hetq.am: Երևանի ավագանու որոշմամբ աղբահանության վարձ վճարողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով կսահմանվեն արտոնություններ։ Որոշման նախագիծը 43 կողմ, 3 դեմ և 14 ձեռնպահ ձայներով ընդունվեց ավագանու ապրիլի 22-ի նիստում։
Աղբահանության վճարից կազատվեն միայնակ չաշխատող կենսաթոշակառուները, ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառողները, մարտական գործողությունների, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ, ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհետ կորած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները (երեխաներ, ծնողներ և ամուսին), ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով)։ Աղբահանության վճարից կազատվեն նաև ավտոտնակ ունեցողները։
Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կկիրառվի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 50 տոկոսի չափով։
Իսկ անհատական բնակելի տների, առանձնատների, այգետնակների (ամառանոցների), օժանդակ ու տնտեսական շինությունների, բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի ընդհանուր մակերեսի 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կսահմանվի տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 75 տոկոսի չափով։
Որոշումը կտարածվի 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հիշեցնենք, որ աղբահանության վճարը 2025թ. հունվարից թանկացել է: Եթե մինչև հիմա աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ անձի, ապա այժմ այն հաշվարկվում է ըստ մակերեսի, 1 քառակուսի մետրի դիմաց՝ 13 դրամ:
Նախգծի զեկուցող եկամուտների հաշվառման և գանձման վարչություն պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը նշեց, որ աղբահանության վճարի թանկացմամբ պոտենցիալ հավաքագրումը 800 մլն դրամով ավել կլինի։
comment.count (0)