Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)
23:48 - 13 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)

23։35- Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. Բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև«Գլորիայի» իտալացի աշխատակցինը։ [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]

22:00- Վանաձորում կորոնավիրուսի թետավորում անցնող 5 անձանցից 4-ն ազգությամբ հայ են, մեկը՝ իտալացի։ 2-ը ամուսիններ են, որոնք վերադարձել են Իտալիայից. երեկվանից հիվանդանոցում են, պրոֆիլակտիկ ստուգվում են և սպասում են թեստի արդյունքներին։ [Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան]


21:22- Մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ախտահանիչ միջոցառումներ են իրականցվել Շիրակի մարզի ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում։


21:03- Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: [ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան]


20:02- Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը բնականոն հունով ընթանում է։ Արցախում իրավիճակը տագնապալի չէ, կորոնավիրուսի որեւէ դեպք չի արձանագրվել եւ այս պահի դրությամբ քարոզարշավը դադարեցնելու կամ ընտրությունները հետաձգելու մասին որեւէ քննարկում չկա։ [Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան] 


19:35- Մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ: Այս պահի դրությամբ որոշում չունենք մշակութային օջախների, հաստատությունների փակման վերաբերյալ։ Կոչ ենք անում, որ մեր հայրենակիցներն առավելագույնս զերծ մնան խոշոր կուտակումներից, մինչև հաջորդ ցուցումները կլինեն: [Արայիկ Հարությունյան]


19:12- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում հնարավորության դեպքում առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև այլ հանրային տարածքներ այցելելուց:


19:03- մարտի 15-ին` Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին, «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան։ Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում: Թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.
1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ
2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ
3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներ։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]


18:38- Հայկական պետական մանկավարժական համալսարանը կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անցնում է առցանց ուսուցման:


18:25- Արցախի կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցվել են մեկ շաբաթով:


17:37- ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները:

 

17:35- Հաշվի առնելով Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ մարտի 12-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնում է միայն նախնական գրանցման դեպքում։ Պետք է նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին՝ [email protected]։

 

17:32- Մամուլում տարածված տեղեկությունը, թե իբր Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։ Վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը հայտնեց, որ աշխատակիցներից որևէ մեկը հիվանդանոց չի տեղափոխվել, և որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ |armenpress.am|

 

17:30- Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը: [Ալինա Նիկողոսյան]

 

17:25- Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում: [ԱՆ]

 

17:15- Արցախի Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը նշելէ, որ Արցախում կորոնավիրուսի վարակվածության դեպքեր չեն գրանցվել, բնակիչների շրջանում խուճապային իրավիճակ չկա։ Արցախում աշխատում են ուսումնական հաստատությունները։ |hetq.am|

 

17:10- Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է պաշտոնական այն աղբյուրները, որտեղից կարելի է ստանալ ստուգված և ճշգրիտ տեղեկություն վիրուսի մասին։

  • Առողջապահական համաշխարհային կազմակերպություն- who.int
  • Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը- coronavirus.jhu.edu և worldometers.info
  • ՀՀ Առողջապահության նախարարություն- moh.am
  • ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը- ncdc.am

 

16:50- ԱԺ աշխատակազմը պլանավորել և  իրականացնելու է հակահամաճարակային հետևյալ գործողությունները.

  • բոլոր մասնաշենքերի եւ անցակետերի ախտահանում,
  • բոլոր աշխատակիցների ջերմության ստուգում օրական 3 անգամ,
  • վերջին ամիսներին արտերկիր մեկնած աշխատակիցներին տնային պայմաններում առցանց
  • աշխատելու թույլտվություն,
  • դիմակների ձեռք բերում եւ անվճար տրամադրում աշխատակիցներին եւ պատգամավորներին։

 

16։30- Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է մարտին համերգային դահլիճում նախատեսված բոլոր միջոցառումները։ Թանգարանի ցուցասրահները կշարունակեն աշխատել իրենց բնականոն ռեժիմով: |armenpress.am|

 

16։00- Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Ամերիաբանկը որոշել է բանկի բոլոր ֆիզիկական անձ  և անհատ ձեռնարկատեր հաճախորդներին մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:  Նրանք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները։ Վարկերի տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի։

 

15։45- «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի  գրասենյակը կորոնավիրուսի տարածման վտանգը կանխելու, իսկ տարածման պարագայում իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան է ուղարկվել մեծ քանակով կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ: |armenpress.am|

 

15:25- Հաշվի առնելով Իսպանիայում կորոնավիրուսի տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ մարտի 16-ից Իսպանիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում։ Անհրաժեշտ  է նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը [email protected] էլ-փոստի հասցեին։

 

15:17- 8 վարավածներից 5-ը նույն շրջանակից են։ Համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը։ [Արսեն Թորոսյան]

 

15:15- Մեկուսացված անձանց շրջանակից 2 դրական հաստատված թեստ ունենք։ Այս պահին նրանք իրենց լավ են զգում։ Նրանց ընտանիքներն արդեն մեկուսացված են։ հետևաբար այս պահին մենք ունենք 8 հաստատված դեպք։ [Արսեն Թորոսյան]

 

14։50- Արսեն Թորոսյանը նշել է, որ կորոնավիրուսով վարակված 6 հոգուց 5-ն իրենց լավ են զգում, մեկ անձի մոտ առկա է թոքաբորբ, սակայն առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել: Երեկվանից համապատասխան քայլեր են իրականացվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձանց շրջանակը պարզելու և մեկուսացնելու ուղղությամբ: Դեղորայքի և բժշկական պարագաների դեֆիցիտ պետությունը չունի, առկա է նաև դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ, որի միջոցով էլ բժշկական հաստատությունները համալրվում են: Քայլեր են ձեռնարկվում դիմակների նոր խմբաքանակ ներկրելու ուղղությամբ: |tert.am|

 

14:35- Կորոնավիրուսով պայմանավորված՝ ԶՈւ-ում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Զինծառայողների մոտ որևէ խուճապ չկա։ Էապես սահմանափակվել են քաղաքացիական անձանց մուտքը զորամասեր, նույնիսկ՝ ՊՆ վարչական համալիր։ Հորդորում ենք, որ զինծառայողների և հարազատների միջև տեսակցություններ չկատարվեն, նույնիսկ հետաձգվել են զորամասերում նախատեսված բոլոր միջոցառումները։ [ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյան] |24news.am|

 

14:25- Հաշվի առնելով կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ջայ Ջագաթ քայլարշավը ժամանակավորապես դադարեցնում է իր միջոցառումները Հայաստանում: Քայլարշավի հետագա ընթացքի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ ելնելով առաջիկա զարգացումներից, Հայաստանի կառավարության հետ համաձայնեցված ընթացակարգով:

 

14:20- Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից: Վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը՝ բացառելով կանխիկի հետ շփումը, նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը

 

14:10- Ելնելով կորոնավիրուսի տարածման վտանգից՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարում է, որ չեղարկվում են մինչև մարտի 25-ը պլանավորված Հայաստանի բոլոր առաջնությունները:

 

14:05- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակլով  վարկերի տոկոսների մարումը սառեցնել առնվազն 3 ամսով: Նա Կենտրոնական բանկի նախագահին ուղղված գրություն է պատրաստել, որով առաջարկում է քննարկել այս հարցը և Հայաստանում գործող բոլոր կոմերցիոն բանկերին, ունիվերսալ վարկային կազմակերպություններին հորդորել լուծումներ գտնել, որ առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցվեն: |tert.am|

 

13:52- Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն անցել է հեռավար սպասարկման: Բյուրոյի հետ կապված բոլոր հարցերով պետք է զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (011) 551755 ներքին՝ 108, 119,124, 130 կամ 132, և պահանջը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ հաղորդագրության մեջ նշելով հեռախոսահամարը։

 

13:50- Կորոնավիրուսը,  ի տարբերություն մյուս շնչառական վարակների, ընթանում է չոր, ոչ խորխային հազով, և այս դեպքում թոքաբորբն ավելի դանդաղ է զարգանում: Ախտանշանների դեպքում մենք բոլորին խնդրում ենք, հորդորում ենք, որ հնարավորինս շուտ դիմեն բժիշկներին, ինքնաբուժությամբ չզբաղվեն, ինչը վտանգավոր է: Բժշկի զննելուց և նշանակումից հետո նոր միայն պետք է բուժում ստանալ։ Ջերմություն ունենալու դեպքում չպետք է ընդունել ջերմությունն իջեցնող դեղեր: [ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյան] |armenpress.am|

 

13։35- Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ուղևորահոսքի զգալի նվազում է նկատում, դրա վնասների մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է համարում: Նրա խոսքով՝ խնդիրը միայն Հայաստանում չէ: Մյուս պետությունները շատ ավելի մեծ վնաս են կրել: |armenpress.am|

 

13։30- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը: Մարտի 13-ին կայանալիք «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների» նոր նախագծի մեկնարկը, ինչպես նաև առաջիկա կրթական ծրագրերն առայժմ հետաձգվում են: Չեղարկվում են նաև Կենտրոնի մարտ ամսվա համերգային ծրագրերը։

 

13։10- ՀՖՖ-ն կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են:

 

13։06- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված, որի մասին հայտարարել են, քանի որ խոսքը խոցելի խմբերի մասին է: Նրա խոսքով` նոր վարակակիր չկա: |shantnews.am|

 

13։04- Մեզ տնտեսվարողները հայտնում են, որ միտում կա դիմակների գների նվազեցման, որովհետև Չինաստանն էլ է առաջարկ արել վաճառքի: Այս պահին գինը մի փոքր բարձր է, շուկայում մեծածախով կա 150-200 դրամ: Եթե պետությունը կարիք ունենա, ձեռքբերման հնարավորություն ունենք, բավականաչափ խմբաքանակ մտել է ՀՀ, նաև որոշակի փոքր լոկալ արտադրություններ են սկսել տնտեսվարողները, շատ փոքր իհարկե, բայց գինը 200 դրամ է կազմում։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան] |tert.am|

 

13։02- Ալկոգելի մասով ասեմ, որ երեկ հանդիպում ենք ունեցել ներքին արտադրողների հետ. օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում, խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, արագ վերջանում է: Եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ ունենք: [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան] |tert.am|

 

13։00- Դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվել է առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով, ինչպես նաև դատարաններից ստացված դիմումների հիման վրա: |armenpress.am|

 

312:45- Հորդորում եմ, որ ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից, ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան։ Կոչ եմ անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, հաճախակի ախտահանել ձեռքերը և ձեռքերով հաճախ հպվող առարկաները, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։ [Արարաատ Միրզոյան]

 

12:37- Կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց  և դրանց մասնակցելուց մանավանդ այն հայրենակիցներին, ովքեր ունեն որոշակի ախտանիշներ։ [Նիկոլ Փաշինյան]

 

12:35- Այսօր կորոնավիրուսի վերաբերյալ սպասում ենք լավ նորության․ կհետազոտվեն դեռևս մարտի մեկին մեկուսացված մեր հայրենակիցները։ Ամենայն հավանականությամբ նրանց մոտ կլինի բացասական եզրակացություն, և նրանց կճանապարհենք իրենց տուն։ [Նիկոլ Փաշինյան]

 

12:30- Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական համակարգի գործունեությունը կդադարեցվի, դասեր չեն լինի։ [Նիկոլ Փաշինյան]

 

12:27- Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի շուրջ արտակարգ խորհրդակցությունից հետո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ գերատեսչությունների աշխատանքի ռեժիմն առցանց դարձնելու վերաբերյալ քննարկում եղել է, բայց համատարած որոշում չկա։ |civilnet.am|

 

12:25- Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իտալիայից Հայաստան վերադարձողների մեջ տարբեր խմբի մարդիկ են՝  զբոսաշրջիկնրեր, ուսանողներ ևայլք։  Ռևազյանը նշել է, որ Հայաստանի օդային սահմանները փակելը ավելի կբարդացնի իրավիճակը, քանի որ այդ պարագայում չվերթները պետք է իրականացվեն տրանզիտով։

 

12։20- Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ։ Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ։ [Զոհրաբ Մնացականյան]

 

12։15- Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կիրակի օրը Իտալիայից Հայաստան ժամանողներն այն մարդիկ են, որոնց նկատմամբ Հայաստանն ունի պարտավորություններ։ Սինանյանը հորդորեց լրագրողներին սպասել պաշտոնական հայտարարության, հավանաբար  հայտարարությամբ հանդես կգա նաև Նիկոլ Փաշինյանը։

 

12:10- Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ ս.թ. մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ։ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը: Դեսպանատունը հորդորում է Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին (ռեզիդենտ) կանգնել հյուպատոսական հաշվառման:

 

12։00- Ֆինանսական համակարգի հաշտարարը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իր հաճախորդներին առաջարկում է բողոքը ներկայացնել հեռակա կարգով՝ առանց գրասենյակ այցելելու։ Հաճախորդները կարող են զանգել 060 70-11-11 հեռախոսահամարով կամ հարցումններն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

 

11:30- Երեկ ուսումնական հաստատություններում ախտահանիչ միջոցառումներ են իրականացվել: Մեզ մոտ նույնպես նմանատիպ գործողություններ ենք իրականացրել, և շենքի տարբեր հատվածներում դրված են «ալկոգելի» սրվակներ: Էջմիածնում ունենք մեկ ներքաղաքային տրանսպորտի գիծ, որով երթևեկող մեքենաները երեկ, ինչպես նաև այսօր առավոտյան, ախտահանիչ միջոցներով մաքրվել են։ [Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից] |armenpress.am|

 

11:20- Արտերկրից ժամանողները սահմանային բոլոր անցման կետերում ջերմաչափվում են, խնդիրների դեպքում հոսպիտալացվում են: Եթե ախտանշանները բացակայում են, մեկուսացվում են տան պայմաններում։ Ինքնամեկուսացում ասվածը ինքնանպատակ չէ, այն նախատեսված է տվյալ անձի առողջական վիճակի վերահսկողության ապահովման, ինչպես նաև միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար։ [ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյան] |armenpress.am|

 

11։15- Հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման ռիսկերն ու վտանգները՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և  Պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր: Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

 

11։10- Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: [ԱՆ]

 

10։40- Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի փոխանցմամբ՝ կիրակի օրը  Իտալիայից Երևան են ժամանելու ավելի քան 100 հոգի։ |factor.am|

 

10։25 - Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքերով պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ստեղծվել է աշխատանքային թիմ, որի առաջին նիստը տեղի է ունեցել մարտի 12-ին։ Վերջին երկու շաբաթների ընթացքում ռիսկային երկրներից մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ, որոնցից այս պահի դրությամբ հսկողության տակ են գտնվում 4-ը:

 

10։15- Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։ Կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ձեռնարկվել և շարունակաբար իրականացվելու են անազատության մեջ պահվող անձանց կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ ու պաշտպանիչ միջոցառումներ։

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել