civilnet.am: Կառավարությունը պատրաստ է ևս երկու ամսով երկարաձգել Արցախից բռնի տեղահանվածների համար տրվող 40,000 դրամ աջակցությունը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, «Արցախի երիտասարդական թև» ՀԿ նախագահ Նժդեհ Իսկանդարյանը։
«Կառավարությունը պատրաստ է ձևավորել մասնագիտական խմբեր, քննարկել սոցիալական ծրագրի վերաբերյալ հարցեր, բնակարանային ծրագրի վերաբերյալ հարցեր և այլն», - նշել է Իսկանդարյանը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն արդեն երրորդ անգամ են հանդիպում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն այսօր մտադիր էին հանրահավաք հրավիրել, սակայն փոխվարչապետի հետ հանդիպումից հետո որոշել են երկու- երեք օր սպասել, ապա հայտարարությամբ հանդես գալ։
«Երկու-երեք օրից մեր անելիքների մասին կհայտարարենք», - նշել է Նժդեհ Իսկանդարյանը։
Իսկանդարյանն ընդգծել է, որ վրանը մնալու է Ազատության հրապարակում, և դրա հեռացման մասին խոսք լինել չի կարող։ Նա նաև հավելել է, որ կառավարությունը պատրաստ չէ չեղարկել իր ընդունած որոշումները։
Ապրիլի 1-ից մեծապես կրճատվել է տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության ծրագիրը, որը ունի ոչ պաշտոնական «40+10» անվանումը։ Այն տեղահանված յուրաքանչյուր անձի համար նախատեսում էր 40,000 դրամ բնակվարձի և 10,000 դրամ՝ կոմունալ վարձերի համար։
Մարտի 29-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպած մեծ հանրահավաքին ներկայացվել էր 12 կետից կազմված պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Այդ պահանջների թվում էր՝ չկրճատել բնակվարձի աջակցության ծրագիրը և մշակել բնակապահովման նոր ծրագիր։
comment.count (0)