news.am: Քասախցիները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին՝ պարբերաբար բացելով այն մեքենաների անցման համար:
Նրանք պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որը իրենց գյուղը կապում է Երևանին:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ առաջարկ է եղել հանդիպում կազմակերպել Արագածոտնի մարզպետարանում, բայց իրենք համաձայն չեն, պահանջում են, որ մարզպետն ինքը գա իրենց հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:
Բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
comment.count (0)