Հայաստանը հաղթանակ տարավ Արցախյան առաջին պատերազմում, Ադրբեջանը՝ Երկրորդ՝ 44-օրյա պատերազմում։ Երկու երկրների առաջնորդներն էլ իրենց ելույթներում սկսեցին զարգացնել հաղթանակի նարատիվը։
Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանի՝ Small Wars & Insurgencies հանդեսում վերջերս հրապարակված հոդվածը ցույց է տալիս, որ երկու երկրներում հաղթանակի նարատիվները ոչ միայն նման չեն, այլև կտրուկ տարբերվում են. եթե Հայաստանի ղեկավարները 1994-ից հետո հաղթանակին նվիրում էին փոքրածավալ ելույթներ՝ խոսելով խաղաղ և փոխզիջման վրա հիմնված կարգավորման մասին, ապա Ադրբեջանի ղեկավարությունը 44-օրյա պատերազմից հետո հաղթանակին նվիրում է երկարաշունչ ելույթներ՝ անձնավորելով ու սիմվոլիզացնելով հաղթանակը, ապամարդկայնացնելով Հայաստան պետությունն ու հայ ժողովրդին։
Ադրբեջանն ավելի մեծ տեղ է տալիս հաղթանակի նարատիվի ձևավորմանը
Էրիկ Դավթյանն այս հետազոտության ընթացքում ուսումնասիրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 60 հայտարարություններ, ուղերձներ և ելույթներ՝ նվիրված հաղթանակին։ Հայաստանի դեպքում ուսումնասիրվել է Արցախյան առաջին պատերազմի ավարտից մինչև 2020-ի 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածը, Ադրբեջանի դեպքում՝ 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակաշրջանը։ Հեղինակը հոդվածում նշում է, որ հայկական ղեկավարության՝ հաղթանակի նարատիվը եղել է հակիրճ և պարզ․ Հաղթանակի ու խաղաղության (մայիսի 9), Բանակի օրվան (հունվարի 28) նվիրված ելույթները և ուղերձները կազմված են միջինում 288 բառից, մինչդեռ ադրբեջանական ղեկավարության ուղերձները ծավալով գերազանցում են մոտ 10 անգամ։
Էրիկ Դավթյանը
Էրիկ Դավթյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ Հայաստանի ղեկավարությունը երբեք այնքան մեծ ուշադրություն չի դարձրել հաղթանակի նարատիվը ձևակերպելուն, մատուցելուն, որքան Ադրբեջանը։ Եվ չնայած գիտնականն այս հետազոտությամբ դրա պատճառները գտնելու խնդիր չէր դրել, ենթադրում է՝ պատճառն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը հաղթանակի իրողությունն ինքնին հասկանալի է համարել։
«Այսինքն, եթե մենք հաղթել ենք Առաջին պատերազմում, մարդիկ այս կամ այն կերպով արդեն կհասկանան հաղթանակի խորհուրդը, կարևորությունը, իմաստը։ Ելույթները սեղմ ու ընդհանրական էին` սահմանափակվելով հաղթանակի կապակցությամբ հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքներով և խաղաղության, բարեկեցության ու բարգավաճման մաղթանքներով»,- ասում է նա։
Հաղթանակի անձնավորումը
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմին հաջորդող ելույթներում զարգացնում է հաղթանակի անձնավորված նարատիվ՝ փորձելով ընդգծել իր՝ որպես նախագահի անձնական դերը, որը «մոտ 20 տարի երկիրն առաջնորդել է դեպի հաղթանակ»։ Ալիևը նաև հղում է անում իր՝ պատերազմին նախորդած շրջանի հայտարարություններին՝ ցույց տալով, թե ինքը դեռ մինչև պատերազմն էր հավատում հաղթանակին և Արցախի նկատմամբ վերահսկողություն սահմանելու հեռանկարին։
Հաղթանակի՝ Ալիևի անձով պայմանավորելն, ըստ հոդվածի հեղինակի, արտահայտվում է նաև նրանում, որ 2020-ից հետո ադրբեջանական իշխանությունները սկսել են Իլհամ Ալիևին կոչել «Հաղթական գերագույն գլխավոր հրամանատար»: Իսկ այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը պատերազմում հաղթանակն ու իր իշխանությունը ցուցադրելու համար բարձրացրեց բռունցքը՝ որպես ուժի նշան, այդ ժեստը դարձավ ադրբեջանական ռազմական գործողության պաշտոնական անվանումը՝ «Երկաթյա բռունցք», ինչպես նաև հաղթանակի խորհրդանիշ:
Հաղթանակի նարատիվի անձնավորումը չի սահմանափակվում միայն Իլհամ Ալիևով։ Վերջինս հաղթանակը պայմանավորում է նաև իր հորով՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևով։
«Իլհամ Ալիևը շարունակաբար պնդում է, թե հենց իր հայրն է հիմքեր դրել ապագա հաղթանակի համար՝ երկիրը տանելով զարգացման ուղով և բարեփոխելով բանակը: Այս մոտեցումը ցուցադրելու համար Հեյդար Ալիևի անունը խորհրդանշորեն կապվեց 44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղում ադրբեջանական կառավարության սկսած կառուցապատման ծրագրերի հետ: Օրինակ՝ Շուշիում երկրորդ (2023 թ.) և երրորդ (2024 թ.) բնակելի համալիրների կառուցմանը նվիրված արարողությունը կայացավ Հեյդար Ալիևի ծննդյան օրը»,- ասվում է հոդվածում։
Անդրադառնալով հաղթանակի հայկական նարատիվին՝ հեղինակը գրում է՝ անձնավորման երևույթը Հայաստանի ղեկավարներից ոչ մեկի ելույթներում չի նկատվում։
«Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը 1980-ական թթ. վերջի Ղարաբաղյան շարժման առանցքային դեմքն էր և հետագայում՝ Հայաստանի նախագահ, իսկ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը էական դեր են ունեցել Ղարաբաղյան առաջին պատերազմի մարտական գործողություններում, նրանցից ոչ մեկը չի փորձել անձնավորել հաղթանակը»,- ասվում է հոդվածում:
Էրիկ Դավթյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ հաղթանակն իր անձի հետ պայմանավորող Իլհամ Ալիևն, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի երկրորդ ու երրորդ ղեկավարների, ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չի ունեցել։
Իսկ այն, որ Ադրբեջանում հաղթանակն անձնավորվում է, գիտնականը բնական է համարում․ պատճառն, ասում է, Ադրբեջանում անձի պաշտամունքի կերտումն է, որը հետևանք է ավտորիտար ռեժիմի։ Մինչդեռ, գիտնականի խոսքով, Հայաստանում, որևէ ղեկավարի կողմից անձի պաշտամունքի կերտման փորձ չի արվել։
Նա հիշում է, որ Ալիևի ելույթներն ուսումնասիրելիս հաճախ էր նկատում այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «Ե՛Ս հրաման տվեցի անել այսինչ բանը», «Ե՛Ս նամակներ էի ստանում ժողովրդից, որ կանգ չառնեմ», Ե՛Ս որոշեցի մինչև վերջ գնալ»։
Ո՞վ է թշնամին
Հոդվածից պարզ է դառնում, որ էական տարբերություն է նկատվում նաև այն հարցում, թե ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նկարագրում թշնամուն։ Իլհամ Ալիևը հայտարարում է, թե 2020 թ․ պատերազմը պարզապես Հայաստանի և Ադրբեջանի միջև չէր, և «Ադրբեջանը կռվել է մի քանի թշնամիների դեմ»: Այդ «թշնամիների» թվում են հայկական սփյուռքը, «Հայաստանի միջազգային հովանավորները, որոնք աջակցել են Երևանին և ճնշում գործադրել Բաքվի վրա»։
Էրիկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշում է՝ այն նարատիվը, թե Հայաստանն, իբր, «փաստացի անկախ չէ և խամաճիկ է այլ երկրների ձեռքում», Ադրբեջանը վաղուց է զարգացրել։ Իսկ «այլ երկրներ» ասելով, չնայած ոչ ուղիղ ձևակերպումներին, Ադրբեջանը սկզբում ակնարկում էր Ռուսաստանին, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Ֆրանսիային։
Իլհամ Ալիևը որպես թշնամի է որակում նաև Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններին՝ մեղադրելով նրանց հաղթանակին ընդդիմանալու և Հայաստանին աջակցելու համար:
Էրիկ Դավթյանն ասում է՝ Հայաստանի ղեկավարների ելույթներում ինքը չի նկատել պնդումներ այն մասին, թե Հայաստանի ներսում կան քաղաքական ուժեր, որոնք խոչընդոտել են մեր զինված ուժերի հաղթարշավին։
«Հայաստանի դեպքում եղել են, իհարկե, քաղաքական ուժեր, որոնք տարբերվող մոտեցում են ունեցել հակամարտության վերաբերյալ, բայց հաղթանակի նարատիվի մակարդակում չեմ նկատել, որ որևէ ղեկավար քննադատի կամ ինչ-որ կերպ հիշատակի ընդդիմադիր որևէ ուժի»,- ասում է գիտնականը։
Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանի նարատիվը պարունակում է խիստ վիրավորական և հայատյաց լեզու՝ ներկայացնելով 2020-ի պատերազմի ավարտը որպես Հայաստանի «կապիտուլյացիայի ակտ», պահ, երբ Ադրբեջանը «կոտրեց թշնամու մեջքը և ջախջախեց նրա գլուխը՝ ստիպելով ծնկի իջնել»:
Հոդվածում հղում է արվում գիտությունների դոկտոր Նաիրա Սահակյանի մի հետազոտության, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Արդբեջանն ապամարդկայնացնում Հայաստանը՝ որպես պետություն և ազգ։ էրիկ Դավթյանի՝ հաղթանակին նվիրված ելույթների վերլուծությունը վերահաստատում է ապամարդկայնացման խոսույթը։ Ի հավելումն՝ հեղինակը նշում է, որ հաղթանակի նարատիվի համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը թիրախավորում է ոչ միայն հայ ազգին, այլև հայկական ղեկավարությանն ու բանակին:
Հոդվածի հեղինակը մեջբերում է Իլհամ Ալիևի հայտարարություները, համաձայն որոնց՝ Ադրբեջանը «ոչնչացրել է» Հայաստանը, որը «հավերժ կապրի պարտված ազգի և պետության կնիքով», «գլուխը կախ»: Ադրբեջանի ղեկավարը Հայաստանն անվանում է «ատելի», «գարշելի», «արհամարհելի թշնամի», որն «արժանի չէ մարդկային վերաբերմունքի»: Իլհամ Ալիևը թիրախավորում է նաև Հայաստանի նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ համեմատելով նրանց նապաստակների հետ, որոնք 2020-ի պատերազմի ժամանակ «փախել են Ղարաբաղից»։ Իսկ ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանի մասին խոսելով՝ նշում է, թե վերջինս «թաքնվել է մկան պես» և 2020 թ․ եռակողմ հայտարարությունը «ստորագրել է արցունքն աչքերին»: Հայկական զինված ուժերն Ադրբեջանի նախագահը կոչում է «10 հազար դասալիքների բանակ», որը «դողում է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների մասին լսելիս»:
Էրիկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշում է՝ հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարության ու բանակի ապամարդկայնացումը կոնկրետ նպատակն ունի։
«Նպատակն Ադրբեջանի ժողովրդին համոզելն է, որ հայ ժողովրդի դեմ պատերազմելը արդար գործ է, ու հայ ժողովրդի դեմ պայքարելու ցանկացած գործիք կամ միջոց արդարացված է։ Նրանց մոտ ստացվեց ստեղծել այդ «զզվելի», «ատելի» հայի կերպարը, որն «ամեն վատի մարմնավորումն է», ու որին ոչնչացնելը, սպանելը բխում է Ադրբեջանի, ադրբեջանցիների շահերից։ Երբ որ դա կարողանում ես համոզել, պատերազմ սանձազերծելը ներքաղաքական որևէ խնդիր չի առաջացնում»,- ասում է գիտնականը։
Այս համատեքստում կարևոր է հիշեցնել, թե ինչպես 44-օրյա պատերազմին հաջորդեցին Վայոց ձորի և Սյունիքի հատվածում Հայաստանի ինքիշխան տարածքի օկուպացիան, Արցախի շրջափակումն ու հայաթափությունը։ Իսկ այժմ Ադրբեջանում պետական մակարդակով խոսվում է, այպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, հայտարարվում է, թե «ադրբեջանցիները պիտի վերադառնան իրենց պատմական հայրենիք»։ Հարցին, թե արդյո՞ք հայերի ապամարդկայնացման խոսույթն Ադրբեջանն այժմ փորձում է օգտագործել վերը նշված նպատակին հասնելու համար, Էրիկ Դավթյանը դրական է պատասխանում։
«Սրանք նախապատրաստական փուլեր են։ Դու սկզբում գեներացնում ես ատելություն մի ամբողջ ժողովրդի նկատմամբ, համոզում ես քո սեփական բնակչությանը, որ նրանք չունեն պետություն ունենալու իրավունք, բարբարոս են, քոչվոր են, հանցագործ են․․․ Դրանից հետո հիմնավորում ես նաև, որ այն տարածքը, որտեղ ապրում է հայ ժողովուրդը՝ Հայաստանի Հանրապետությունը, «Արևմտյան Ադրբեջան է»։ Մենք տեսնում ենք, որ սրանք ոչ թե ինչ-որ էպիզոդիկ բաներ են, այլ համակարգված քաղաքականություն․ օրինակ՝ ՀՀ բոլոր տեղանունների ադրբեջանական համարժեքները ստեղծել, տարածել քարտեզներ, որտեղ Սյունիքը նշված է որպես Ադրբեջան։ Նաև հայտարարությունների մակարդակում ենք տեսնում․ Ալիևն, օրինակ, ասում է՝ մենք տանկերով հետ չենք գնա, խաղաղ ճանապարհով կգնանք, բայց մենք անպայման հետ կգնանք, դա պատմական ադրբեջանական հող է»,- ասում է գիտնականը։
Էրիկ Դավթյանը շեշտում է՝ նման հայտարարություններին զուգահեռ պաշտոնական մակարդակով պահանջներ են դրվում, թե «երբ ադրբեջանցիները վերադառնան ՀՀ-ում ապրելու, պետք է այնտեղ նաև ինքնավարության իրավունք ունենան»։ Գիտնականը նշում է՝ եթե պատկերացնենք մի անհավանական սցենար, երբ ինչ-որ ադրբեջանցիներ կարող են գալ ու բնակվել Հայաստանում, մի օր էլ ադրբեջանական կողմից կարող է հայտարարվել, օրինակ, թե այդ ադրբեջանցիների իրավունքները ոտնահարվում են, ինչն էլ կարող է օգտագործվել որպես ռազմական գործողություններ սկսելու հիմնավորում։
Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարության՝ հաղթանակի նարատիվում կա հայատյացության հստակ դրսևորում, ինչը, փաստորեն, օգտագործվում է որպես գործիք՝ արդարացնելու Հայաստանի ու հայության դեմ ագրեսիան։
Հոդվածում այնուհետև անդրադարձ է կատարվում նրան, թե ինչպես էին Հայաստանի տարբեր ղեկավարներ Արցախյան առաջին պատերազմից հետո տալիս թշնամու ձևակերպումը։ Պարզ է դառնում, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայակական կողմը չէր թիրախավորում Ադրբեջանը՝ որպես երկիր, չէր գործածում Ադրբեջանի նախագահներին ապամարդկայնացնող, դիվականացնող կամ վիրավորող բառապաշար: Հայաստանի ղեկավարները հաղթանակին նվիրված ելույթներում անգամ խուսափում էին օգտագործել «թշնամի» բառը՝ փոխարենն Ադրբեջանն անվանելով «հակառակորդ»։ Նրանք ադրբեջանցիներին որակում էին որպես ազգ, որին հայերը հարգում են, և ավելի շատ փորձում էին բացատրել հակամարտության բնույթը։
Արցախ, մայիսի 9, 2017 (լուսանկարը՝ ՀՀ նախագահի կայքից)
Հետաքրքիր է, որ երկու երկրների ղեկավարներն էլ իրենց ելույթներում խոսում են ուժերի անհամաչափության մասին։ Եվ եթե Ադրբեջանը նժարը թեքում է դեպի իր կողմը՝ Հայաստանին վերաբերվելով որպես ստորադաս պետության, ապա Հայաստանը խոսում էր նյութական ուժի՝ հօգուտ Ադրբեջանի անհամաչափության մասին։
Հայկական ղեկավարությունը բազմիցս էր նշում, որ 1990-ականների սկզբին Հայաստանը մղել է պարտադրված պատերազմ, և այն իր բնույթով ազատության համար պայքար է եղել: Ուստի, Ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցած զինվորները կոչվում էին «ազատամարտիկներ», իսկ հետպատերազմյան շրջանում Հայաստանի սահմանները պաշտպանողները՝ ազատության «առաջնային երաշխավորներ»։
Հայաստանի բոլոր չորս առաջնորդները հայտարարում էին նաև, որ Արցախյան առաջին պատերազմում Հայաստանի հաղթանակը և շփման գծի հետագա պահպանությունը նպատակ ունեին ոչ միայն պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այլ նաև երաշխավորելու հայ բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Պատերազմը նրանք բնութագրում էին որպես գոյամարտ, իսկ հաղթանակը դիտարկում էին ոչ միայն որպես Լեռնային Ղարաբաղի տարածքի ազատագրում, այլ նաև ցեղասպանության կանխարգելում:
Հայաստանի՝ մի քանի դար շարունակ պետականություն չունենալու փաստն, ըստ հայ ղեկավարների, Հայոց ցեղասպանությունը կանխել չկարողանալու պատճառ է եղել։ Հեղինակը մեջբերում է Սերժ Սարգսյանի ելույթներից մի հատված, որտեղ վերջինս նշում էր, թե պետականության կորստի և հետևաբար՝ բանակի բացակայության հետևանքով են տեղի ունեցել ոչ միայն 1915-ի ցեղասպանությունը, այլ նաև Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը։ Հայաստանի առաջնորդները, հետևաբար, հայտարարում էին, որ այս հաղթանակի շնորհիվ Հայաստանը այլևս երբեք նոր ցեղասպանության չի ենթարկվի:
Հոդվածի հեղինակը Հայկական ղեկավարության՝ հաղթանակի նարատիվում ևս մի կետ է նկատում․ նրանք Արցախյան հակամարտությունը նկարագրում էին որպես պայքար՝ հանուն համընդհանուր արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, հանդուրժողականության։
Հաղթանակը՝ ամրագրված օրացույցի վրա և սիմվոլներով
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է հաղթանակն ամրագրել օրացույցի վրա և սիմվոլների միջոցով։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 27-ը, հռչակվեց որպես «Հիշատակի օր», նոյեմբերի 8-ը՝ Շուշին գրավելու օրը՝ «Հաղթանակի օր», իսկ Արցախի քաղաքների գրավման օրերը՝ «Քաղաքային օրեր»: Հոդվածի հեղինակը նկատում է, որ Հայաստանի դեպքում, օրինակ, մայիսի 9-ը կոչվում է «Հաղթանակի և խաղաղության օր», այսինքն՝ «հաղթանակ» բառի կողքին ավելանում է նաև «խաղաղությունը»։
Ադրբեջանի տարբեր շրջաններում 44-օրյա պատերազմից կանգնեցվեցին «Երկաթյա բռունցք» հուշարձաններ՝ որպես Ալիևի՝ ի նշան հաղթանակի բարձրացրած բռունցքի վիզուալ սիմով։ Բացի այդ՝ 2021-ին Բաքվում բացվեց Ռազմավարի պուրակը, որտեղ ցուցադրված է գրավված հայկական զինտեխնիկան։
«Երկաթյա բռունցք» հուշարձաններից մեկն Արդբեջանում
Ավելին՝ Ադրբեջանը հաղթանակը «սիմվոլիզացնելու» համար օգտագործում է ենթակառուցվածքային ծրագրերը․ Արցախի հարավային դաշտավայրերը Շուշիի հետ կապող ճանապարհն, օրինակ, կոչվեց «Հաղթանակի ճանապարհ»։ Սիմվոլիզացումն ունի նաև մշակութային տարրեր․ Շուշիին շնորհվեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ:
Հոդված հեղինակն այնուհետև գրում է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական ղեկավարության ելույթներում և ուղերձներում չկային ո՛չ հաղթանակն օրացուցույցի վրա ամրագրելու, ո՛չ այն սիմվոլներով ներկայացնելու տարրեր։
Հաղթանակը և հակամարտության կարգավորման հեռանկարները․ փոխզիջո՞ւմ, թե՞ ռազմական լուծում
Ինչպես և կարելի էր կռահել, հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները ևս խիստ տարբերվում են երկու երկրների առաջնորդների՝ հաղթանակի նարատիվներում։
Հոդվածի հեղինակը գրում է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, թե հակամարտությունն ավարտվել է, «Ղարաբաղն անգամ գոյություն չունի որպես տարածքային միավոր»:
«Բաքվի վարքագիծը մինչև 44-օրյա պատերազմն էլ էր ագրեսիվ ու պատերազմաշունչ, սակայն պատերազմից հետո դա էլ ավելի սաստկացավ»,- ասվում է հոդվածում։
Ադրբեջանի նախագահը մերժում է Հայաստանի հետ որևէ փոխզիջումային լուծում՝ պնդելով, թե «իրենց պայմանների ընդունումը Հայաստանի համար միակ հնարավորությունն է հարմարավետ ապրելու 29 հազար քառ․ կիլոմետր տարածքում»:
Իլհամ Ալիևը սպառնում է ռազմական ուժ կիրառել՝ անելով այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են «Հայաստանը պետք է լիովին հասկանա, որ մենք կարող ենք լուծել ցանկացած ռազմական խնդիր, և ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել», «Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը»։ Բացի այդ՝ նա պնդում է, թե 2020 թ․ պատերազմից հետո Ադրբեջանը դարձել է տարածաշրջանի գերիշխող պետություն, ուստի «Հայաստանի դիմադրությունն անիմաստ է»:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանը նաև հետպատերազմական իրողություններն է օգտագործում հաղթանակի նարատիվը զարգացնելու համար: Նա, օրինակ, հայտարարում է, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը տեղի են ունենում ադրբեջանական պայմաններով, «ինչպես որ պետք է լիներ», և «այսուհետ այդպես կլինի»:
Էրիկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշում է՝ Հայաստանի ղեկավարների ելույթներում նման երևույթ չի նկատել։ Ըստ գիտնականի՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից հետպատերազմական զարգացումները հաղթանակի նարատիվի համատեքստում օտագործելը նպատակ ունի ցույց տալու, թե 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը դարձել է շատ ավելի հզոր պետություն, տարածաշրջանում օրակարգ թելադրող, և հաղթանակը նրան տվել է իրավունք՝ Հայաստանի հետ խոսելու օրակարգ թելադրողի դիրքերից։
Ի հակադրություն՝ Հայաստանի ղեկավարներն Արցախյան առաջին պատերազմից հետո իրենց ելույթներում խոսում էին խաղաղության պահպանման կարևորության մասին՝ այն նկարագրելով որպես «մեծագույն հաղթանակ», «մեծագույն արժեք»: Եթե Ադրբեջանի ղեկավարությունն այժմ խոսում է տարածաշրջանում դոմինանտ լինելու մասին, Հայաստանի ղեկավարներն այն ժամանակ խոսում էին Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և տարածաշրջանային հավասարակշռություն երաշխավորելու մասին։
Ավելին՝ Հայաստանի ղեկավարները հաղթանակից հետո անգամ խոսում էին բանակցված խաղաղության հասնելու, փոխադարձ վստահության կառուցման և հայ ու ադրբեջանցի հասարակությունների՝ խաղաղության և հաշտեցման նախապատրաստման կարևորության մասին։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, կարծում էր, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շահերը պետք է հաշվի առնվեն:
Նարատիվների տարբերություններ․ պատմական և տնտեսական հիմքեր
Հոդվածի հեղինակն այնուհետև հարց է բարձրացնում, թե որն է պատճառը, որ իրար շատ հարցերում նման երկու պետություններ հաղթանակ տանելուց հետո ունեցան նարատիվների նման տարբերություններ։ Հայաստանի դեպքում նա առանձնացնում է երկու պատճառ։ Առաջինը պատմական է․ պայմանավորված հայոց ցեղասպանության փաստով և Ադրբեջանի՝ 1980-ականներից սկսված ագրեսիվ վարքով՝ հայկական նարատիվում նկատվում է գոյաբանական հարցերի նկատմամբ զգայունություն։ Նարատիվի տարբերության երկրորդ պատճառն, ըստ հեղինակի, այն է, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկություն ուներ կանխելու շփման գծում հնարավոր սրացումը և բաց էր Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության գաղափարի առջև:
Սակայն արդյո՞ք միայն պատմական իրողություններով ու խաղաղության գաղափարի առջև բաց լինելով կարելի է պայմանավորել հայկական նարատիվի առանձնահատկությունները, և արդյո՞ք տնտեսական գործոնը ևս կարևոր չէ։ Պատասխանելով այս հարցին՝ Էրիկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշում է՝ տնտեսական ու ռազմական անհամաչափությունն, իհարկե, դեր խաղացել է։
«Նույնիսկ Արցախյան առաջին պատերազմում պարտությունից հետո Ադրբեջանն ասում էր, որ ռազմական ու տնտեսական ուժի առումով ասիմետրիա կա՝ հօգուտ իրենց, որովհետև նավթ ունեն, բնակչությունը մի քանի անգամ ավելի շատ է և այլն։ Հայաստանում էլ են միշտ ընդունել դա․ երբեք չի հերքվել, որ ասիմետրիա կա՝ ի վնաս մեզ»,- ասում է նա։
Գիտնականը շեշտում է ևս մի հանգամանք. Հայաստանի ղեկավարները միշտ հույս են ունեցել, որ հնարավոր է փոխզիջումային լուծման գնալ Ադրբեջանի հետ, թեկուզ միջնորդների օգնությամբ կամ ճնշմամբ:
«Մտածել են՝ եթե մենք ինչ-որ բան զիջենք, դրա դիմաց Ադրբեջանն ի վերջո կհամաձայնի հակամարտությունը լուծել։ Ու անընդհատ խոսել են խաղաղության մասին, փոխզիջման կարևորության մասին, փորձել են ագրեսիվ ու պատերազմաշունչ հռետորաբանությունից խուսափել, որ առիթ չտան Ադրբեջանին գնալու որևէ պրովոկացիայի»,- ասում է նա։
Էրիկ Դավթյանը նշում է՝ հաշվի առնելով, որ տնտեսական ու ռազմական անհամաչափությունը գնալով խորացել է՝ պայմանավորված հատկապես Ադրբեջանի նավթային գործարքներով, Հայաստանի ղեկավարները հասկացել են, որ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան գնալ որևէ կոմպրոմիսային լուծման։
Այս համատեքստում հարց է առաջանում, թե արդյո՞ք ոչ կոշտ հռետորաբանությանը և փոխզիջմանը պատրաստ լինելուն զուգահեռ բավարար աշխատանք է տարվել տնտեսական ու ռազմական անհամաչափությունը վերացնելու ուղղությամբ։ Էրիկ Դավթյանը կարծում է, որ Հայաստանում ավելի շատ եղել է համակերպվածություն եղած վիճակի հետ։
«Չի տարվել այնպիսի քաղաքականություն, որ հնարավոր լինի այդ ասիմետրիան որևէ ձև շտկել, այսինքն՝ գույքագրել այն ինտելեկտուալ, նյութական ռեսուրսները, որ ունենք, և փորձել որևէ ռազմավարություն ու դրան համապատասխան քաղաքականություն մշակել։ ․․․․ Կա՛մ հույսը դրվել է արտաքին միջամտության վրա, կա՛մ, եթե չլինի արտաքին միջամտություն, ամեն կերպ Ադրբեջանին համոզել, որ գնան փոխզիջումային լուծման։ Պարզապես այնպես ստացվեց, որ Ադրբեջանն այդ փոխզիջմանն էլ համաձայն չէր։ Երևի թե նրանք էլ հասկացան, որ ինչ-որ մի պահի կկարողանան ուժով ստանալ այն, ինչը բանակցություններով չէին կարող»,- ասում է գիտնականը։
Հետաքրքիր է, որ երբ գիտությունների դոկտոր Նաիրա Սահակյանն ուսումնասիրել էր Իլհամ Ալևի հոր՝ Հեյդար Ալիևի հռետորաբանությունը, նկատել էր, թե ինչպես է վերջինիս՝ Արցախյան հակամարտությանը վերաբերող խոսույթում, Ադրբեջանի տնտեսական զարգացմանը զուգահեռ, սկսում ձևավորվել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նարատիվը։
Այսպիսով, Էրիկ Դավթյանի հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են երկու պետություններ պատերազմում հաղթելուց հետո զարգացնել հաղթանակի՝ իրարից կտրուկ տարբերվող նարատիվներ՝ պայմանավորված պատմական համատեքստով, հակամարտության կարգավորման վերաբերյալ պատկերացումներով և այլ գործոններով։
Գլխավոր լուսանկարը՝ ազատագրված Շուշիում, 1992, աղբյուրը՝ aniarc.am
Հեղինակ՝ Աննա Սահակյան
Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի
Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Հայ որբերի «Տուն» ամսագիրը՝ ազգային ինքնությունը վերագտնելու և ցեղասպանական տրավմաները հաղթահարելու միջոց | Հանրագիտ»
«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։
![]() |
comment.count (0)