44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի ցուցմունքը դատարանում
21:26 - 12 ապրիլի, 2025

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի ցուցմունքը դատարանում

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, երկու օր շարունակ հարցաքննեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-ՀՕՊ վարչության պետ Արմեն Վարդանյանին (պաշտոնից ազատվել է 2021 թ․ հունիսին)։

Գեներալ-մայոր Վարդանյանը, որ զինվորական գիտությունների թեկնածու է` մասնագիտական աշխատանքի 46 տարվա փորձով, կանչվել էր դատարան՝ պատասխանելու պատերազմի ժամանակ Ագարակի զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանի գործով կողմերի հարցերին։

Քրեական գործը, հիշեցնենք, վերաբերում է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) անձնակազմի անդամների զոհվելուն։ Ըստ գործի նյութերի՝ փոխգնդապետ Վերանյանը պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն դրամի վնաս։

Կատարվածի համար Անդրանիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Նրան սպառնում է 7-13 տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Նրա պաշտպան Նարեկ Գրիգորյանը, հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանն ու տուժողների իրավահաջորդները մեղադրանքի առնչությամբ բազմաթիվ հարցեր հղեցին Արմեն Վարդանյանին։ Վերջինս տեղյակ չէր, թե ինչ գործի շրջանակում է հարցաքննվում, դատավարության մասնակիցները ակնկալում էին նրա մասնագիտական դիտարկումները։

Հրաման կատարող սպան անձնական շահագրգռվածություն ունի՞ թե՞ ոչ

Առաջին հարցը, որ կողմերը քննարկեցին, վերաբերում էր Վերանյանի մեղադրանքում տեղ գտած անձնական շահագրգռվածություն եզրույթին։ Պաշտպան Նարեկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ հրաման արձակելիս կամ կատարելիս վկան երբեւէ անձնական շահագրգռվածություն ունեցե՞լ է։ Հարցը վրդովեցրեց Արմեն Վարդանյանին․ «Ի՞նչ է նշանակում անձնական շահագրգռվածություն։ Բանակում չկա շահագրգռվածույթյուն, կա ծառայություն, հրաման, հրամանի կատարում ու զեկուցում։ Առաջին անգամ եմ լսում, որ ինչ-որ բանի նկատմամբ շահագրգռվածություն լինի»,- պատասխանեց նա։

Ձախից՝ մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը ավելի ուշ վերաձեւակերպեց հարցը՝ ենթական, որը կատարում է վերադասի հրամանը, արդյո՞ք չունի շահագրգռվածություն որպես ստորադաս լավը երեւալու․ «Մարտադաշտում որեւէ մեկը չի մտածի պաշտոնի եւ այլնի մասին, առավելագույնը, որ կարող է լինել, հերոսանալն է։ Դրա մի քանի տարբերակ կա՝ ինչպես պիտի կատարվի մարտական խնդիրը՝ հաջող կամ անհաջող։ Այսինքն՝ զինծառայողի շահը միայն դա է՝ խնդիրը հաջողությամբ կատարելը։ Այդ բառը չընկալելով հանդերձ՝ միգուցե իր կյանքը փրկելու վախը կարող է շահ ճանաչվել»,- պատասխանեց գեներալը։

- Իսկ մարտական խնդրի հաջող կատարումը խմբայի՞ն թե՞ անձնական շահ է,- ճշգրտեց մեղադրողը։

- Խմբային։

- Բայց անձն է հերոսանում, չէ՞։

- Եթե նույնիսկ մարդը մենակ է, մեկը պիտի կրակային ապահովում իրականացնի, մինչեւ ինքը հասնի, կրակի, էլի դուրս ենք գալիս կոլեկտիվի վրա։ Բանակը միակ տեղն է, ուր մարդը իր կյանքը վստահում է կողքինին, այսինքն՝ եթե մեկը Հունան Ավետիսյան է, միեւնույն է, նա մենակ չի գործում,- պատասխանեց Արմեն Վարդանյանը։

Ի՞նչ է պետք անել ԱԹՍ-ի հարձակման դեպքում

Հաջորդիվ պաշտպան Նարեկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը ե՞րբ է առաջին անգամ անօդաչու թռչող սարք տեսել․ «Քառօրյայի ժամանակ՝ գիշերը՝ 3։15-ին»,- հստակ պատասխանեց գեներալը։ «Մշակված եւ զորքերին տրամադրվա՞ծ է եղել որեւէ նորմատիվ, թե ԱԹՍ-ի առկայության դեպքում զորքը ինչ եւ ինչպես պիտի անի»,- պաշտպանի հաջորդ հարցն էր։

Ընդհանուր առմամբ, ԱԹՍ-ի հարձակման դեպքում գործողությունների ընտրանքը վկան երկու մասի բաժանեց․ եթե երթ է, ապա ճիշտ է երթը կանգնեցնել, պատսպարվել, բայց հնարավորության դեպքում դասակը կարող է նաեւ կենտրոնացած կրակ վարել՝ ծնկի գալով կամ պառկելով։ Բոլոր դեպքերում, նա, ով առաջինն է տեսնում ԱԹՍ-ի առկայությունը, պարտավոր է բղավել «օդային տագնապ»․

«ԱԹՍ-ի խոցման խնդիրը մարտի ժամանակ նույնն է, ինչ մյուս թռչող սարքերի ժամանակ, ՀՕՊ-ը համազորային ուժերի մի մասն է, նորմատիվը բոլորի համար նույնն է՝ երթը դադարեցնել, թաքնվել, իսկ մեթոդներն ու ձեւերը սահմանված են Մարտական Կանոնադրությամբ»,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ պատերազմի ժամանակ ամենօրյա ռեժիմով նաեւ առանձին հրամաններ տրվել են՝ հաշվի առնելով ԱԹՍ-ների խոցման առանձնահատկությունները եւ անընդհատ փոփոխվող դրությունը։ 

- Այդ հրամանները որեւէ կերպ արձանագրվե՞լ են,- հարցրեց պաշտպանը։

- Ամենօրյա հրամանները կիրառվում են բանավոր, ըստ անհրաժեշտության՝ նաեւ գրավոր, բայց ՀՕՊ-ում գոյություն ունի ավտոմատ կառավարման համակարգ, օպերատիվ մարտական կետում տեսաձայնագրվում է։

- Այդ հրամանները գործո՞ւն միջոցներ էին։

- Դուք մի մոռացեք, որ համաշխարհային պատերազմի մեջ ԱԹՍ-ներով առաջին պատերազմը Արցախյանն է, աշխարհում ԱԹՍ-ների դեմ պայքարի չնչին փորձ ունեինք մի քիչ մենք, մի քիչ էլ Սիրիայի Լաթաքիայում, բայց էնտեղ նախօրոք գիտեին պարամետրերը․․․ 

- Մարտական կանոնադրությունը ընդունվել է 2009-2010-2011 թվականներին, իսկ ԱԹՍ-ների մասին մեր զինված ուժերին հայտնի է դարձել 2016-ից ի վեր, մինչ այդ կիրառում չի եղել։ 2011 թ․-ի ակտը ինչքանո՞վ է կիրառելի այդ պային մեր զինված ուժերին անհայտ սարքի նկատմամբ,- հետաքրքրվեց պաշտպանը։

- Հարցադրումը ճիշտ չէ,- արձագանքեց վկան,- հակառակորդի խոցման կամ խոցումից պաշտպանվելու ֆունկցիան չես կարող փոխել, խոցումը մնում է խոցում, պաշտպանությունը՝ պաշտպանություն։ Այսինքն՝ հիմունքը նույնն է, դա Աստվածաշունչը փոխելու նման բան է, ուրիշ հարց, որ տեղանքից, եղանակից կախված՝ կոնկրետ որոշում պիտի կայացվի։ 

ՀՕՊ զորքերի նախկին պետը չբացառեց, բայց եւ քիչ հավանական որակեց ԱԹՍ-ի ինքնաձիգով միանձնյա խոցումը։ Հիշեցնենք՝ նման 1-2 դեպք արձանագրվել է 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ․ «Մենահատ կրակով հավանականությունը զրոների շարանով է գալիս, իսկ երբ դասակը կենտրոնացած կրակ է վրաւոմ, հավանականությունը մեծանում է, որ կարող է խոցես»,- բացատրեց նա՝ հավելելով, որ չի գտնվի որեւէ զորամաս, որ չիմանա՝ ԱԹՍ-ի հարձակման դեպքում ինչպես պիտի դասակը պաշտպանվի։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը վերահաստատեց՝ ողջ մնացած միակ զինվոր Արմեն Հակոբյանը ցուցմունք տալիս ասել է՝ երբ զորամասից դուրս էինք գալիս, մեզ շարեցին, այդկերպ հրահանգեցին՝ մեջքի վրա պառկել, կրակել․ «Դատարանում հետազոտված ապացույցների մեծամասնությունը եւս վկայում է, որ զորքը հենց այդպես էլ վարվել է։ Ճի՞շտ է վարվել»,- հարցրեց նա։ Վկան դրական պատասխանեց։

Գործի քննության ժամանակ բազմիցս քննարկվել է նաեւ Մարտական կանոնադրության այն դրույթը, ըստ որի՝ օդային հարձակման ժամանակ երթը, որպես կանոն, շարունակվում է։ Հանրային մեղադրողը խնդրեց վկային պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում «որպես կանոն»-ը տվյալ դեպքում․ «Օրինակ՝ մինչեւ անտառ մտնելը մնացել է 100 մ, հասկանալի է, որ պիտի արագ քեզ գցես անտառ, թաքնվես, բայց այլ բան է, որ բաց դաշտում լինես։ Որպես կանոն-ը նման դեպքերի համար է»,- նշեց վկան։

Հայկ Մարգարյանը խնդրեց նաեւ մանրամասնել, թե ինչու է կարեւոր երթը դադարեցնելն ու թաքնվելը․

- Ամենաթանկը մարդկային կյանքն է՝ զինվորը, սպան։ Համար մեկ խնդիրը՝ թաքնվել, չշարժվել, տեղը չբացահայտել։ Մեր զինծառայողների հիմնական խնդիրը այն է եղել, որ իրենց տեղը բացահայտել են, հրամանների մեջ նշված  է եղել՝ երթերը կազմակերպել մեծ շարասյուն չկազմելով, առանձին–առանձին, արագությունը՝ ոչ պակաս 60 կմ/ժ-ից, քանի որ դրանից արագին ԱԹՍ-ն չի կարող խոցել, բայց հաշվի առեք վախի մթնոլորտը։ Չգիտեմ՝ այստեղ ովքեր եւ քանիսն են եղել մարտադաշտում, ես անձամբ առաջին պատերազմում ավտոմատով եմ կռվել եւ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում ինքնակառավարում ունենալ։ Մեկ՝ վախը, երկրորդ՝ աղմուկը, երրորդ՝ հավանականությունը, որ եթե կոլեկտիվ է, մեկը պանիկայի մեջ է, մեկը վիրավոր է, այրում, սթրես, մարդ կա՝ ինքնապաշտպանության զգացողությունն է կորցնում, մարդ կա՝ քարանում է․․․ Մարտը էնպիսի բան է, որ եթե գլխովդ հարյուրավոր փամփուշտներ չեն անցել, բացատրել անհնար է։

Հնարավո՞ր է՝ նույն պահին նույն տեղանքում գտնվողների միայն մի մասը ԱԹՍ-ն տեսնի կամ լսի

Պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկային տեղեկացրեց՝ գործում կան տվյալներ, ըստ որոնց՝ ԱԹՍ-ն մոտ 30 րոպե օդում է եղել, նոր միայն խոցել զինծառայողների Ուրալը։ Ուստի հարց է ծագում՝ ո՞րն է պատճառը, որ հայկական ՀՕՊ-ը այն չի հայտնաբերել․

- Քելբաջարից մինչեւ Հորադիս, առաջնագծից մինչեւ 20 կմ խորության վրա ամեն օր եղել է առնվազն մի քանի հարյուր ԱԹՍ, հիմա ո՞րի մասին է Ձեր հարցը, - վրդովվեց գեներալը։ 
- Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 9-ին։
- Հավանական է, որ այդ օրը այդ տեղանքում եղած լինեն ոչ պակաս, քան մի քանի հարյուր տարբեր չափսերի ԱԹՍ-ներ։
- Այդ պայմաններում մարտական գործողությունները դադարո՞ւմ էին։
- Իհարկե ոչ, ի՞նչ է՝ պիտի պառկես, մնաս, մինչեւ ԱԹՍ-ն օդից գնա՞։
- Բա ի՞նչ պիտի անես։
- Ցամաքում տանկն ու հրաձիգն է, օդում էլ՝ ԱԹՍ-ն, բա բոյ չտա՞նք, մեր հողն ու ջուրը չպաշտպանե՞նք․․․ Մարտ նշանակում է կամ դու, կամ քեզ։ Երբ համազգեստ ենք հագնում, մեր կյանքն այլեւս մերը չէ։

Պաշտպանը խնդրեց հայտնել նաեւ՝ հնարավո՞ր է, որ նույն պահին նույն տեղանքում գտնվող անձանց մի մասին ԱԹՍ-ն տեսանելի կամ լսելի լինի, իսկ մյուս մասին՝ ոչ․ «Իհարկե այո, նայած արեւը որ կողմից է, նաեւ ինչ տիպի շարժիչ է, նայած տեղից, դիրքից, կարող է քամի է, քամու ձայն է, եթե դեպի ձեզ է, կարող է՝ Դուք չլսեք, բայց ում անցել է, լսի»,- պատասխանեց Արմեն Վարդանյանը։

Ի վերջո, մեղադրյալը ճի՞շտ է վարվել թե՞ սխալ

Հարցաքննության երկրորդ օրը վկային մանրամասն ներկայացվեց գործի էությունը, դեպքը, որ տեղի է ունեցել ԻՍՎ անձնակազմի հետ, եւ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործողությունները դրա շրջանակում։ 

Ըստ գործի նյութերի՝ ԻՍՎ անձնակազմը ԻՍՎ-ի հրամանատար Տարոն Նիկողոսյանի հրամանով պատսպարված է եղել, երբ Անդրանիկ Վերանյանը ժամանել է եւ հետաքրքրվել, թե ինչու են կանգնեցրել երթը։ Մեղադրողը ՀՕՊ զորքերի նախկին պետից փորձեց կարծիք ստանալ՝ ԻՍՎ ղեկավարը, որ պատսպարվելու հրաման էր տվել, տվյալ դեպքում ճի՞շտ թե՞ սխալ է վարվել։ Վկան պատասխանեց, որ կանգնել, թաքնվելը միանշանակ ճիշտ էր։

Մեղադրողը շարունակեց մանրամասներ հայտնել․

- Այդտեղ որեւէ մարտական գործողություն չի ընթացել, հակառակորդի զինվորի ոտք չկար, որեւէ դիվերսիոն ներթափանցման մասին տվյալ չենք ունեցել։ Երեկ արձագանքելով պաշտպանի՝ ԱԹՍ-ի օդում լինելու պայմաններում մարտական գործողությունները շարունակել-չշարունակելու վերաբերյալ հարցին՝ նախ զարմացաք, ապա ծիծաղեցիք, ապա պատասխանեցիք՝ հո չե՞նք կարող պառկել ու չկռվել, ինչ է թե երկնքում ԱԹՍ կա։

- Իմ պատասխանը ակտիվ մարտին էր վերաբերում։

- Հիմա նկարագրածս իրավիճակը համահո՞ւնչ է մարտի պայմաններին, այդտեղ մարտ կա՞ր, որ ԻՍՎ-ն պարտավոր լիներ կռվել։

- Խնդրում եմ՝ այդ հարցին ես չպատասխանեմ, համազորայինների մոտ մի քիչ ուրիշ է, իմ մոտ մարտը սկսում է նշանակետը հայտնաբերելուց, ԱԹՍ–ն թռավ, իմ մոտ բոյը սկսվեց։

- Դուք գեներալի կոչում ունեք եւ չեք կարող ասել, թե չգիտեք՝ մարտը որն է։

- Ես չեմ ուզում հոգուս, խղճիս վրա․․․

- Դուք ճիշտը ասեք։

- Եթե անմիջական կոնտակտ չկա, բոյ չի գնացել, պարզ է, որ մարտ չկա։

Դատավոր Սուրեն Խաչատրյանը

Հաջորդիվ Մարգարյանը փորձեց ստանալ Արմեն Վարդանյանի գնահատականը՝ Արդրանիկ Վերանյանի գործողություններին, երբ նա պատսպարված անձնակազմին երթը շարունակելու հրաման է տվել․

-Օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ մի վկա, որը որպես դիտորդ գտնվելիս է եղել հրամանատարական մեքենայի թափքում, ասել է՝ Անդրանիկ Վերանյանն ինձ հարցրեց՝ օդում ԱԹՍ կա՞, նայեցի, ասացի՝ չկա, դրանից հետո ասաց՝ նստեք մեքենան, շարժվեք։ Տուժողները, ողջ մնացած միակ զինծառայողը, այդտեղ ծառայություն իրականացնող ոստիկանները, սակայն, ասում են, որ ԱԹՍ-ն կամ տեսնում կամ լսում կամ ե՛ւ տեսնում ե՛ւ լսում էին։ Որպես 46 տարվա զինվորական՝ ինչպե՞ս կնկարագրեք հրամանատարի գործողությունը, ճի՞շտ է վարվել թե՞ ոչ։

- Իսկ ի՞նչ մարտական խնդիր է նա ունեցել, եւ ի՞նչ ժամկետում դա պիտի կատարվեր։

- Նախորդ օրը բանակային կորպուսի գեներալ-մայոր Բուդաղյանի հրամանով գնդապետ Մաղսուդյանի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ խնդիր է դրվել Մեղրու անձնակազմին առավոտյան հանել երթի, շարժվել դեպի Ջրական, անգամ կոնկրետ վայր չի նշվել, ուր մնաց՝ ժամ։ Այդ պայմաններում պատասխանեք իմ հարցին։

- Խնդիրը չի՞ տրվել գրավոր։

- Ոչ, վարույթի նյութերում նման բան չկա, ոչ մի վկա ժամի մասին տվյալ չի հայտնել։

- Ախր դա ամենակարեւոր կետն է, դա մարտական կարգադրության վերջին կետն է, հո ինքնանպատակ չէ գնալ էսինչ տեղը։ Միգուցե գաղտնիության ռեժիմից ելնելով՝ այդ ժամը չեն տվել, բայց օպերատիվ վարչության պետը անհնար է՝ չիմանար, միգուցե ներքին կարգով է եղել։

- Մենք նույնիսկ կոնկրետ տեղը չգիտենք, գնդի շտաբի պետ Դավիթ Հարությունյանը, որ առաջնորդել է երթը, անգամ նա չի իմացել, թե կոնկրետ ուր պիտի գնանք։ Այս պայմաններում, երբ ԻՍՎ անձնակազմը տեսել ու լսել է ԱԹՍ-ն եւ գործել է Ձեր իսկ հրահանգի համատեքստում, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը ճի՞շտ է վարվել,- հարցը կրկնեց մեղադրողը։

Վկան դարձյալ դժվարացավ կոնկրետ պատասխան տալ։

- Երթի ղեկավարը պիտի՞ իմանար, եթե ժամ լիներ։

- Այո։

- Բա ասում եմ՝ ժամի մասին ոչինչ չի ասել։

- Հազար ներողություն, ես չեմ կարող ասել՝ ինչու է այս վիճակում հայտնվել այդ ստորաբաժանումը։ Թող ինձ Աստված ների, ներկաներն էլ՝ հետը, բայց անժամանակ մարտական խնդրի կատարում չի լինում։ Այնքան կարեւոր չէ սկիզբը, որքան նշված ժամանակին տեղ հասնելը, գուցե պիտի մեկին օգներ, մեկին փոխարիներ․․․ Ես չգիտեմ։ Այս պարագայում անկախ զոհերից, լույս նրանց հոգիներին, հազար փառք ու հիշատակ իմ զոհված բալիկին ու բոլորին, ես ուրիշ մարդու կմեղադրեմ։

Մեղադրողն ու տուժողների իրավահաջորդները տեւական ժամանակ փորձեցին վկայից, ամեն դեպքում, գնահատական ստանալ, ինչին ի վերջո նա այսպես արձագանքեց․ «100 տոկոսանոց ճիշտ կլիներ, եթե զեկուցեր, որ երթը դադարեցնում է էս ինչ բանի պատճառով, 100 տոկոսանոց սխալ է, եթե էդ բանը չի արել»։

Այս պատասխանը, սակայն, շուտով փոփոխվեց, երբ պաշտպան Նարեկ Գրիգորյանը պնդեց՝ ժամի մասին տեղեկություն եղել է․

- Կորպուսի հրամանատարի տեղակալ Արտակ Մաղսուդյանն ասել է՝ հոկտեմբերի 8-ին զորամասի սպակայազմի հետ խորհրդակցության ժամանակ, պարոն մաղսուդյանի հետ կապ է հաստատել Արտակ Բուդաղյանը եւ ասել՝ հնարավորինս արագ զորքին բերեք էստեղ։ Եվ արդյունքում, առաջնագծում տեղի ունեցած փոփոխությամբ պայմանավորված՝ երեկոյան նախատեսված երթը կազմակերպում է ավելի շուտ,- նշեց պաշտպանը՝ խնդրելով Վերանյանի գործողությունները գնահատելիս սա եւս հաշվի առնել։

- Եկանք, հասանք ժամանակի հարցին․ «հնարավորինս արագ»-ը նշանակում է չկանգնել, ոչ մի բան չանել, էդպիսի հրաման են ստացել, փաստորեն։ «Հնարավորինս արագ» նշանակում է՝ զոհ կտաս թե չէ, կընկնես թե չէ, կխփեն թե չէ, արի, հասի տեղ։ Եթե էդ տիպի խնդիր է դրված,  իրավիճակը լրիվ այլ է դառնում․ ամեն գնով, ոչ մի բանի դեմ կանգ չառնելով, պիտի քշես, գնաս, աջ կամ ձախ անելու հնարավորություն չունես։ Բայց եթե ես լինեի, կզանգեի, կզանգեի այդ հրաման տվողին, կասեի՝ էս վիճակն է, ի՞նչ անեմ, էլի քշե՞մ թե՞ մնամ, զոհվեմ։ Այստեղ արդեն հրամանի ճշգրտման խնդիր է գալիս, ինչի իրավունքը ենթական ունի, իսկ վերադասը պարտավոր է ճշգրտել մարտական խնդիրը։

Պաշտպան Նարեկ Գրիգորյանը խնդրեց նաեւ հայտնել՝ եթե դիցուք ամեն ինչ լիներ նույնը, բայց զորքը հաջողությամբ տեղ հասներ, վկան Անդրանիկ Վերանյանի գործողություններում դարձյալ խախտում կտեսնե՞ր թե՞ ոչ․

- Իհարկե ոչ, խնդիրը հաջողությամբ կատարել է։
- Բա ինչպե՞ս է, որ նույն գործողության համար մի դեպքում խախտում չունենք, մեկ այլ դեպքում՝ ունենք։

- Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ես չունեմ իր հրամանը, կատարման կարգը, շատ ելակետային տվյալներ, բայց առավել քան համոզված եմ, որ մի գործողություն, որը բերել է ծանր հետեւանքների, բայց խնդիրը կատարվել է, մի բան է, մեկ այլ բան է, որ եւ զոհ ես տալիս, եւ չես կատարում քո խնդիրը։ Մարտական խնդիրը գերագույն արժեք է, մեր հողն ու ջուրն է, մեր գերեզմաններն են, մեր ընտանիքներն են․․․

- Ի վերջո, 5 տարի անց մի շարք հանգամանքների ճշտված չլինելու պայմաններում հնարավո՞ր է անձի արարքին գնահատական  տալ,- հետաքրքրվեց նախագահող դատավորը։

- Ես ավելի շատ ինքնավստահության խնդիր եմ համարում, որ իր վրա է վերցրել, ասել է խնդիր չկա, գնացինք, բայց․․․ Գուցե ինֆորմացիայի կամ գիտելիքի կամ ժամանակի սղության պատճառով իրավիճակը ճիշտ չի գնահատվել, արդյունքում՝ ճիշտ որոշում չի կայացվել, բայց դրա դրդապատճառները ոչ ոք չի կարող ասել, բացի որոշում կայացնողից։

Որդեկորույս ծնողներից Հարություն Օհանյանը հետաքրքրվեց՝ որպես հրամանատար՝ վկան ի՞նչ կաներ, եթե գար դեպքի վայր ու տեսներ Ուրալում այրվող իր զինծառայողներին։ Արդյո՞ք իր գործողությունը կլիներ թողնելն ու հեռանալը։ Ի պատասխան՝ Արմեն Վարդանյանը ասաց, որ ինքն այդպես չէր վարվի, բայց խնդրեց չմոռանալ, որ նման իրավիճակներում ամեն մարդ յուրովի է արձագանքում վախին։

- Ամսի 7-ին Արթուրս կդառնար 24 տարեկան, ես մնացի մենակ, մնացի դատարկ,- հուզվեց որդեկորույս մայրերից մեկը։

Հարցաքննության ավարտին դատավարության մասնակիցները շնորհակալություն հայտնեցին վկային՝ կարեւոր հարցերին կարեւոր պատասխաններ տալու համար․

Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 15-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել