«Ինչքան էլ ժողովրդավարություն, ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ». Փաշինյանը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը
12:00 - 18 հունիսի, 2025

«Ինչքան էլ ժողովրդավարություն, ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ». Փաշինյանը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Սամվել Կարապետյանի հայտարարությունը եկեղեցու մասին չէր, Հայաստանի Հանրապետության մասին էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից, և, ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել: ՀՀ-ն ունի արձագանքի կոնկրետ լծակներ, և ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի տենց բան ասի: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս՝ որևէ մեկի լեզուն չպտտվի նման բան ասելու:

ՀՀ-ն ժողովորդավար երկիր է, ՀՀ-ում յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք, բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող: Ինչքան էլ ժողովրդավարություն, ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց նա:

Հարցին, թե եկեղեցուն աջակցություն հայտնող ամեն մարդու կալանավորելո՞ւ են, Փաշինյանը հիշեցրեց Կարապետյանի հայտարարությունը, որ «եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

«Դա արժանացել է և արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատականի»,- հայտարարեց նա:

Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարությունը ՀՀ-ում շփոթում են թուլության հետ: Նա նշեց, որ ովքեր սրանք շփոթեն, «պետության համը կմնա նրանց բերաններում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել