«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ընթացիկ տեղեկատվություն է տրամադրել սեպտեմբերի 29-ին ՀՀ 19 համայնքում տեղի ունեցող ՏԻՄ մարմինների ընտրությունների վերաբերյալ:
«Փարաքար համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար են պայքարում 4 թեկնածու՝ ներկայիս համայնքապետը, երկու ավագանիի անդամներ և համայնքապետի նախկին տեղակալը, քարոզչությունը որոշ իմաստով շարունակվել է ընտրությունների օրը՝ Դավիթ Մինասյանի պաստառներով մեքենան կայանվել էր տեղամասերից մեկի դիմաց, սակայն հեռացվել է դիտորդի և հանձնաժողովի նախագահի հորդորով։ Մեկ այլ տեղամասում Սամվել Վարդանյանի վստահված անձը ընտրողներին բարձրաձայն կոչ է արել քվեարկել Վարդանյանի օգտին։
Ուշադրություն գրավող է եղել Փարաքար և Թաիրով համայնքներով շրջող սպիտակ Hummer մակնիշի ավտոմեքենան, որը կարծես կատարում է թեկնածուներից մեկի շրջիկ շտաբի դերը։
Նույնպես Փարաքար համայնքում արձանագրվել է ընտրողին օգնելու չարաշահման դեպք, երբ տեղամասային կենտրոն տարեց կնոջը բերած երիտասարդը քվեարկությունը կատարել է չսպասելով կնոջ քվեախցիկ մտնելուն և հեռացել՝ «տատիկին» թույլ տալով ինքնուրույն հեռանալ տեղամասից։
Ծանոթ արատավոր պրակտիկայի ևս մի օրինակի է ականատես եղել մեր դիտորդը Արևաբույր համայնքում․ տեղամասի մոտակայքում ընտրողը հետաքրքրվել է թեկնածուից՝ որքա՞ն է նա պատրաստ վճարել 10 ձայնի համար։ Գուցե դիտորդի ներկայությունը նկատելով թեկնածուն առաջարկել է ընտրողին վճարել «հարգանքով»։
Արտաշատ համայնքում նույնպես արձանագրվել են քարոզչության կանոնների խախտումներ, որոնք սակայն վերացվել են։ Տարածված է տեղամասային կենտրոնի տարածքում կամ քվեարկության սենյակում ոստիկանների կամ կողմնակի անձանց (դպրոցի պահակ ևն, ևն) ներկայությունը։
Զարթոնք համայնքում տեղամասի շրջակայքից բերման է ենթարկվել այլ համայնքի մի բնակիչ, ով վիրավորական արտահայտություններ էր հասցնում ոստիկանների նկատմամբ՝ ի պատասխան տարածքից հեռանալու իրենց պահանջի»,- ասված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
comment.count (0)