Հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի. Նիկոլ Փաշինյան
11:08 - 18 հունիսի, 2025

Հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի. Նիկոլ Փաշինյան

Հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կաարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանի  հայտարարություններին:

Նշենք՝ Սամվել Կարապետյանը գիշերը հայտարարել էր․ «Ասելիքս նույնն ա, մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրեց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ ա՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»,- առանձնատնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը։

«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ։ Այսինքն՝ այս մարդիկ ՀԷՑ-ը իրենցը չեն էլ համարել և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետև եթե ՀԷՑ-ը իրենցը չէ, ո՞ւմն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։

Ասել է թե՝ ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կա՛մ ՀԷՑ-ի սպառող է, կա՛մ աշխատակից։
 
Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
 
Դա տեղի կունենա արագ, և իմ հանձնարարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։
 
Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ՆԳՆ-ն հայտնել էր մի խումբ անձանց բերման ենթարկվելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է գործարար Սամվել Կարապետյանը։ Ավելի ուշ վերջինիս եղբայրը հայտնեց, որ Սամվել Կարապետյանին չեն ձերբակալել, «չեն հասցրել, նա տանն է, բայց շուտով կձերբակալեն»։

Սամվել Կարապետյանի առանձնատան դիմաց գիշերը մարդաշատ է եղել։ Ուշ գիշերին արդեն Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով։ 

Հիշեցնենք նաև, որ մայիսի 17-ին News.am-ի զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի վերաբերյալ հայտարարություններին՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ասել է. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Նշենք նաև, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել