Իջևանի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ավելի քան 275 մլն դրամի 17 պայմանագիր է կնքել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ։
Այս երեք տարիներին համայնքապետարանը 193 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արտարս» ընկերության հետ։ 2022 թվականի հուլիսին կնքված պայմանագրով ընկերությունը Բերքաբեր բնակավայրում բարեկարգել է խաղահրապարակ և նորոգել հանդերձարան։ Պայմանագրի գինը կազմել է ավելի քան 8 մլն դրամ։
Ընկերության սեփականատերը և տնօրենը Արթուր Աթաբեկյանն է՝ համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հայրը։ Նշված պայմանագրի կնքման պահին ընկերության 50%-ն էր պատկանում ավագանու անդամի հորը, իսկ 2022-ի հուլիսի 7-ից նա հանդիսանում է ընկերության 100% բաժնետերը։
Նույն թվականի օգոստոսին կնքված պայմանագրով ընկերությունը Սարիգյուղ բնակավայրում կատարել է ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Պայմանագրի գինը կազմել է 99 մլն դրամ։
2023 թվականի մայիսին կնքված պայմանագրով էլ ընկերությունը վերանորոգել է պուրակ։ Պայմանագրի գինը կազմել է 40 մլն դրամ։
2024 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրով էլ «Արտարս» և «Արտ Պլաս» ընկերությունների կոնսորցիումը Ծաղկավան բնակավայրում կատարել է ավելի քան 46 մլն դրամի սալարկման աշխատանքներ։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանն ասաց, որ հոր ընկերության հաղթելու պատճառն ամենացածր գինն առաջարկելն է․ «Ինձ փոխկապակցված անձանց բիզնես գործունեության հետ որևէ առնչություն չունեմ, ոչ մի անգամ ընդգրկված չեմ եղել մրցութային հանձնաժողովների կազմում, ուստի շահերի բախում չեմ տեսնում»,- պատասխանել է ավագանու անդամը։
Քանի որ Խաչատուր Աթաբեկյանի հայրը բնակվում է իր հետ, ավագանու անդամը, համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի, պետք է հայտարարագրեր նրա մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Խաչատուր Աթաբեկյանը նաև պետք է հայտարարագրեր այդ ընկերության՝ համայնքային գնումների այն բոլոր պայմանագրերը, որոնց գինը գերազանցում է 5 մլն դրամը։
Այս տեղեկությունները չկան ավագանու անդամի 2021, 2022, 2023 թվականների հայտարարագրերում։
Աթաբեկյանի հետ համատեղ բնակվող անձնացից ևս երկուսը մասնակցություն և ներկայացվածություն ունեն այլ ընկերություններում, ինչը ևս չի հայտարարագրվել։
Այս թեմայով մեր հարցերին ի պատասխան, ավագանու անդամը հայտնեց, որ թերություններն անուշադրության հետևանք են, և դրանք ուղղելու համար դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Արդեն 2024 թվականի հայտարարագրում ավագանու անդամը հայտարարագրել է ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունները և «Արտարսի» մասնակցությունը համայնքային գնումներին։
Խաչատուր Աթաբեկյանն ավագանու միակ անդամը չէ, որին փոխկապակցված ընկերությունների հետ համայնքապետարանը պայմանագրեր է կնքել։ 2024 թվականի հուլիսին Իջևանի համայնքապետարանը ավելի քան 72 մլն դրամի պայմանագիր է կնքել «Խաչմիշշին» ընկերության հետ։ Ընկերությունը սալարկել է համայնքի փողոցներից մեկը։
Ընդհանուր 2 մլն դրամ արժողությամբ 2 պայմանագիր էլ կնքվել է 2022 թվականի ընթացքում․ ընկերությունը մատուցել է տեխնիկական հսկողության ծառայություններ։
«Խաչմիշշինը» 2005 թվականին հիմնադրել է համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Համզյանի հայրը՝ Միշա Համզյանը։ 2023 թվականի փետրվարից մինչև հաջորդող տարվա հունիս Խաչատուր Համզյանը եղել է ընկերության սեփականատերը․ այս ժամանակահատվածում ընկերության հետ պայմանագրեր չեն կնքվել։ Սակայն 2021 թվականից մինչ օրս ընկերության տնօրենը Խաչատուր Համզյանն է։ 2024 թվականի հուլիսից ընկերության սեփականատերն ավագանու անդամի հորեղբոր որդին է՝ Արմեն Համզյանը։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Խաչատուր Համզյանն ասաց, որ ընկերությունը այս կնքված պայմանագրերին զուգընթաց 2022 թվականին մասնակցել է 15 մրցույթի, որոնցից հաղթել է երկուսում, 2023 թվականին ընկերությունը մասնակցել է 7 մրցույթի, որոնցից ոչ մեկում չի հաղթել, իսկ 2024 թվականին մասնակցած 6 մրցույթներից միայն մեկում է հաղթել․ «Կարծում եմ՝ այսքանով պարզ է դառնում հայտերը գնահատող հանձնաժողովի անդամների չկաշկանդվածությունը իշխող խմբակցության ավագանու անդամի՝ տնօրեն հանդիսացող կազմակերպության հանդեպ, որը ըստ ինձ նորմալ է, որ նրանց համար չկա տարբերություն»։
««Գնումների մասին» օրենքը մեր կազմակերպությանը չի արգելում մասնակցել գնումների, ավագանու անդամն էլ աշխատավարձ չի ստանում, համայնքի աշխատակազմում կամ համայնքի ենթակա կազմակերպություններում չի կարող աշխատել, և եթե մասնավոր հատվածում աշխատելն էլ դիտարկվի շահերի բախում, մնում է համալրել գործազուրկների շարքը»,- նշում է Համզյանը։
Համայնքապետարանը պայմանագրեր է կնքել Համզյանին առնչվող այլ ընկերությունների հետ ևս։ 2020 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունվար Խաչատուր Համզյանը եղել է «Իջնախ» ընկերության սեփականատերը։ Այս ժամանակահատվածում ընկերությունը համայնքապետարանի հետ կնքել է 6 պայմանագիր՝ ընդհանուր 5,5 մլն դրամ արժողությամբ։
2024 թվականին 4 պայմանագիր է կնքվել Խաչատուր Համզյանի կնոջ՝ Փառանձեմ Նազինյանի ԱՁ-ի հետ՝ հյուրասիրության կազմակերպման համար։ Այս պայմանագրերի գումարային գինը կազմել է 300 հազար դրամ։
Ավագանու կառավարող խմբակցության մեկ այլ անդամի` Նաիրի Ջանվելյանի ԱՁ-ն էլ 2024 թվականի տարեվերջին 980 հազար դրամով հուշատախտակի և անվանական ծառերի տեղադրման աշխատանք է կատարել։
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը կարծում է, որ այս պայմանագրերում շահերի բախում չկա, քանի որ դրանք կնքվել են անձանց հետ, որոնք համայնքի ղեկավարի կամ նրան փոխկապակցված անձանց հետ փոխկապակցություն չունեն։
«Վկայակոչված անձինք համայնքի ղեկավարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ չունեն գործարար, քաղաքական կամ գործնական կամ անձնական հարաբերություններ: Եվ միայն այն հանգամանքը, որ հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի հայրը կամ կինը, անենևին չի նշանակում, որ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձինք են»,- պատասխանում են համայնքապետարանից։
Սակայն, օրինակ, ավագանու անդամ Խաչատուր Համզյանը համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ ավագանու նույն խմբակցությունից են, այսինքն՝ ունեն քաղաքական հարաբերություն։ Հետևաբար, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքապետը ավագանու անդամի տնօրինած ընկերությունների հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել գրավոր հայտարարություն։
«Ինֆոքոմի» նախկինում հրապարակված համանման հոդվածների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարույթներ և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին ենթարկել վարչական տույժի։
Այսպիսով, չնայած Իջևանի համայնքապետարանը պայմանագրեր է կնքում ավագանու անդամներին առնչվող ընկերությունների հետ, համայնքապետը շահերի բախման իրավիճակ չի տեսնում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտարարություն չի ներկայացնում։ Միաժամանակ, այս ընկերությունները, նրանց հետ կնքված խոշոր պայմանագրերը ներկայացված չեն ավագանու այդ անդամների հայատարարագրերում։
Լիլիթ Գրիգորյան
comment.count (0)