500 մլն դրամ Դավթաշենի այգիների բարեկարգման համար՝ չնայած ժամկետների ու նախագծերի շեղումներին
18:22 - 01 ապրիլի, 2025

500 մլն դրամ Դավթաշենի այգիների բարեկարգման համար՝ չնայած ժամկետների ու նախագծերի շեղումներին

Երևանի քաղաքապետարանը երկու ամիս առաջ տեղեկացրել էր Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգու նորոգման աշխատանքների սպասվող ավարտի մասին։ Այդ հրապարակման մեկնաբանություններում բնակիչները դժգոհում էին արված աշխատանքի որակից։ 


Փետրվարին «Ինֆոքոմն» այցելել էր վերջին 2 տարում Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգված այգիներ, ուսումնասրել արված աշխատանքները, զրուցել այգու տարածքում զբոսնող մարդկանց/քաղաքացիների հետ և արձանագրել ժամկետների խախտումներ և նախագծային շեղումներ։ 

Պարզել ենք, որ Դավթաշենի Կենտրոնական այգում բարեկարգման աշխատանքների նախագծով սահմանված խաղասարքերից մի քանիսը բացակայում են։

Նախագծով նախատեսված, բայց տարածքում բացակայող խաղասարքերը և մարզասարքերը

Բացի վերոնշյալից՝ ձմեռը տեղադրված ցայտաղբյուրից ջուրը հոսում և սառցակալում էր, հողերից դուրս ցցված խողովակներ կան, այգու վերջնամասում շինարարական աղբ է թափված, զուգարանը չի գործում։ Բարեկարգման աշխատանքները դեռ մեկ տարի առաջ պետք է ավարտված լինեին, սակայն մինչև օրս ավարտական ակտը ստորագրված չէ։ 


Չնայած ուշացումներին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը մեր զրույցում վստահեցրել է՝ բացակայող մարզասարքերը տեղադրվելու են։ 

«Պայմանավորվածություն ունենք շինարարի հետ, բացակայող մարզասարքերը պետք է տեղադրվեն, զուգարանը պետք է վերանորոգվի» - նշեց Ասլանյանը։ 

 

440 մլն դրամ պետական բյուջեից՝ այգու բարեկարգման աշխատանքներին 

2023 թվականի ապրիլի 13-ին Կառավարությունը որոշեց Երևան քաղաքում հրատապություն պահանջող մի շարք հարցերի լուծման համար քաղաքին մոտ 10 մլրդ դրամ տրամադրել։ 

Որոշմամբ նախատեսվում էր գումարը տրամադրել Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինման, ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզների կառուցման, ինչպես նաև այգիների վերանորոգման և այլ աշխատանքների իրականացման համար։

Օրեր անց արդեն Երևանի ավագանու նիստում հաստատվեց Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքների համար Կառավարության հատկացրած գումարից 632 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշումը։

Իսկ հաջորդ ամիս՝ մայիսին, այս որոշման շրջանակում  «Երվադա» ՍՊ ընկերության հետ 437 մլն դրամ արժեքով պայմանագիր կնքվեց՝ այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Տեխնիկական հսկողության իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթած «Միկան» ՍՊ ընկերության հետ էլ պայմանագիրը կնքվեց 600 հազար դրամով, և սա այն դեպքում, երբ այս աշխատանքների իրականացման համար բյուջեով  6․9 միլիոն դրամ էր նախատեսվել տրամադրել։ 

«Երվադա» ՍՊԸ-ն պայմանագրով սահմանված աշխատանքները պետք է սկսեր շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի ուժի մեջ մտնելու օրվանից։ 

Ընկերությունն այգու բարեկարգման աշխատանքները սկսեց օգոստոսի 15-ին։ Այդ աշխատանքները պետք է ավարտվեին 270 օրում՝ հաջորդ տարվա մայիսի 25-ին, այնինչ նախանշված ավարտից գրեթե մեկ տարի անց էլ այգու բարեկարգման շինաշխատանքների ավարտական ակտը տրված չէ։

Այգու այժմյան վիճակը և նախագիծը

Միաժամանակ, քաղաքապետարանը պնդում է, որ Դավթաշենի Կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքներն ավարտված են, իսկ ավարտական ակտը ներկայումս հավաքագրման և շրջանառության փուլում է։

«Երվադա» ընկերության հետ կքնված պայմանագրի համաձայն՝ եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնող ընկերությունը նշված ժամկետները խախտում է, նրանից գանձվում է համապատասխան տուգանք՝ կատարման ենթակա, սակայն չկատարված աշխատանքի գնի 0.05 տոկոսի չափով: 

Տուգանքի չափը հաշվարկվում է սահմանված ժամկետից հետո ներկայացված կատարողական ակտերի հիման վրա։ Քանի որ «Երվադա» ընկերությունը փաստացի աշխատանքներ է իրականացրել և դրանց համար կատարողական ակտեր ներկայացրել մինչև 2024 թվականի դեպտեմբերի 23-ը, այդ պահի դրությամբ տուգանքի չափը կազմել է 14 մլն դրամ։

Հարց է առաջանում, եթե կապալառու ընկերությունը դեռ չի ավարտել աշխատանքները, ապա ինչպե՞ս է հայտ ներկայացնում ավարտական ակտ ստանալու համար։ 

Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են, որ ավարտական ակտը ստորագրվում է մի քանի սուբյեկտների (Տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների, քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության) կողմից, բայց կարող է նաև չստորագրվել, եթե աշխատանքները չեն ավարտվել կամ անհամապատասխանություններ կան։ Իսկ եթե շինարարը մինչ ավարտական ակտ ստանալը աշխատանքներ իրականացնի և դրանց համար կատարողական ակտ ներկայացնի, ապա տուգանքների չափը կմեծանա։ 

 

Նախագծային շեղում՝ Դավթաշենի մեկ այլ այգու կառուցման ընթացքում

Տուգանքներ են սահմանվել նաև Դավթաշեն վարչական շրջանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան N 200 դպրոցի հարակից տարածքում պուրակ հիմնող «Կապիտալ շին քոնսթրաքշն» և «Բիդեք» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի նկատմամբ։ 

Պուրակի հիմնման աշխատանքների համար պայմանագիրը կնքվել է 2023 թվականի ապրիլի 28-ին՝ պայմանագրային 60 մլն դրամ գնով։ Տեխնիկական հսկողությունն իրականացնրել է «Միկան» ՍՊ ընկերությունը։

Պուրակի կառուցման աշխատանքները սկսել են ապրիլի 28-ին։ Նախատեսված 210 օրվա փոխարեն աշխատանքները ավարտվել են 320 օր անց։

Քաղաքապետարանից հայտնում են՝ ժամկետներն ուշացնելու համար տուգանքներ են կիրառվել, որոնց ընդհանուր չափը կազմել է 1.67 մլն դրամ։ 

Այգու այժմյան տեսքը և նախագիծը

Պուրակ մեր այցի ժամանակ պարզեցինք, որ այգու տարածքում նախագծից շեղումներ կան։ Մասնավորապես բացակայում էին նախագծով սահմանված շատրվանները, իսկ ֆուտբոլի դաշտը հակառակ ուղղությամբ էր կառուցված։ 

«Կապիտալ շին քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Համլետ Կարապետյանն այգու նախագծային փոփոխությունների մասին խոսելիս մեր զրույցում ասաց, որ ոռոգման ցանցի հետ կապված խնդիրներ են եղել՝ ջուր չի մատակարվել, շատրվանները չեն կառուցվել։

Ըստ շինարարի՝ նախագծից շեղումները հիմնականում պայմանավորված են լինում թերի նախագծման աշխատանքներով, հետագայում կապալառու ընկերությունն է ահազանգում այդ խնդիրների մասին և նախագծային փոփոխություների վրա ժամանակ ծախսում։ Կարապետյանի համոզմամբ՝ թերի նախագծային աշխատանքներն են նպաստում շինարարական աշխատանքների ավարտի երկարաձգմանը։ 

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասլանյանը, խոսելով այգում եղած նախագծային շեղումների մասին, նշեց, որ փոփոխության պատճառը տնկված ծառերն են եղել, որոնք խանգարել են խաղադաշտի կառուցմանը։ Ծառերը չվնասելու համար փոխել են խաղադաշտի ուղղությունը։ Ինչ վերաբերում է շատրվաններին և ոռոգման խնդրին, ապա, Ասլանյանի պնդմամբ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿԻ հետ համատեղ պլանավորում են ապագայում կաթիլային ոռոգման ցանց անցկացնել, այգու հողային հատվածները կանաչապատել։ 

«Քանի որ նախագծանախահաշվային փաստաթղթերում նախատեսված է եղել շատրվանների կառուցում, սակայն բացակայում էին պոմպակայանի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական պայմանները, որոնք շինարարության գնման պայմանագրի կնքումից հետո հնարավոր չէր ապահովել, հետևաբար կատարվել է աշխատանքների ծավալների 15 տոկոսի համադրում` չփոփոխելով պայմանագրի արժեքը», - մեր հարցմանն ի պատասխան նշում են քաղաքապետարանից՝ առանց ներկայացնելու ծավալների համադրման մանրամասները։ 

Այսպիսով, Դավթաշենում այգու բարեկարգման և պուրակի կառուցման համար ծախսվել է ավելի քան 500 միլիոն դրամ, սակայն համայնքի բնակիչները նախագծին համապատասխան այգիները ստացել են ուշացմամբ և նախագծային շեղումներով։


Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել