ՀՀ ԱԺ և ԵԽ ներկայացուցիչները կարեւորել են Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը, աջակցությունն իրականացվող բարեփոխումներին
15:04 - 15 ապրիլի, 2025

ՀՀ ԱԺ և ԵԽ ներկայացուցիչները կարեւորել են Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը, աջակցությունն իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ապրիլի 15-ին հանդիպել են ԵԽ քարտուղարության ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուրին եւ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

Հյուրերի խնդրանքով հայ պատգամավորները ներկայացրել են մեր երկրում «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» ու «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիաների վավերացման ընթացակարգերը, այդ գործընթացներին հաջորդող քայլերն ու ներպետական օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է եղել նաեւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի ընդունման հարցին: Շնուց Դյուրը բարձր է գնահատել վերոնշյալ փաստաթղթերի վավերացման ուղղությամբ հայ խորհրդարանականների գործուն ջանքերը եւ այս հարցում Հայաստանի իշխանություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Կողմերը կարեւորել են Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը, աջակցությունն իրականացվող բարեփոխումներին: Զրուցակիցները հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել