«Հայաստան» խմբակցությունը կմիանա Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին
14:47 - 02 մայիսի, 2025

«Հայաստան» խմբակցությունը կմիանա Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։

«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։

Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։
 
Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը:
 
Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։
 
Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։
Այնուամենայնիվ,
 
«Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։
 
Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:
 
Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»,- նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել