Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործն առնչվում է կաշառք ստանալուն
16:26 - 29 ապրիլի, 2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործն առնչվում է կաշառք ստանալուն

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի մասնակցությամբ ապացուցողական գործողություն է իրականացվել կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան՝ հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը․

«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- մեր զրույցում նշեց Օհանջանյանը։

Նշենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Գլխավոր դատախազությունը պետք է դիմի Բարձրագույն դատական խորհրդին։ ԲԴԽ խոսնակ Ծովինար Խաչատրյանը, սակայն, սրա վերաբերյալ հրապարկման ենթակա տեղեկություն դեռեւս չունի, իսկ Դատախազություն մեր զանգերն այս պահին անպատասխան են։

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր առավոտյան ընթանում էր դատական նիստ, որն ինչ-որ պահի անորոշ ժամանակով ընդմիջվեց․ պատճառն այն էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն էին եկել դատարան՝ իրականացնելու քննչական գործողություններ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ գործողություններն առնչվում են հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել