը թողնելը։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ դա հանցագործություն է․ այն, որ զորքը այդտեղ է գտնվում, արդեն հրաման է։ Այնուհանդերձ, նշեց, որ եթե ինքը լիներ Գաբրիելյանի փոխարեն, միգուցե նույն կերպ վարվեր։ 

- Բայց միգուցե եւ ո՞չ,- հարցրեց դատավորը։

- Միգուցե ոչ։

Վկան հայտնեց նաեւ, որ ունեցել են սպառազինության եւ սննդի պակաս։ Դատավորը արձագանքեց՝ կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանը պնդում է կատարել, որ չի զեկուցվել այդ օրերի ընթացքում, որ սննդի կամ սպառազինության պակաս կամ կահավորման խնդիր կա։ Վկան դժվարացավ պարզաբանել այս հակասությունը, դատավորի հարցին ի պատասխան՝ ասաց՝  Պողոսյանի խոսքերը կասկածի տակ առնելու առիթ չունի։

 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել