armenpress.am։ Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը ներառում է նաև հարցը հանրաքվեով լուծելու հնարավորություն: Այս մասին ասաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը:
«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկվում և ընդունվում է երկրորդ ընթերցմամբ, և կանոնակարգ օրենքի կարգավորումն այնպիսին է, որ մինչև երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվելը, նախագիծը գնում է ՍԴ՝ եզրակացության: Դրանից հետո, եթե երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում չի ընդունվում, դրվում է հանրաքվեի»,- ասաց Կարապետյանը:
Նա չնշեց՝ արդյոք հարցը կդրվի հանրաքվեի, թե ոչ, բայց շեշտեց, որ նախագծին ՍԴ ուղարկելու մասին որոշումը և հանրաքվեի դնելու մասին որոշումը կցելն աշխատակարգով սահմանված պարտադիր պահանջ է:
«Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստից հետ էր կանչել ՍԴ նախագահի ու անդամների վերաբերյալ նախագիծը, և նոր նախագիծ դրել շրջանառության մեջ, որի համահեղինակներն են խմբակցության 44 պատգամավորները:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:
Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:
comment.count (0)