Իշխանությունը փորձում է մանիպուլացնել ԵԽԽՎ համազեկուցողների իրական նպատակը. Անի Սամսոնյան |tert.am|
11:51 - 01 փետրվարի, 2020

Իշխանությունը փորձում է մանիպուլացնել ԵԽԽՎ համազեկուցողների իրական նպատակը. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Ակնհայտ է, որ շատ կոշտ հայտարություն են ներկայացրել ԵԽԽՎ համազեկուցողները, որում կան մի շարք ակնարկներ, որոնք վկայում են, որ ՀՀ միջազգային վարկը՝ ժողովրդավարության առումով վտանգի տակ է: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների՝ Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությանը:

Սամսոնյանի խոսքով՝ համազեկուցողների արձանագրությունն առ այն, որ Հայաստանում իշխանության երեք ճյուղերի միջև բարձր լարվածություն կա, հատուկ է նշվել «բարձր» բառը՝ նպատակ ունենալով հասկացնել թե՛ իշխանություններին, թե՛ հասարակությանը, որ սա վտանգ է երկրի ժողովրդավարության և ինստիտուտների գործունեության անվտանգության համար:

«Հիշեցնում են ինստիտուտների հավասարակշռման և զսպման մեխանիզմների մասին, դրանց գործունեության նկատմամբ հարգանքի անհրաժեշտության մասին, որով ցանկանում են ակնարկել, որ քաղաքական իշխանությունները խախտում են իշխանությունների տարանջատման կարևորագույն սկզբունքը»,-նշեց պատգամավորը:

Վերջինս ընդգծեց, թե իշխանության ներկայացուցիչները հայտարարությունը ներկայացնում են հատվածական.

«Հայտարարությունում ասվում է, որ մինչ այսօր իշխանությունը պահպանում է իրավիճակի հանգուցալուծման իրավական ճանապարհը, և մեր իշխանական գործընկերները զեկույցի հենց այս մասն են դուրս բերում՝ փորձելով դրա շուրջ կառուցել զեկույցի ամբողջ միտքն ու իմաստը, և հանրությանը ներկայացնել, թե համազեկուցողները ողջունում են նրանց բոլոր գործողությունները: Բայց համազեկուցողները նկատի ունեն, որ եթե ՍԴ դատավորները չօգտվեն այդ հնարավորությունից, մնացած բոլոր ճանապարհները կհամարվեն ոչ իրավական, և պետք է կանգ առնել, չշարունակել: Նրանք նկատի ունեն, որ ներկայումս քաղաքական գործիչներն անում են հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղված են դատական իշխանության դեմ, ինչը շատ մտահոգիչ է»:

Սամսոնյանն ընդգծեց նաև, թե վերջին մեկ տարվա ընթացքում այդ մտահոգությունները հայտնել է նաև «Լուսավոր Հայաստան»-ը՝ նշելով, որ քաղաքական իշխանությունն իր քաղաքական կոչերով և հայտարարություններով խիստ վնասում է դատական համակարգի հեղինակությանն ու խախտում իշխանությունների տարանջատման սկզբունքը:

Սամսոնյանը կարևորեց, որ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ նշվել է, որ Եվրոպայի խորհուրդը ներգրավված է Հայաստանում կատարվող մի շարք բարեփոխումներում, որոնցում ցուցաբերում է իր աջակցությունը, և այս վարքագիծը շարունակելու դեպքում Հայաստանը կարող է կորցնել նաև այդ աջակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել