Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում ապրիլի 10-ին կազմակերպված հակահայկական ուղղվածությամբ միջոցառմանը՝ ափսոսանք հայտնելով, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում:
«Ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։
Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին։
Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ վերոնշյալի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր։
Ավելի վաղ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը ահազանգ էր հնչեցրել Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթացող «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովի վերաբերյալը՝ նշելով, որ մինչև այդ պահը հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել այդ գիտաժողովի մասին։
«Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից), որոնց նպատակն է բացառել հայ պատմության, հայ մշակույթի և հայերի առկայությունը Ադրբեջանի տարածքում, ուստի աղվանական են ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով. դա Ամարասն է, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։
Մեզ համար անհասկանալի է նաև ասպարեզի որոշ հայտնի հետազոտողների մասնակցությունը, ովքեր տեսել են որ այս գիտաժողովին որևէ հայ հետազոտող չի մասնակցում և չկա որևէ բառ հայերի մասին»,- մեջբերված է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմի տարածած հաղորդագրությունից;
comment.count (0)