Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտնել է ինքնալուծարման մասին |armenpress.am|
12:14 - 12 մայիսի, 2025

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտնել է ինքնալուծարման մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ, PKK) հայտարարել է ինքնալուծարման և պայքարի դեմոկրատական ​​մեթոդների անցման մասին։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«ՔԱԿ-ի արտահերթ համագումարը եզրակացրեց, որ ՔԱԿ-ի պայքարը տապալել է մեր ժողովրդին մերժելու և ոչնչացնելու քաղաքականությունը և քրդական հարցը բերել է ժողովրդավարական և քաղաքական մեթոդներով կարգավորման փուլ: Այս առումով ՔԱԿ-ը կատարել է իր պատմական առաքելությունը: Համագումարը որոշեց լուծարել ՔԱԿ-ի կազմակերպչական կառուցվածքը և վերջ դնել պայքարի զինված մեթոդներին։ Մեր համագումարի ընդունած որոշումը ամուր հիմք է տալիս մշտական ​​խաղաղության և ժողովրդավարական լուծման համար», - համագումարի ամփոփիչ հաղորդագրությունն է ներկայացրել Rudaw հեռուստաալիքը։

Տեքստում նշվում է, որ «պրակտիկ գործընթացը կիրականացնի և կկառավարի կուսակցության առաջնորդը (խմբ.՝ Աբդուլլահ Օջալանը)»:

«Այս փուլում կարևոր է, որ Թուրքիայի խորհրդարանը կատարի իր պատմական դերը», - հավելել է ՔԱԿ-ը: 

Համագումարի մասնակիցները «միջազգային տերություններին կոչ են արել ճանաչել իրենց պատասխանատվությունը (քուրդ) ժողովրդի դեմ իրականացված դարավոր ցեղասպանության քաղաքականության համար, չխոչընդոտել ժողովրդավարական լուծմանը և կառուցողական ներդրում ունենալ այս գործընթացում»։

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն ինքնալուծարվում է Թուրքիայի հետ 47 տարվա զինված պայքարից հետո, որի հետևանքով երկու կողմից տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել