Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը անդրադարձել է այս պահին ընթացող բողոքի ակցիային, որն իրականացնում են Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները՝ պահանջելով, որ 59 և 25 համարների երթուղիները հասնեն մինչև իրենց բնակավայրեր:
ՏԿԵ նախարարությունը նշում է, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի՝ իր վարչական տարածք hետ քաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ:
«Մասնավորապես.
1. Փոխադրավարձի նվազեցում՝
Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն)
Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։
2. Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։
3. Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։
4. Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։
5. Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։
Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Ըստ գերատեսչության՝ հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում։
Նշենք, որ այս պահին երկու համայնքների ներկայացուցիչները համատեղ փակել են Աշտարակ-Երևան ճանապարհը Քասախ համայնքի մոտ: Այսօրվանից արդեն «Մուլտի տրանս» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցները սկսել են ծառայություն մատուցել: Ի տարբերություն 59 և 25 համարի երթուղիների՝ նոր տրանսպորտը արժե 250 դրամ, և դրա վերջնակետը ֆիզիկայի խաչմերուկն է:
comment.count (0)