Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար |armenpress.am|
11:07 - 17 ապրիլի, 2025

Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիությանը՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին և Բաքվին:

Այս մասին հայտնում է Tehrantimes-ը՝ մեջբերելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հայտարարությունը։ 

Ռավանչին նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը տարածաշրջանային կայունության համար և երկու երկրներին հորդորել է կենտրոնանալ ապագայի վրա՝ մատնանշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։  

Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում՝ ընդգծելով, որ ռազմական ուժը չպետք է օգտագործվի այլ երկրի տարածք գրավելու համար։ 

Խաղաղ ապագա ապահովելու համար նա տարածաշրջանային համագործակցության կոչ է արել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի վրա։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու տեղը և ժամկետները որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշել՝ համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումը, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին առաջարկել է Մինսկի խումբը լուծարելու՝ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրել միասին։ Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի կեղծ պնդմանը, հայկական կողմը բազմիցս հերքել է Բաքվի մեղադրանքները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել