Կառավարող ուժը կարող է տուժել թե հանրաքվեն հետաձգելու, թե անցկացնելու դեպքերում |lragir.am|
09:43 - 16 մարտի, 2020

Կառավարող ուժը կարող է տուժել թե հանրաքվեն հետաձգելու, թե անցկացնելու դեպքերում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։

Պարոն Սահակյան, որքանո՞վ է ՀՀ կառավարությունը պատրաստ հակազդելու կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը։

Հույս ունեմ, որ պետական ապարատն այնպես կաշխատի, որ մեզ մոտ բանը համաճարակի չի հասնի։ Տնտեսական առումով, վարչապետը մի քանի անգամ նշել է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճգնաժամից օգուտ քաղած դուրս գանք։ Իրոք, ճգնաժամային ցանկացած իրավիճակ զարգացման հեռանկարներ է բացում։ Այլ բան, որ նույնիսկ ուղիղ տարածքում է կառավարությունը պարբերաբար սայթաքում, ինչ մնաց զարգացման նոր ճանապարհներ գտնի ճգնաժամային իրավիճակներում։ Դրա համար, նվազագույնը, պետք է զարգացման հայեցակարգ ունենալ, որ աշխարհում նկատվող միտումները կարողանաս ի նպաստ քո ծրագրերի իրականացման օգտագործել։

Երբ դու նույնիսկ չգիտես՝ ուր ես գնում, շատ դժվար է տնտեսական խառնաշփոթում ճիշտ որոշումներ կայացնել։ Սա նման է վիճակի, երբ ճանապարհին անծանոթ ճանապարհորդը գնում է ուր աչքը կտրի և այդ պահին ավերիչ փոթորիկ է սկսում։ Երբ դու գիտես վերջնակետդ, կարող ես շրջանցել փոթորիկն այնպես, որ նույնիսկ ավելի շուտ հասնես նպատակակետիդ․ անես այն, ինչ ստանդարտ իրավիճակում չէիր անի։ Երբ հայտնի չէ, թե ուր ես գնում, վտանգը մեծ է, որ խուճապահար սխալ ուղղությամբ կգնաս։

Այս պահին տեսանելի ուղղությունները տուժելու են։ Օրինակ, կառավարությունը դժվար թե այս տարի կարողանա պարծենալ տուրիստների թվի աճով ու դրանից բյուջե մուտքագրվող միջոցներով։ Մնացած առումներով, այս պահին, զուտ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն ավելի շուտ սպեկուլյատիվ խաղերի հետևանք է, քան իրական լուրջ խնդիրներ։ Հուսանք, համաշխարհային տնտեսությունն իր մեջ դրանց դիմակայելու ռեսուրս կգտնի։

Տնտեսագետները նշում են, որ կառավարությունը պետք է անցնի կառավարման արտակարգ ռեժիմի։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, թե ոչ։

Կարծում եմ՝ կառավարությունն առանց կորոնավիրուսի առաջացրած վտանգի էլ պետք է անցներ աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Դեռ հեղափոխական գործընթացներից հետո կարիք կար տնտեսությունը, դրան վերաբերող օրենսդրական դաշտը համապատասխանեցնել ներկա իրողություններին։ Դրա փոխարեն որդեգրվեց նախորդ կառավարության տնտեսական կուրսը։ Մարդիկ սխալմամբ կարծում էին, թե որ Բաղրամյան տարվող ճամպրուկները վերացնեն ու կոռուպցիան պակասեցնեն, մյուս պայմանների անփոփոխության դեպքում հնարավոր էր այլ բան ստանալ, քան կար առաջ։ Բայց հարցրեք տնտեսվարողներին՝ օրենսդրական դաշտը ստեղծված է կոռուպցիոն համակարգի բնականոն կենսագործունեության համար։

Հանում ես կոռուպցիան, ու արդար աշխատողների համար բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնք կառավարության նման ակտիվությամբ կամ պասիվությամբ պայմանավորված, զարգացման խոչընդոտներ դառնում, անարդարության զգացողություն են թողնում։ Այս մոտեցումը ձեռնտու է առավելապես նրանց, որոնք ճամպրուկներով փող էին տանում Բաղրամյան 26։ Մանր ու միջին ձեռնարկատերը դա չէր անում, հետևաբար, իր համար դրական ոչ մի բան չփոխվեց։ Փոխարենը նա խճճվեց կոռուպցիա ծնող հարկային օրենսդրության խրթին միջանցքներում և, պատկերավոր ասած, զրկվեց կոռուպցիայի միջոցով այդ միջանցքների լուսավորումից։

Այ, նման հարցերը լուծելու համար էլ պետք է կառավարությունը արտակարգ ռեժիմով աշխատեր և արդեն գտած լիներ շատ հարցերի լուծումներ։ Սա նաև կբարձրացներ ճգնաժամերի նկատմամբ տնտեսության դիմադրողականությունը։ Երբեք էլ ուշ չէ սկսել խնդիրները լուծել։ Ինչքան ուշ սկսեն, այնքան արտակարգ ռեժիմով աշխատելու անհրաժեշտությունն ավելանալու է։

Այս օրերին կարծիքներ են հնչում հանրաքվեն չեղարկելու կամ հետաձգելու վերաբերյալ։ Դուք ի՞նչ եք կարծում այս հարցի առնչությամբ։ Չհետաձգելու դեպքում ակնհա՞յտ է, որ այն կձախողվի։

Ակնհայտ է, որ կառավարությունը մեծ հավանականությամբ կտուժի թե՛ հետաձգելու դեպքում, թե՛ սահմանված ժամկետում այն անցկացնելու դեպքում։ Ես դեռ չեմ խոսում չեղարկելու մասին։ Չհետաձգելու դեպքում վտանգ կա, որ հանրաքվեն կհամընկնի հիվանդության տարածման պիկի հետ և հնարավոր չի լինի քաղաքացիներին համոզել գալ ընտրատեղամասեր։ Սա կարող է զգալիորեն բարդացնել անհրաժեշտ քանակով ԱՅՈ-ի կողմ ձայներ ստանալը, ինչն առանց այդ էլ ամենահեշտ գործերից չէր։ Իսկ այս պայմաններում ընտրատեղամասեր գալ համոզելու դեպքում հետևանքներն ավելի վատ կլինեն։

Հետաձգելու դեպքում վտանգ կա, որ կառավարող ուժի հեղինակությունը կտուժի այն առումով, որ մարդկանց ենթագիտակցության մեջ նրանք ձախողակի տպավորություն կթողնեն, հետևաբար, ավելի քիչ վստահության քվե կունենան հաջորդ ընտրություններում։ Օրինակ, ինձ, որպես մի քաղաքացու, Սերժ Սարգսյանի կառավարման ողջ ընթացքում չի լքել տպավորությունը, որ նրանք ձախողակների հավաքածու են։ Ոչ մի կարևոր գործ այդպես էլ չհաջողեցին։ Սկսած ֆուտբոլային դիվանագիտությունից, մինչև ներքաղաքական վերջին հարցը նրանք, խոշոր հաշվով, ձախողեցին։ Ինչպես դասականը կասեր, խիարը միշտ թարս էր բուսնում։

Միայն սեփական քաղաքացիների ձայնը ճնշելն էր ստացվում, այն էլ ի՜նչ թանկ գնով։ Այնպես չէ, որ դա հստակ ձևակերպվել էր այն ժամանակ և այնպես չէ, որ նոր կառավարության դեպքում է դա ձևակերպվելու։ Դա ավելի շատ ենթագիտակցական մակարդակում նստվածք տվող զգացողություն է։ Այստեղ միակ լուծումը համաճարակը կանխելն է, հիվանդության օջախը տեղայնացնելը և հանրաքվեն սահմանված ժամանակում իրականացնելը։

Ժամանակը ցույց կտա, թե կառավարությունը որքանով դա կհաջողի։ Թույլ կտամ կանխատեսել, որ ճգնաժամային վիճակներում ապրելու ու գործելու հանրության անփորձության պատճառով շատ դժվար կլինի արդյունավետ պայքարել հիվանդության տարածման դեմ, և հանրաքվեն, ի վերջո, կհետաձգվի։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել