azatutyun.am: Խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներն ավարտվել են մարտին, սակայն գործընթացի վերջնական ավարտի հարցում Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սլովենացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունից և Մինսկի խմբի լուծարումից բացի չլուծված է մնում նաև հաղորդակցությունների բացման հարցը։
«Ես նշել եմ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման, ինչպես նաև Մինսկի խմբի վերացման անհրաժեշտությունը: Սահմանազատման գործընթացն ընթացքի մեջ է, բայց հաղորդակցությունների բացման հարցը դեռևս չլուծված է մնում: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև այն փաստի շուրջ, որ Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել», - թվարկել է Բայրամովը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
comment.count (0)