Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը․ «Սասնա Ծռեր»-ը նոր հայտարարություն է տարածել
10:58 - 03 փետրվարի, 2020

Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը․ «Սասնա Ծռեր»-ը նոր հայտարարություն է տարածել

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել Արցախյան հարցի բանակցությունների թեմայով։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև․

«Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը

Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների որոշ դրույթների մեկնաբանությունների կատարման կամ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ պայմանները, որ առաջադրում է գործող իշխանությունը, ընդամենը խիստ կասկածելի մարտավարական հնարքներ են:

Այդ հնարքները միգուցե որոշակի ժամանակ շահելու հնարավորություն կտան, սակայն երևույթը ռազմավարական առումով էլ ավելի կխորացնի ճգնաժամը և հավելյալ մարտահրավերներ կառաջացնի Հայաստանի (Արցախը ներառյալ) համար: Մասնավորապես, արդեն տեսնում ենք, թե ինչպես է հանուն Արցախի մասնակցության պաշտոնական Երևանի խրախուսմամբ տեղի ունեցող Արցախի հավելյալ սուբյեկտացումը Մոսկվան օգտագործում այն Հայաստանից պոկելու և աբխազացնելու նպատակով:

Վերը նշվածի հաշվառմամբ, Արցախի հարցով բանակցությունների հետ կապված գործող իշխանությանն առաջադրում ենք հետևյալ հարցերն ու պահանջները.

1) Գործող իշխանության օրոք ինչ հարցեր են քննարկվել բանակցությունների ընթացքում և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

2) Բանակցությունների նախապայման դարձնել 2016 թ. Ապրիլյան պատերազմի հետևանքով կորցրած 18 դիրքերի և տարածքների վերադարձը՝ մինչ այդ եղած վիճակը վերականգնելու նպատակով: Ադրբեջանը պետք է պատասխան տա և հատուցի պատերազմ հրահրելու և հրադադարի գիծը խախտելու համար:

3) Բացահայտել նախորդ ռեժիմների վարած բանակցությունների բովանդակությունը, այդ թվում՝ նրանց դավաճանական քայլերը և համաձայնությունները (որոնց մասին բարձրաձայնում է նաև գործող իշխանությունը): Մասնավորապես, թե ինչպես է Սերժ Սարգսյանը համաձայնել և փորձել հանձնել 5 կամ 7 շրջաններ: Այդ բացահայտումը ցույց կտա, թե ինչպես տեղի ունեցավ Ապրիլյան պայմանավորված պատերազմը և թե ինչու տեղի ունեցավ Սասնա Ծռերի ապստամբությունը:

4) Ամբողջացնել գործող իշխանության՝ տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը: Այդ համատեքստում հրաժարվել Արցախի ինքնորոշման հայեցակետի վրա հիմնված ռազմավարությունից, քանի որ այն բազմաթիվ առումներով խիստ խոցելի է, ըստ էության հաստատում է Ադրբեջանի գոյություն չունեցող տարածքային ամբողջականությունը, որից հետո արդեն ստորադասվում է դրան, ինչի պատճառով գործնականորեն զրոյացնում է միջազգային-իրավական տեսակետից Արցախի ինքնորոշումը հիմնավորելու հնարավորությունը: Բնականաբար՝ հարկ կլինի նաև պաշտոնապես հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, քանի որ դրանք հենց տարածքներ զիջելու նպատակ են հետապնդում և, ըստ էության, արդեն գործնականորեն մերժվել են ՀՀ ներկայիս մոտեցումներով:

5) Փոխարենը հայտարարել Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության մասին և որդեգրել նրա բռնազավթված տարածքն ազատագրելու հայեցակետի վրա հիմնված ռազմավարություն, որի հիմքերը լիուլի բավարար են միջազգային-իրավական տեսակետից Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տիտղոսը և իրավազորությունը վերահաստատելու համար»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել