Շաբաթ օրը Բրիտանիայի վարչապետ Կիեր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Քայլը դիտարկվում է որպես համերաշխության նշան․ հակազդեցություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպած Հաղթանակի օրվա շքերթին։
Ֆրանսիայի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի ԱՄՆ-ի և Եվրոպայի համատեղ առաջարկը՝ Ուկրաինայում ընթացող ռուսական պատերազմի շուրջ 30-օրյա հրադադարի մասին։ Եթե Մոսկվան մերժի այդ առաջարկը, ԱՄՆ-ն ու եվրոպական առաջնորդները պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել։ Սակայն, ըստ աղբյուրի, որոշումը դեռ վերջնականացված չէ։
Չորս առաջնորդների՝ միասին Ուկրաինա մեկնելը նախադեպ չունեցող քայլ է։
«ԱՄՆ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին լիարժեք և անվերապահ համաձայնել 30-օրյա հրադադարին՝ ստեղծելու միջավայր արդար և երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար», - ասվում է չորս առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։
comment.count (0)