Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր։ Այս մասին ասված է՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ Արցախի ազգային ժողովի ուղերձում:
«1915-ի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։
Ցավոք, այդ հանցագործությունը մինչ այսօր անպատիժ է, ինչի պատճառով այն դարձել է նախադեպ նոր ցեղասպանական գործողությունների համար։
2020-2023-ին Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպանական ծրագրերի շարունակությունն են 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախի ազգային ժողովի տարածած ուղերձում նաև ասվում է, որ միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին՝ արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։
«Ցավոք, որ այս իրականության մեջ անհասկանալի ու անբացատրելի են նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Ցեղասպանության դատապարտումը և մեղավորին պատասխանատվության կանչելը հետագա ցեղասպանությունների կանխման գրավականներից են, որոնք, իհարկե, չեն փոխարինում պետության պարտադիր ուժեղ անվտահգության համակարգին և հեռատես ներքին ու արտաքին քաղաքականությանը։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նաև աշխարհասփյուռ հայության հավաքական կամքի արտահայտության հնարավորություն է՝ հանուն անվտանգ ու ապահով ապագայի և ի հիշատակ մեր նահատակված նախնիների։ Մենք հիշում, հարգում և պարտավոր ենք երբեք չմոռանալ բռնությամբ, ցավով և անասելի տառապանքով ցեղասպանության զոհ դարձած մեր հայրենակիցներին։
Մեր հիշողության մեջ նրանք ապրում են ու մեզ ուժ են տալիս պայքարելու ճշմարտության, արդարության և մարդկային արժանապատվության համար։ Հավերժ փառք ու խոնարհում հավատի ու հայրենիքի համար բոլոր նահատակներին»,- ասված է ուղերձում։
comment.count (0)