Ըստ վկայի՝ երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ-ն ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի
10:10 - 01 ապրիլի, 2025

Ըստ վկայի՝ երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ-ն ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի

44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող Երվանդ Իսկանդարյանի պնդմամբ՝ այն պահին, երբ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը իրենց երթը շարունակելու հրաման է տվել, հակառակորդի անօդաչու թռչող սարք երկնքում ոչ տեսանելի է եղել, ոչ լսելի։ Այս ցուցմունքը ամբողջովին հակասում է Վերանյանին առաջադրված պաշտոնական մեղադրանքին, ըստ որի՝ նա պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել ԱԹՍ-ի ձայնի լսելի լինելու պայմաններում։

Դեպքը տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրականի շրջանի Իշխանաձոր գյուղի խաչմերուկում։ Ըստ մեղադրանքի՝ հիշյալ հրամանից րրոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին, որում ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) անձնակազմն էր։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Անդրանիկ Վերանյանն այս մեղադրանքը չի ընդունում։

Երվանդ Իսկանդարյանը, որ հետախուզական վաշտից էր, այդ օրը գտնվել է փոխգնդապետ Վերանյանի «Պիկապ» տեսակի մեքենայի բաց թափքում։ Որպես հետախույզ-դիտորդ՝ նրա պարտականությունն էր մշտապես հետեւել օդը մաքուր է, թե չէ (այսինքն՝ ԱԹՍ-ի առկայությունը), որեւէ շարժի կամ վտանգի դեպքում մեքենայում գտնվող հրամանատարներին (նույն մեքենայում էին նաեւ Արտյոմ Պողոսյանն ու Աբգար Խաչատրյանը) տեղեկացնել։ 

Իսկանդարյանը կանչվել էր հարցաքննության պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, ուստի Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը նրան մի շարք հարցեր հղեց։

Ըստ վկայի՝ եթե ԱԹՍ լիներ, առաջինն ինքը մեքենայի թափքից կիջներ

Պատասխանելով հարցերին՝ վկա Իսկանդարյանը պատմեց, որ Արցախ են մեկնել 2020 թ․ հոկտեմբերի 3-ին։ Նշեց՝ հոկտեմբերի 9-ի իրադարձությունները հիշում է որոշ չափով․ 5 տարի է անցել։

Իսկանդարյանի խոսքով՝ ԻՍՎ անձնակազմին առաջին անգամ հանդիպել են դեպի Իշխանաձոր տանող ճանապարհի վրա․ «Խոսկացություն է եղել, Վերանյանը հարցրել է սպաներից մեկին՝ ինչ եք անում, վառելիքի հարցերով էին, ասել է՝ լցրեք, միացեք մեզ, ուրիշ բան չի եղել։ Մենք շարունակել ենք ճանապարհը, որ տեսնենք՝ զորքից ով կա մնացած, որ վերցնենք, սաղի հետ իջնենք»։

Երկրորդ անգամ հրամանատարական «Պիկապը» ԻՍՎ անձնակազմին հանդիպել է մոտ մեկուկես ժամ անց Իշխանաձորի խաչմերուկում։

- Մինչեւ խաչմերուկ հասնելը ԱԹՍ-ի ձայն լսելի՞ էր,- հարցրեց պաշտպանը։

- Չէ, շատ ուշադիր ենք եղել,- պատասխանեց վկան։

- Վկա Ավո Զաքարյանի ցուցմունքից պարզ է դառնում, որ ԱԹՍ-ն մինչեւ խոցելը մոտ 30 րոպե օդում թռչել է։ Հնարավո՞ր է՝ այդքան ժամանակ օդում լիներ, բայց Դուք բաց թափքով ավտոմեքենայի մեջ չլսեիք։

- Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դժվար․․․

- Դիտորդի պարտականությունները որո՞նք են։

- Օդին ուշադիր լինես, դիմացդ, կողքերդ, հետեւդ նայես, որ եթե վտանգ զգաս թշնամու կողմից, մնացածին տեղյակ պահես, մեքենայից իջնեք, մի տեղ պատսպարվեք։

- Ստացվում է՝ լավ չեք կատարե՞լ Ձեր պարտականությունները։

- Լավ կատարելով չէ, մենք իրենց պես ավտոմատ մեխանիզմ չենք, տեխնիկա է, կարող ենք մեկը տեսնել, մեկը չտեսնել․․․

- Լավ, հասաք խաչմերուկ, հետո՞։

- Էդ ժամանակ մեր զինվորները եկան, հարցրին՝ ինչ եք անում, տղերքից պատասխանեցին՝ վերեւը բան կա, օդը կեղտոտ է, դրա համար չենք գնում։ Վերանյանը ինձ հարցրեց՝ օդը մաքուր է, ես ասացի՝ ինչքանով որ տեսնում եմ, մաքուր է։ Եթե մաքուր չլիներ, իմ անվտանգությունից թանկ բան չկա ինձ համար, անձամբ կիջնեի մեքենայից, սաղս էլ գիտենք, որ էդ մեքենայի վրա ավելի շատ են կենտրոնացած, քանի որ հրամանատարական մեքենա է։

Դատավորի ճշտող հարցին՝ անմիջապե՞ս է Վերանյանի հարցին պատասխանել, պետք չէ՞ր՝ 2-3 րոպե սպասել, համոզվել, որ օդը իսկապես մաքուր է, վկան պատասխանեց՝ ասելով՝ 

-Չեմ կարող ասել։ Կարող է՝ 3 րոպե սպասեինք՝ չլիներ, 5 րոպե հետո լիներ։

- Իսկ եղե՞լ է իրավիճակ, որ մեկը փորձի օդ կրակել եւ ձեր ավտոմեքենայից Աբգար Խաչատրյանը իջնի ու չթողնի։

- Ես չեմ հիշում տենց բան։ 

- Իսկ նման բովանդակությամբ զրո՞ւյց՝ «ԱԹՍ-ն ձեր խնդիրը չէ, ՀՕՊ-ի խնդիրն է»։

- Չէ, ես չեմ լսել։

- Որ ասած լինի՝ կապ չունի՝ ԱԹՍ կա, թե չկա, նստեք, գնացեք։ 

- Ես տենց բան չեմ լսել։

- Որեւէ մեկը հանդիմանե՞լ է Վերանյանին այդ հրամանի համար։

- Չեմ հիշում տենց բան։ Շատ կարճ է տեւել, սպաներից մեկնումեկի հետ խոսեց եւ զույգ եղբայրներից մեկի, ասաց՝ նստենք, հասնենք մնացած զորքին։ Իրար հետեւից շարժվել ենք, ու դեպքը եղել է, էդքան բան։

Վկա Իսկանդարյանը նշեց, որ խոսակցություններ են եղել՝ «էնպես անեն, որ էրեխեքին փրկեն, ոչ մեկը չգնա, մսաղաց դառնա»։ Մեղադրող դատախազ Հայկ Մարգարյանի հարցին, թե ով է նման բան ասել, վկան չկարողացավ պատասխանել, ասաց՝ անձամբ ներկա չի եղել, լսել է։ Մեղադրողը ընդգծեց՝ ապացույցը, որի աղբյուրը չի վկայակոչվում, չի կարող արժանահավատ գնահատվել։

Իսկանդարյանի խոսքով՝ ճանապարհ ընկնելուց 15-20 րոպե անց ԱԹՍ-ի ձայնը դարձել է լսելի։ Երբ ուժեղացել է, ինքը ձեռքով հարվածել է, որպեսզի կանգնեցնեն, արագ դուրս են եկել ու պատսպարվել։ Ըստ նրա՝ Արցախ մեկնելուց առաջ իրենց այդպես էին հրահանգավորել։ 

Այդ պահին էլ հենց պայթյունի ձայնն է լսվել։ Անմիջապես նստել են մեքենա, շտապել ԻՍՎ անձնակազմի մոտ։

Մեղադրանքի կողմը փորձեց հասկանալ՝ ինչպես է վկան հրամանատարական մեքենայում հայտնվել

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը խնդրեց հայտնել՝ վկան ի՞նչ հարաբերություններ ունի Անդրանիկ Վերանյանի հետ․ 

-Զինվոր-վերադաս, բայց լավ ենք եղել, վատ ձեւերով չենք եղել։

- Մյուս զինծառայողներից ավելի մտերի՞մ։

- Չէ, ոնց որ մյուսների հետ, ով իրեն լավ է պահել, շնորհքով։

- Զորակոչվելուց հետո հանդիպել, զանգե՞լ եք Վերանյանին։

- Չեմ հանդիպել, եղել է՝ զանգել եմ։

- Դուք՝ շարքային զինվոր, նա՝ գնդի շտաբի պետ, արդյո՞ք դա արտասովոր չէ, եթե մտերմություն չեք ունեցել։

- Չեմ մտածել, որ յուրահատուկ զարմանալու բան կա։ Եթե մի բան լավ կանես, վիզ կդնես, քեզ կնվիրես գործիդ, մանավանդ պատերազմի ժամանակ, միշտ էլ քեզ ուշադրություն կդարձնեն, այդպես է օրինաչափությունը․․․ Ես այդ վերաբերմունքն եմ ցույց տվել։ Միասին պատերազմ ենք անցել, ուրիշ ի՞նչ ասեմ, օրեր ենք ապրել, որ դուրսը այլ մարդկանց հետ 10-20 տարի էլ ապրես, հեչ բան է։

- Իսկ ո՞նց է եղել, որ Դուք թափքում եք հայտնվել։

- Ով որտեղ պետք է եղել, հրամայել են, ինչ հրաման տվել են, կատարել եմ։ Մենակ ես չեմ եղել, էլի ավտոներ են եղել, սաղի վրա էլ մեր վաշտից մարդիկ են եղել։ Մենք հետախուզական վաշտից ենք եղել, մնացած վաշտերի հետ համեմատած՝ շատ ենք դիրքեր բարձրացել, ավելի վարժ ենք եղել։

Մեղադրողի դիտարկմանը, որ Արցախի ոստիկանները ուղիղ ցուցմունք են տվել այն մասին, որ այդ պահին ԱԹՍ-ի ձայնը եւ լսելի էր, եւ տեսանելի էր, վկան արձագանքեց․ «Ես բան չունեմ ասելու, ինչ տեսել եմ, ինչ գիտեմ, դա եմ ասում»։

- Ճիշտը ասա,- վրդովվեց զոհված զինծառայողի հայրը՝ Հարություն Օհանյանը։

Օհանյանը փորձեց հասկանալ՝ ինչպես է ստացվել, որ հենց ինքն է հայտնվել հրամանատարական մեքենայում։

- Վեց հոգի մարդ ենք եղել ծանր զենք ունեցող, ովքեր տիրապետել են էդ զենքերին, բաժանել են։

- Ո՞վ է բաժանել։

- Բախտի բերմամբ, լրացրել ենք, ցրվել ու շարժվել։

- Իսկ միայն Անդրանիկ Վերանյանի՞ն եք զանգել, թե՞ Արգամ Խաչատրյանի հետ էլ էիք մտերիմ։

- Արգամ Խաչատրյանին էլ եմ զանգել։ Ես իմ սպաների հետ կապ եմ պահել, մարտական ուղի ունեմ անցած, ամեն ինչն էլ փոխադարձ է,- պատասխանեց վկան՝ պնդելով, որ դեպքից ոչինչ չեն զրուցել։

- Ձեզ հետաքրքիր չէ՞՝ 18 զինծառայողի մահվան մեջ մեղավոր կա, թե չկա,- հարցրեց մեղադրողը։

- Սաղի ցավն էլ տանեմ, Աստված նրանց հոգիները լուսավորի, բայց էդպես ինչքան տղաներ զոհվեցին․․․ Եթե մեղավոր կա, թող պատժվի։

- Բոլորը միաբերան ասում են՝ երկնքում ԱԹՍ կար, բացառո՞ւմ եք, որ բոլորը տեսած ու լսած լինեն, Դուք՝ ոչ։

- Ես վստահ եմ, որ չեմ տեսել, ով ինչ է տեսել, ես ի՞նչ իմանամ, ամեն մարդ մի բան կարա տեսնի, պատկերացնի, էլի եմ ասում՝ ես իմ անվտանգության համար հաստատ կիջնեի, ոչ բոյ կերթար, ոչ կարեւոր գործողություն էր, էդ մի քանի րոպեն եղանակ չէր փոխի։ Որ իջնես, ապրելու շանսերդ ավելի շատ են, եթե իհարկե հատուկ գործողություն չէ, որ ուզած-չուզած կյանքի գնով պիտի կատարես։

Վկայի հարցաքննության ավարտին տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը, որ դեպքի վայրում է եղել, հայտարարեց, թե նա սուտ ցուցմունք է տալիս․ 

«Ինձ թվում է՝ դատարանը ճիշտ կգնահատի վկայի ցուցմունքը, քանի որ մի քանի մարդկանց ասելով, մեր տեսածով, մեր լսածով, թուրքերի նկարածով, երեւում է, որ մենք էնտեղ ենք, ԱԹՍ-ն մեզ նկարում է, նստում ենք ավտոները, շարժվում ենք, բայց վկան այդ պահին չի տեսել․․․ Սխալ ցուցմունք է տալիս, կես ժամ հետո է դեպքը եղել, բայց շարժվել ենք, 5-6 ր հետո է եղել․․․ Բացի այդ, իրենք եկել են մի ժամ հետո, երբ ես պաժառնիկի ավտոյով կրակը հանգցրել, նստել էի։ Ես տեսել եմ իրենց ավտոն, կանգնել են 50-60 մ էն կողմ, մի հատ քար եմ վերցրել, որ վազեմ իրենց վրա, ընկել եմ, չեմ կարողացել գնալ, թողել, փախել են»։

Պաշտպան Նարեկ Գրիգորյանն էլ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանությամբ, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքում էական հակասություններ կային։ Դատարանը, սակայն, միջնորդությունը մերժեց՝ հակասությունները էական չհամարելով։

Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 9-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել